7 օր անց՝ տուժող, ձերբակալված եւ կասկածյալ չկան. կուրացած տղային վաղը կտեղափոխեն Մոսկվա
10:57, May 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին աղմկահարույց վիճաբանությունից անցել է արդեն յոթ օր: Այդ վիճաբանության արդյունքում տուժած եւ տեսողությունից զրկված 32-ամյա երիտասարդի առողջական վիճակում բժիշկները փոփոխություն չեն արձանագրում: Վաղն արդեն Զաքարյաններն իրենց որդուն կտեղափոխեն Մոսկվա:
«Ինձ համար այս պահի դրությամբ, կրկնում եմ, ամենակարեւորը շարունակում է մնալ որդուս առողջական վիճակը: Դրական ոչ մի փոփոխություն չկա, երկուշաբթի օրը կտանենք Մոսկվա եւ երկուշաբթի օրվանից արդեն այս գործով կսկսի զբաղվել հատուկ փաստաբան»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց տուժած երիտասարդի հայրը՝ Գ. Զաքարյանը:
Հատկանշական է, որ դեպքից 7 օր անց, երբ Տ. Խաչատրյանի գործողություններից ակնհայտ տուժող անձ կա՝ Հարութ Զաքարյանը, իրավապահ մարմինների կողմից նա դեռ տուժող չի ճանաչվել: Եվ չնայած այն հանգամանքին, որ Զաքարյանները տարբեր լրատվամիջոցների բացեիբաց հայտարարում են, որ հանցագործությունը կատարել է Ս. Խաչատրյանի որդին, այնուամենայնիվ այս քրեական գործում չկա նաեւ կասկածյալ կամ բերման ենթարկված անձ:
Դեպքից հինգ օր անց հիվանդանոցում հարցաքննվել են տուժողի ծնողները, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին առայժմ նույնիսկ չի հարցաքննվել: Ավելին, տուժող կողմին արդեն իսկ հասել են տեղեկություններ այն մասին, որ Տ. Խաչատրյանը լքել է հանրապետությունը:
Իրավապաշտպան Արթուր Աաքունցը դեպքերի այսօրինակ զարգացումը բացատրում է հետեւյալ կերպ՝ Խաչատրյանները բարձրաստիճան փաստաբան են վարձել, ով պաշտպանում է Ս. Խաչատրյանի եւ նրա որդու շահերն ու ապօրինի գործողությունները: Այդ փաստաբանը, ըստ Սաքունցի, Գեւորգ Կոստանյանն է.
«Նրա՝ գլխավոր դատախազի վարքագծից ուղղակի նման եզրահանգման կարելի է գալ:
Նա հանդես է գալիս որպես Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբան եւ իրապես իրականացնում է իր՝ պաշտպանի գործառույթները:
Բավական է միայն զուգահեռել ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության հայտարարությունները: ՀՀ դատախազության հայտարարությունում ինչո՞ւ չի նշված Ս. Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը:
Կա նաեւ ակնհայտ ոչ համարժեք վերաբերմունք տուժողի հարազատների կողմից տրված տվյալներին: Նրանք ուղղակի նշում են Ս. Խաչատրյանի որդու մասնակցության մասին»:
Ըստ Սաքունցի՝ Ս. Խաչատրյանի որդին նույնիսկ չի հարցաքննվել, այնինչ Տիգրան Խաչատրյանին պետք է առաջինը հարցաքննեին ու վերցնեին կալանքի:
«Սուրիկ Խաչատրյանի տղան դեռ նույնիսկ չի էլ հարցաքննվել, չնայած հրավիրված է: Թվում է, որ մարդ, որի անունն առաջինն է շոշափվում, նրան պետք է առաջինը հարցաքննեն, դրա հետ կապված քննչական գործողություններ պետք է կատարվեն: Այսինքն ի՞նչ, ամեն ինչ թողնված է իրենց հայեցողությա՞նը, ոնց ուզենա՞ն, հա՞»,- ասում է Սաքունցը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել եւ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քննչական եւ դատավարական գործողությունները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները եւ ապահովելու բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե հարցաքննե՞լ են արդյոք Տիգրան Խաչատրյանին, Սոնա Տռուզյանն ասաց.
«Ես նշեցի, որ հարցաքննվել եւ հարցաքննվում են տարբեր անձինք, մի շարք անձանց ուղարկվել են ծանուցագրեր, որ ներկայանան հարցաքննության: Առաջնային խնդիրն օբյեկտիվ իրականության բացահայտումն է: Քանի դեռ մի շարք հարցեր կան պարզաբանման ենթակա վարույթն իրականացնող մարմնի համար, ուստի թույլ տվեք այս փուլում դեռեւս ձեռնպահ մնալ այլ մանրամասներ հրապարակելուց»:
Մեր այն հարցին, թե ինչ ժամանակամիջոցում է քննչական մարմինն իրականացնում հարցաքննություն եւ դեռ քանի օր է պահանջվում կողմերին հարցաքննելու համար, Սոնա Տռուզյանն ասաց.
«Որեւէ ժամանակամիջոց գոյություն չունի, այլ գոյություն ունի քննչական պլան, որի համաձայն քննիչը կատարում է իր գործողությունները: Ենթադրյալ դեպքի վայրում տեղի է ունեցել զննություն, ինչու եմ ասում ենթադրյալ, որովհետեւ տեղանքն ըստ ցուցմունքների է որոշվում, հանձնարարություն է տրվել ոստիկանության ուժերին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հնարավոր ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ եւ միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»:
ԳԱԼԱ-ի այն հարցադրմանը, թե քննչականը մտավախություններ չունի՞, որ Տ. Խաչատրյանին մինչեւ կանչեն հարցաքննության, նա կհեռանա Հայաստանից, եւ կան նաեւ այդ մասին տեղեկություններ, որ արդեն իսկ Տ. Խաչատրյանը լքել է ՀՀ-ն, Սոնա Տռուզյանն ասաց.
«Այս պահին որեւէ անձի կողմից հարցաքննության չներկայանալու դեպք ՀՀ-ից բացակայելու կամ անհարգելի բացակայելու հիմքով չի արձանագրվել»:
Վերջում հավելենք, որ տուժողի հայրը՝ Գ. Զաքարյանը, արդեն իսկ հայտարարում է, որ Տ. Խաչատրյանի կողմից վաղօրոք պլանավորված հանցագործություն է տեղի ունեցել: Նա պարբերաբար անհանգստացրել է իր որդիներին: Տուժողի հայրը պահանջում է նաեւ վերծանել հեռախոսային խոսակցությունները:
Աղբյուրը՝ www.galatv.am