Օրինապահ մարմինների գործողությունները
14:51, December 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Պացիենտների իրավունքներ | Ժուլետա Ամարիկյան, ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ դեկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց մանրամասներ երկու դատական գործի վերաբերյալˋ «Հարկադիր բուժումը հոգեբուժական հաստատություններում. ԺուլետաԱմարիկյանի գործը» և «Արա Խաչատրյանի անհետացման գործով օրինապահ մարմիններիգործողությունները»:
Ժուլետա Ամարիկյանին 2013 թ-ին ընտանեկան վեճի հետևանքով տեղափոխել են հոգեբուժական հաստատություն նշանակելով հարկադիր բուժման:
Մեկ ամիս պահելով հոգեբուժական հաստատությունումˋԺուլետա Ամարիկյանին ենթարկել են խոշտանգումների, ինչպես ասում է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Երբ մենք գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ, օրենսդրությունը չի գործում ու չի պաշտպանում այդ անձանց իրավունքները. կա խտրական վերաբերմունք: Մեր դատարանները ձևական քննություն են իրականացնում այդ դեպքերով: Առանց պատշաճ մասնագիտական եզրակացության, առանց օրենքի կետերը պաշտպանելու, ձևական գործում են: Մենք նաև օրենսդրության պակաս ունենք: Իսկ երրորդˋ ոստիկանական համակարգը ուղղակի ձևական աշխատանք է տանում պատրանք ստեղծելու համար, թե աշխատում է, բայց իրականում մարդու իրավունքները ոտնահարվում են»,- ասաց Տիգրան Հայրապետյաննդեկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին:
«Մեդիա կենտրոնի» ասուլիսին ներկա էին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահԱրթուր Սաքունցը, Ժուլետա Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը և Արա Խաչատրյանի քույրը՝ Աննա Խաչատրյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ Հայաստանում հաճախ հոգեբուժական օգնության ինստիտուտն օգտագործում են որպես պատժիչ գործիք անձնական հարաբերությունները լուծելու համար:
«Այստեղ մենք ունենք բավական լուրջ խնդիրներ թե իրավապաահ մարմինների, թե հասարակության, թե ծառայությունների կողմից: Փոփոխություններ պետք է կատարվեն նաև քաղաքացիական օրենսգրքում, որը կվերացնի անձի նկատմամբ խարանը և այդ կանխակալ վերաբերմունքը»,-ասում է Սաքունցը:
Արա Խաչատրյանի անհետացման գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս: 2011 թվականի հունիսի 3-ին նա կարճ ժամանակով դուրս է եկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի իր բնակարանից և այնուհետև չի վերադարձել: Արա Խաչատրյանին վերջինը տեսել են նրա ընկեր Գարիկ Գրիգորյանը և Արսեն Մկրտչյանը: Դեպքի առթիվ 2011 թվականի հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 41107711 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, սակայն:
Անհայտ կորած Արա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ որևէ դրական արդյունք չեն տվել: Նախաքննության ընթացքում փոխվել է 6 քննիչ, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել: Արա Խաչատրյանը չի հայտնաբերվել, իսկ հարուցված քրեական գործով որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ:
2011-ին անհետացած Արա Խաչատրյանի քույրը` Աննա Խաչատրյանն ասում է, որ իր գրած բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան, «ինչը վկայում է այն մասին, որ Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանի միջամտությունը եղել է և առ այսօր կա»:
«Կապանի ոստիկանությունը շատ պասիվ էր, բաժնի պետը գալիս էր մեր տուն, ասում էր այստեղ գործ չի արվում, բողոքեք Երևան: Փաստերը խոսում են կոնկրետ անձանց մասին, ովքեր վերջին անգամ եղել են եղբորս հետ, բայց նրանց նույնիսկ, որպես կասկածյալ, չեն ներառել գործում: Մենք հանդիել ենք ՀՀ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր ոստիկանապետի հետ, բայց բոլոր դռները փակվում են մեր առջև»,- ասում է Աննա Խաչատրյանը:
Արթուր Սաքունցը հավելում է, որ Արա Խաչատրյանի գործի հետ կապված իրավապահ մարմինների կողմից գործողությունների հրատապությունը և արդյունավետությունը ի սկզբանե կասկածի տակ է դրված:
«Երբ Արա Խաչատրյանի մայրը բողոքել է, Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը ասել է «առ քեզ այսքան գումար, գնա քեզ համար ապրի, մի բողոքի»: Իսկ այն ոստիկանը, որ Աննա Խաչատրյանին ասել է, թե շուտով կգտնենք եղբորդ, հաջորդ օրը ազատվել է աշխատանքից: Իսկ Արա Խաչատրյանի հետ վերջին անգամ եղած ընկերների մասով որևէ քննություն չի իրականացվել»,-ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը հավելեց նաև, որ անձը ՀՀ-ում պաշտպանված չէ, և նման դեպք կարող է ցանկացածի հետ կատարվել:
«Երաշխիքներ չունես, որ քո պաշտպանվածությունը ապահովված լինի»,- ընդգծեց Սաքունցը:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: