Վերջին ռազմաբազան Կովկասում. անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիք
12:40, January 12, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2015 թվականի հունվարի 12-ին 102 ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանեց գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին՝ հինգ չափահասի և երկու մանկահասակ երեխայի:
Կասկածյալը, պաշտոնական վարկածի համաձայն, ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից: Հանցագործությունը տեղի էր ունեցել Հայաստանի տարածքում, և նրան պետք է փոխանցեին հայ իրավապահներին, համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի: Խախտելով միջպետական համաձայնագիրը՝ Պերմյակովը մնաց ռուսական կողմի ձեռքում:
Բողոքի գործողությունները, հազարավոր քաղաքացիների պահանջն իրավիճակը չփոխեցին: Զինծառայողը մնաց բազայում: Դատաքննությունները ևս տեղի ունեցան այնտեղ:
Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման և տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Մինչդեռ բազմաթիվ հարցեր միջադեպի հետ կապված այդպես էլ մնացին անպատասխան:
Արյունոտ միջադեպերը միշտ հարցականի տակ են դրել՝ որո՞նք են 102 ռազմաբազայի գործառույթները Հայաստանի շահերի տեսանկյունից. անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիք:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ անվտանգության երաշխավոր, նաև եկամտի աղբյուր՝ տեղի բնակիչների համար:
ՀՀ իշխանությունների պնդմամբ, թեև բազան «անվտանգության երաշխավոր է», սակայն կտրականապես չի միջամտում հայ-ադրբեջանական հակամարտությանը, բացի այդ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարները չեն հայտարարում Հայաստանի վրա Թուրքիայի կողմից հարձակվելու դեպքում բազան գործարկելու պատրաստակամության մասին:
Պայմանավորվածությունները, թե ռազմաբազայում պետք է ծառայեն միայն պայմանագրային զինծառայողներ, ևս չեն կատարվել: Ռուսաստանցի ժամկետային զինծառայողները շարունակում են ծառայել Գյումրիում:
Իսկ ինչպե՞ս է պետք ապահովել Գյումրիի բնակիչների անվտանգությունը բազայի զինծառայողների ոտնձգություններից…
Այս հարցը կարգավորելուն ուղղված առաջարկները մնացել են թղթերի վրա…
Հիշեցնենք, 2011 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայիտեղակայման ժամկետը երկարաձգվեց՝ 25 տարվա փոխարենսահմանվելով 49 տարի: