Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար. «Բոլոր տարածաշրջաններում մարդու իրավունքների խախտումներից տուժողներն ունեն Միջազգային քրեական դատարանի ավելի մեծ դերակատարության կարիք»
11:28, November 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր ինտերնետային կայքի գործարկման կապակցությամբ տված այս բացառիկ հարցազրույցում արքայազն Զեիդ Ռաադ Զեիդ Ալ-Հուսեյնն անդրադարձել է աշխարհի առջև կանգնած հրատապ խնդրին՝ հաղթահարել մարդկանց նկատմամբ խտրականության աճող դրսևորումները, զրկանքները, նվաստացումները և մեկուսացումը և իրագործել նրանց իրավունքները, այդ թվում՝ արդար և անկողմնակալ օրենքի գերակայության նրանց իրավունքը: Հորդանանի արքայազն Զեիդը, ով կարևոր դերակատարում է ունեցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադրման վաղ փուլում, ընդգծում է, որ համաշխարհային առաջնորդները պետք է չգայթակղվեն մեկուսացվածության և քավության նոխազ փնտրելու վրա հիմնված գործելակերպով և միավորվեն՝ խնդիրներին իրական լուծում տալու ուղղությամբ միասին աշխատելու համար: Մենք միանշանակ համաձայն ենք նրա հետ:
Շատերին թվում է, որ աշխարհն այս կամ այն պատճառներով կրկին հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող իրավիճակում. Ինչպե՞ս կարող էր դա պատահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ ունենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բազում օրենքներ և իրավապաշտպան հաստատություններ:
Այս հարցի պատասխանը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ: Պարզ է, քանի որ, անշուշտ, օրենքների և հաստատությունների առկայությունն ինքնին բավարար չէ. այդ օրենքները պետք է լիարժեք պահպանվեն արարքներում, քաղաքականության մեջ և գործնականում: Իսկ դա կարող է լինել բարդ: Կարելի է կազմել միջազգային կոնվենցիաներ, գումարել գագաթնաժողովներ և քվեարկության դնել ամպագոռգոռ բանաձևեր, բայց եթե մեր գործողությունները չլինեն համաձայնեցված, ապա այս ամենը գրեթե ոչ մի արդյունք չի տա:
Մենք ապրում ենք արտասովոր տարիմաստությունների դարաշրջանում: Միևնույն ժամանակ, կան շրջադարձային համաձայնագրեր, որոնք կարող են վերափոխել միլիոնավոր մարդկանց մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Նման փաստաթղթերից է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման օրակարգ 2030» փաստաթուղթը, որը տալիս է դրական փոփոխությունների հսկայական հույս: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, բոլոր տարածաշրջաններում առանձին պետությունների քաղաքական առաջնորդները երես են թեքում համագործակցային լուծումներից՝ էլ ավելի խորանալով մեկուսացվածության և քավության նոխազ փնտրելու վրա հիմնված գործելակերպի մեջ:
Համաձայն եմ, որ մենք ականատես ենք վախով պայմանավորված առանձին իրադարձությունների, և որ դրանք նպաստում են թշնամության խորացմանը: Նման անկազմակերպության համատեքստում ոմանք կսկսեն փնտրել քավության նոխազ իրական խնդիրներին անդրադառնալու փոխարեն, որոնք հատկապես բխում են ժողովրդավարական կառավարման, հիմնական ազատությունների պաշտպանության և հանրային երկխոսության մեջ արդեն երկար ժամանակ տեղ գտած թերություններից: Իրենց համայնքներին և երկրներին ծառայելու, ժողովրդի իրավունքները հարգելու, նրանց մտավախությունները ցրելու և կառավարման համակարգը բարելավվելու փոխարեն քաղաքական առաջնորդներից ոմանք ավելի դյուրին են համարում վրդովեցնել ժողովրդին թշնամիների, ցանկալի է՝ խոցելի և անզոր թշնամիների շինծու տեսլականով: Այնպես որ, այո՛, համաձայն եմ, որ 1930-ականներին Եվրոպայի վիճակին ներկայիս վիճակի նմանեցումը կարող է տեղին լինել:
Թշնամանքի, աճող բռնության և մեկուսացվածության մտածելակերպի այս միտումը խորապես խարխլում է բազում ոլորտներում գործունեություն ծավալող հաստատությունների աշխատանքը և գործունեությունը: Այն հանգեցնում է ճգնաժամի վերջին յոթանասուն տարվա ընթացքում Պետությունների կողմից հիմնված միջազգային ինստիտուտներից շատերի օրինաչափության մասով: Բոլորովին վերջերս ականատես ենք եղել երեք երկրի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունից (Հռոմի ստատուտ) դուրս գալու մտադրության հայտարարությանը: Պարզ է, որ այս մտադրությունը բխում է բարդ քաղաքական օրակարգերից, սակայն իմ կարծիքով գործոններից մեկը՝ ուրիշներին՝ կողմնակի անձանց տարբեր սոցիալական խնդիրների համար մեղադրելու այս ձգտումն է: Սա խիստ մտահոգիչ երևույթ է:
Վերջերս խիստ հայտարարություններ եք արել «խաբեության, մոլեռանդության և էթնիկ ազգայնականության դրսևորումներով» պայմանավորված և պոպուլիստականառաջնորդների կողմից հրահրված պատերազմների մասին: Ի՞նչ դերակատարում ունի ՄՔԴ-ն նման միտումները հաղթահարելու և կանխելու գործում:
Ես խոսել եմ ոչ միայն պատերազմների, այլև բռնությունների մասին, որոնք հրահրվում են քավության նոխազ փնտրելու վրա հիմնված գործելակերպի և ատելության այս ալիքով: Խոսել եմ առօրյա կյանքում գործադրվող բռնության մասին, երբ մարդկանց ծեծում են փողոցում օտար լեզվով խոսելու կամ անգամ պարզապես տարբերվող տեսք ունենալու համար, և կառուցվածքային բռնության մասին՝ խտրականության և մեկուսացման իմաստով, որը մարդկանց խրախուսում է կազմել պաշտպանական համայնքներ և մեծացնում է դժգոհությունը:
Հռոմի կանոնադրության ընդունմամբ գործարկվող հաշվետվողականության համակարգն ապահովում է, որպեսզի նման խախտումները և ոտնահարումները ճնշվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, իսկ դրանցից տուժողներն օգտվեն իրենց իրավունքների պաշտպանության իրավական միջոցից: Օրենքի գերակայության սկզբունքի պահպանման վրա պնդելը հանդիսանում է մեր համատեղ գոյությունը պահպանելու կարողության գրավականը: Ուստիև, խորապես համոզված եմ, որ ներկայիս համատեքստում աշխարհի բոլոր տարածաշրջաններն ունեն ՄՔԴ-ի ավելի մեծ դերակատարության կարիք:
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք լրատվամիջոցները բավականաչափ ջանքեր են գործադրում պոպուլիզմին և դեմագոգիային հակազդելու համար: Ինչպիսի՞ դեր են կատարում քաղաքացիական և հանրային լրատվամիջոցներն այս գործում:
Կատարյալ լրատվամիջոցները պետք է լինեն ուժեղ, ամուր և անկախ: Լրատվամիջոցների նպատակն է ոչ թե փոխել մարդկանց կարծիքը, այլ հաղորդել փաստացի տեղեկություններ և հավասարակշռված կարծիքներ: Տեղեկատվության ազատ հոսքը պետք է միշտ լինի բնականոն, և խոսքը ճնշելու փոխարեն պետք է ընդգծել հակընդդեմ խոսքի կարևորությունը: Սակայն ռասայի, ազգության կամ կրոնի հիմքով ատելություն պարունակող խոսքը, որը հանդիսանում է բռնության կամ խտրականության պաշտպանություն կամ հրահրում, արգելված է ՔՔԻՄԴ-ով, որը կոչ է անում համամասնականորեն և նպատակային սահմանափակել նման խոսքի ազատությունը՝ ծանրության աստիճանով, դիտավորությամբ, պատճառահետևանքային կապով, համատեքստով կամ այլ գործոններով պայմանավորված: Այս հիմքով խոսքի ազատության սահմանափակումը մեծապես տարբերվում է երկրից երկիր: Կարծում եմ՝ շատ երկրներում պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձվի այս հարցին ավանդական լրատվամիջոցների համատեքստում, սակայն որոշ նման երկրներում, դժբախտաբար, ազգային առաջնորդները նույնպես օգտագործում են ատելություն պարունակող խոսք:
Ինչ վերաբերում է թվային և հանրային լրատվամիջոցներին, կարևոր է ընդգծել, որ համացանցը չպետք է դիտարկել որպես օրենքով չկարգավորվող հարթակ: Մեր կազմակերպությունը՝ շատ այլ կազմակերպությունների հետ մեկտեղ, երկխոսություն են վարում տարբեր հանրային լրատվամիջոցների հետ ատելություն պարունակող խոսքի առցանց տարածման խնդրի շուրջ: Նման կերպ տարածվող ատելություն պարունակող խոսքը կարող է լինել չափազանց վտանգավոր և երբեմն հստակ բռնություն է հրահրում, այդ թվում՝ որոշակի անհատների և խմբերի նկատմամբ: Այդուհանդերձ, վիրտուալ, թվային հարթակում այս խնդրի կարգավորումը կապված է հսկայական մարտահրավերների հետ: Այսպիսով, կցանկանայի շեշտել, որ այս խնդիրը լուծելու հետ մեկտեղ հարկավոր է խրախուսել և խթանել հակընդդեմ խոսքի և այնպիսի սկզբունքների արտահայտումը, որոնք պաշտպանում են մարդկային արժանապատվությունը, և ոչ միայն հանրային լրատվամիջոցներով, այլև՝ փողոցում և ամենուր, ուր կարող են լինել մարդիկ: Ներկայումս մենք աշխատում ենք լայնածավալ ջատագովության արշավի իրականցման վրա, որի նպատակն է լինելու մարդու իրավունքների պաշտպանության հիմքում ընկած սկզբունքներն արտահայտելու հնարավորինս մեծ հնարավորություններ ստեղծել հասարակ մարդկանց համար:
Քենիայի գործերով ՄՔԴ-ի կրած անհաջողությունից հետո շատերը հարցականի տակ են դնում բարձրաստիճան պետական պաշտոնյաներին առնչվող և քաղաքական առումով վիճելի գործերը քննելու Դատարանի կարողությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:
ՄՔԴ-ն օժտվել է իրավասությամբ, որը և պահպանում է, այն է՝ քննություն իրականացնել և քրեական հետապնդման ենթարկել ցանկացած անձի՝ առանց որևէ տարբերակման նրա պաշտոնական դիրքի հիմքով: Այս իրավասությունը տարածվում է նաև պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ անկախ ազգային օրենքներով նախատեսված նրանց անձեռնմխելիությունից: Այս իրավասությունը համապատասխանում է Նյուրնբերգի և Տոկիոյի ատյանների ժամանակներից ի վեր հաստատված քրեական իրավասության միջազգային ատյանների դերին և նշանակությանը: Եվ դրանով արտահայտվում է այն հզոր ուղերձը, որ ոչ ոք, իսկապես՝ ոչ ոք օրենքից գերակա չէ:
Ակնհայտ է, որ բարձրաստիճան պետական ղեկավարների գործերը քննելը և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը շատ բարդ է: Ակնկալվում է, որ որքան բարձր է պատասխանատվության ենթարկվող անձի պաշտոնը և որքան մեծ են նրա պարտականությունները, այնքան ավելի դժվար է դատարանի համար ստանալ արդարադատության իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը: ՄՔԴ-ն իսկապես դժվարանում է դատական հետապնդում իրականացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և քննել քաղաքական առումով վիճելի գործերը առաջին հերթին այն պատճառով, որ ՄՔԴ-ի աշխատանքը մեծապես կախված է Պետությունների համագործակցությունից:
Ներկայումս ՄՔԴ-ն հայտնվել է քննադատության կիզակետում: Սակայն շատ կարևոր է, որ այն կարողանա շարունակել դատական հետապնդում իրականացնել իրավախախտների նկատմամբ՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից: Դատարանը պետք է շարունակի իր աշխատանքը, և այդ պայքարում ՄՔԴ-ն կարող է ապավինել մեզանից շատերի, սկսած՝ Պետություններից ընդհուպ մինչև հանրային կարծիքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավունքների խախտումներից տուժած անձանց աջակցությանը:
Տպավորություն է ստեղծվում, որ ՄՔԴ-ի և (կամ) միջազգային մարդասիրական իրավունքի դատական հաշվետվողականությունը երկրորդական պլան է մղվել Մերձավոր-Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի պարագայում այն դեպքում, երբ առավել անհրաժեշտ է ապահովել հաշվետվողականությունը տարածված ծանր հանցագործությունների համար: Ի՞նչ անելիք ունենք այստեղ:
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների թիվն աճում է բազում համատեքստերում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջաններում, այդ թվում` Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբիայում: Վախենում եմ, որ այդ խախտումներից շատերը կարող են վերածվել միջազգային հանցագործությունների: Մեր կազմակերպությունը խիստ մտահոգված է, և մենք շարունակում ենք իրականացնել մշտադիտարկումներ, ներկայացնել զեկույցներ, ցուցաբերել աջակցություն և կազմակերպել ջատագովության արշավներ՝ կոչ անելով մարդու իրավունքների և մարդկային արժանապատվությանն առնչվող ոլորտներում պահպանել համապատասխան սկզբունքները:
Այս խախտումները և հանցագործությունները փաստաթղթավորելու գործում ներգրավված են մի քանի մեխանիզմներ, որոնցից շատերին աջակցում է նաև մեր կազմակերպությունը: Օրինակ, Սիրիայի պարագայում Սիրիայի Արաբական Հանրապետության հարցերով հետաքննության միջազգային հանձնաժողովը խորը կասկած է արտահայտել, որ այսպես կոչված՝ Իրաքի և Ալ-Շամի իսլամական պետությունը (ISIS) Սիրիայում իրականացնում է ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ: Իրաքի աջակցության ՄԱԿ-ի առաքելության և մեր բաժնի հետ համատեղ պատրաստված վերջին զեկույցում մենք հանգել ենք նաև այն եզրակացության, որ Իրաքում ԻԼԻՊ-ի կատարած իրավախախտումները և մարդու իրավունքների ոտնահարումները կարող են վերածվել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների: Զեկույցում մանրամասն ներկայացվում են 2014 թվականի օգոստոսին Սինջարում գործած հարձակումից հետո Իրաքում գործած վայրագությունները վերապրած եզդիների վկայությունները, այդ թվում՝ պարբերական և տարածված սպանությունների, սեռական բռնության և սեռական ստրկության, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, բռնի ուժով դավանափոխության և բռնի տեղահանումների մասին հաղորդումները:
Ինձ մտահոգում են նաև Սիրիայի կառավարության և դաշնակիցների կողմից ներկայումս Հալեպում ձեռնարկված ռազմական գործողությունները: Հալեպում ներկայումս կատարվող հարձակումները, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության, բուժաշխատողների և մարդասիրական առաքելությունների աշխատակիցների կողմից զբաղեցված տարածքներում և բժշկական հաստատություններում, դատարանում ապացուցվելու դեպքում, կարող են բնորոշվել որպես ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Մեզնից շատերը բազմիցս կոչ ենք արել իրականացնել մարդու իրավունքների այդ ոտնահարումների, խախտումների և հանցագործությունների անհապաղ, անկախ և անկողմնակալ հետաքննություն: Անշուշտ, Իրաքի կառավարությունն իր ժողովրդի առջև առաջնային պատասխանատվություն է կրում արդարադատություն իրականացնելու համար: Սակայն հաշվի առնելով այս գործում կառավարության առջև կանգնած անլուծելի մարտահրավերները՝ կարծում եմ, որ այն պետք է փոխլրացման սկզբունքի հիման վրա դիմի ՄՔԴ-ի օգնությանը: Ես բազմիցս խորհուրդ եմ տվել Իրաքի կառավարությանը միանալ Հռոմի կանոնադրությանը և միաժամանակ ընդունել հետադարձ ուժով դրա իրավազորությունը: Մեկ այլ հնարավոր լուծում կլինի, եթե Անվտանգության խորհուրդն այդ հանցագործությունները ներկայացնի ՄՔԴ:
Նմանապես, Սիրիայի պարագայում ես բազմիցս կոչ եմ արել Անվտանգության խորհրդին գործն ուղարկել ՄՔԴ և ցավում եմ, որ այն դա չի անում: Չնայած հաշվետվողականությանն աջակցելու համար անհրաժեշտ իրավասության բացակայությանը՝ մենք պետք է պնդենք մեր պահանջները: Այս հանցագործություններից տուժած անձինք արժանի են լիարժեք հաշվետվողականության և արդարադատության:
Հաշվի առնելով երկու համակարգերի հետ աշխատանքի Ձեր մեծ փորձը՝ ի՞նչ կարող է անել Միավորված ազգերի կազմակերպությունը ՄՔԴ-ի շահերին և նպատակներին ավելի արդյունավետորեն ծառայելու համար:
Միավորված ազգերի կազմակերպությունը և ՄՔԴ-ն ունեն տարբեր, սակայն փոխկապակցված լիազորություններ: Երկուսն էլ ձգտում են նպաստել արդարադատության իրականացմանը և ՄԱԿ-ի Խարտիայով ճանաչված «հիմնարար մարդու իրավունքների, մարդ էակի արժանապատվության և արժեքի նկատմամբ հավատի» հաստատմանը: Միավորված ազգերի կազմակերպությունն առանցքային դեր է կատարել ՄՔԴ-ն հիմնելու գործում և շարունակում է աջակցել դրան՝ 2014 թվականի ՄԱԿ-ի և ՄՔԴ-ի փոխհարաբերությունների մասին համաձայնագրի պահանջներին համապատասխան: ՄԱԿ-ի և ՄՔԴ-ի համագործակցությունը խիստ կարևոր նշանակություն ունի, քանի որ ինչպես նշված է Հռոմի կանոնադրության մեջ, ՄՔԴ-ն գործ ունի ամբողջ միջազգային հանրությանը վերաբերող ամենալուրջ հանցագործությունների հետ, որոնք վտանգում են աշխարհում խաղաղության պահպանումը և անվտանգությունը:
Հռոմի կանոնադրության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է ՄՔԴ-ի դատախազին ներկայացնել այն իրավիճակները, որոնց պարագայում կատարվել են առերևույթ միջազգային հանցագործություններ: Նման մի քանի իրավիճակների, այդ թվում՝ Սիրիայում տիրող քիչ առաջ նշված իրավիճակի մասին Անվտանգության խորհուրդը կարող է, և կարծում եմ՝ պետք է զեկուցի ՄՔԴ-ին:
Բազմիցս նշել եմ, որ իմ խորին համոզմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ ընդունի չափանիշներ, որոնց միջոցով անդամ պետությունները չեն կարող օգտագործել վետոյի իրավունքը այն դեպքերում, երբ կան լուրջ մտահոգություններ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կամ ցեղասպանության կատարման վերաբերյալ: Ժամանակն է, որպեսզի Անվտանգության խորհուրդն ապահովի ուժեղ առաջնորդություն:
Աշխարհում գնալով աճում է այն երկրների թիվը, որտեղ քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրագրողները ենթարկվում են կառավարության կողմից աննախադեպ հալածանքների և ճնշումների: Ի՞նչ է պետք անել ժողովրդավարության և օրենքի գերակայության այս աջակիցներին պաշտպանելու համար:
Խաղաղ, իրավական և կառուցողական մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ չտրամադրելով հնարավոր չէ վերացնել մարդկանց զայրույթի, հուսահատության և դժգոհության զգացումները: Ընդհակառակը, քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների դրսևորման դեպքում այդ դժգոհությունը կարող է անցնել ընդհատակ, և խնդիրն էլ ավելի կբարդանա: Նման համատեքստում կարող են նպաստավոր պայմաններ առաջանալ ծայրահեղական հայացքների արտահայտման համար, քանի որ դրանք կարող են համարվել միակ հնարավոր տարբերակը: Այսպես, ես միշտ շեշտում եմ առաջին հերթին, որ ծայրահեղականության դեմ գոյություն ունեցող ամենաուժեղ «հակաթույնը» քաղաքացիական հասարակությունն է: Լայն հայացքները, այդ թվում` մեծամասնության կարծիքի հետ չհամընկնող հատուկ հայացքներն ամրապնդում են պետությունը, այլ ոչ թե թուլացնում այն: Հետագա անելիքների հետ կապված՝ համոզված եմ, որ հասարակական կարծիքը հսկայական ուժ է ազդեցություն գործելու համար և կարող է փոխել պետական քաղաքականությունը: Քաղաքացիական հասարակության գործունեության համար առկա պայմանների մշտադիտարկումը հանրության կողմից ազգային և միջազգային մակարդակներով խիստ կարևոր է այդ ճնշումները միջազգային ուշադրության կենտրոնում պահելու համար: Իսկ երբ մենք դառնում ենք անտարբեր, և այդ ուշադրությունը թուլանում է, կարելի է անել շատ քիչ բան: Այսպիսով, մեր հիմնական աշխատանքի նպատակն է զարգացնել տեղերում գործող քաղաքացիական հասարակության խմբերի` մշտադիտարկում իրականացնելու, զեկուցելու, միավորելու և շահերի պաշտպանություն (ջատագովություն) իրականացնելու կարողությունները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներով:
Ինչպե՞ս եք ընկալում քաղաքացիական հասարակության և ՄՔԴ-ի կոալիցիայի աշխատանքը Հռոմի կանոնադրության համակարգում
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր են կատարել ՄՔԴ-ի հիմնման գործում և անգամ դրա հայեցակարգում: Կցանկանայի ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել բազում կազմակերպություններին, իհարկե առաջին հերթին՝ ՄՔԴ-ի կոալիցիային, Հռոմի կանոնադրության պատրաստման ժամանակ իրենց կատարած բացառիկ աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար: Այդ ժամանակից ի վեր նրանք պարտաճանաչ կերպով շարունակել են աջակցել Դատարանին, ջատագովություն իրականացրել և խրախուսել Պետություններին վավերացնել Հռոմի կանոնադրությունը կամ միանալ դրան:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են առանցքային դեր կատարել նաև Հռոմի կանոնադրության ընդունմամբ հաստատված հաշվետվողականության համակարգում: Նման կազմակերպությունները կարող են փաստաթղթավորել և արձանագրել միջազգային հանցագործությունները և օգնել ապացույցների պահպանման գործում. ըստ էության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են լինել ՄՔԴ-ի միակ «աչքերը» հանցագործությունների կատարման վայրերում: Տեղերում գործող քաղաքացիական հասարակության դերակատարներից շատերը ուշագրավ և խիզախություն պահանջող աշխատանք են կատարում փաստերը պարզելու, իրավախախտումների և հանցագործությունների վրա լույս սփռելու և հաշվետվողականության համար ջատագովության արշավ իրականացնելու գործում:
Քաղաքացիական հասարակության ակտիվիստները կարող են նաև ծառայել որպես կապող օղակ մի կողմից տեղական համայնքների և իրավախախտումներից տուժողների իսկ մյուս կողմից ՄՔԴ-ի միջև՝ ՄՔԴ-ին փոխանցելով իրավախախտումներից տուժողների և նրանց համայնքների տեսակետներն ու ակնկալիքները և նպաստելով ՄՔԴ-ի և դրա լիազորությունների սահմանների, հատկապես իրավասության մասին պատկերացումների հստակեցմանը, ինչը կնպաստի ակնկալիքների կառավարմանը:
Ձեր կարծիքով ի՞նչ դեր է կատարելու նորընտիր Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեսը արդարադատության միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու և հակամարտությունները կանխելու գործում
Նորանշանակ Գլխավոր քարտուղարը սկզբունքային անձնավորություն է, ով անցել է մեծ տառապանքով հակամարտության և բռնի տեղահանման հետ կապված այլ պատճառներով: Նա գիտի, որ մենք չենք կարող պահպանել այս մոլորակի գոյությունը եսասիրության վրա հիմնված ագահությամբ, քաղաքական խարդավանքներով և արյունահեղությամբ: Մենք պետք է դիմագրավենք մարդկանց նկատմամբ խտրականության դրսևորումներին, զրկանքներին, նվաստացումներին և մեկուսացմանը և իրականացնենք նրանց իրավունքները, այդ թվում՝ արդար և անկողմնակալ օրենքի գերակայության նրանց իրավունքը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի առաջնորդները չգայթակղվեն մեկուսացվածության և քավության նոխազ փնտրելու վրա հիմնված գործելակերպով և միավորվեն՝ խնդիրներին իրական լուծում տալու ուղղությամբ միասին աշխատելու համար:
Ո՞վ է արքայազն Զեիդը
Մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարով ուղեկցվող աշխատանքային ուղի
2014 թվականին արքայազն Զեիդը միաձայն որոշմամբ նշանակվեց Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար՝ փոխարինելով հարավային աֆրիկացի Նեյվի Փիլային:
Իր աշխատանքային ուղու ընթացքում արքայազն Զեիդն աշխատել է նաև նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի առաքելության կազմում, որտեղ աջակցել է Սրեբրենիցայի ցեղասպանության պատճառների փաստաթղթավորման զեկույցի պատրաստումն ապահովելու գործում:
Իր աշխատանքային ուղու ընթացքում արքայազն Զեիդը պայքարել է սեռական և գենդերային պատկանելության հիմքով բռնության դեմ՝ ղեկավարելով նման ենթադրյալ հանցագործությունների դեպքերով ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից կատարվող հետաքննությունը և պնդելով նման հանցագործությունների պարագայում զրոյական հանդուրժողականության քաղաքականություն վարելու անհրաժեշտության վրա:
ՄԱԿ-ում որպես Հորդանանի ներկայացուցիչ աշխատելու բերումով արքայազն Զեիդն ունի մեծ փորձ կոնկրետ վայրերում մարդու իրավունքների լայնածավալ խախտումները բացահայտելու և միայն հաղթողի շահերից բխող արդարադատության իրականացումից երկրներին հետ պահելու գործում:
ՄՔԴ-ի հիմնման գործում կարևոր դերակատարում ունեցած գործիչ
2002 թվականին Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2005 թվականը արքայազն Զեիդը զբաղեցրել է Մասնակից պետությունների ասամբլեայի առաջին նախագահի պաշտոնը: Մասնակից պետությունների ասամբլեան ղեկավար մարմին է, որն իրականացնում է Դատարանի նկատմամբ վերահսկողությունը, քննարկում և քվեարկության է դնում Կանոնադրության փոփոխությունները և ի թիվս այլ գործառույթների՝ որոշում է ՄՔԴ-ի բյուջեն:
Արքայազն Զեիդի ղեկավարության օրոք Դատարանին անդամակցող պետությունների թիվը զգալիորեն աճել է, և Դատարանը սկսել է դատական վարույթ իրականացնել:
Արքայազն Զեիդը շարունակել է կարևոր դեր կատարել Հռոմի կանոնադրության համակարգում: 2010 թվականին Ուգանդաի Կամպալա քաղաքում կայացած Հռոմի կանոնադրության վերանայման համաժողովին նա հանդես է եկել որպես Ագրեսիայի դրսևորումը հանցագործություն համարելու հարցերով աշխատանքային խմբի ղեկավար:
Աշխատանքային խմբի կատարած նախապատրաստական աշխատանքների արդյունքում կանոնադրության վերանայման համաժողովի մասնակից պետությունների կողմից ագրեսիայի դրսևորումն ընդունվել է որպես հանցագործություն:
Աղբյուրը՝ coalitionfortheicc.org