Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ
11:33, October 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներՀոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ հաստատված այս օրը նշվում է սկսած 1992թ.-ից:
Սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկն է ավելի քան տասը տարի:
Հայաստանի Հանրապետությունում կարևոր քայլեր են արվել հոգեկան առողջության, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը պայմանավորված է ՀՀ Կառավարության՝ ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով:
Դրանց շրջանակում 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որպես արդյունք՝ 2016 թվականի ապրիլին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որը սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու առաջին փորձն է:
Հանրապետությունում հաշվառված սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 46000 անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակվել և 2015 թ. օգոստոսին շրջանառության մեջ է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր որոշակի հստակություն մտցնել հոգեբուժական օգնության ոլորտում։
Չնայած դրան՝ պետք է արձանագրենք, որ հոգեկան առողջության ոլորտը մեծ առումով դուրս է մնացել օրենքի նախագծից:
Մտահոգիչ է վերոնշյալ ծրագրերով սահմանված ժամկետներում նախատեսված մյուս գործողությունների չիրականացումը. դրանք չեն կատարվում բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։
Շարունակում է մտահոգիչ մնալ հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների վիճակը։
Կարևոր ենք համարում ոլորտում կատարվող գործողությունների համապատասխանեցումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին:
Արձանագրում ենք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շարունակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խարանավորումը ինչպես հանրության կողմից, այնպես էլ լրատվամիջոցներով և պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում տարածվող հրապարակումներում: