«Շարժառիթը չի բացահայտվել». Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքից
17:57, August 19, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր ավարտվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննությունը: Գործով միակ մեղադրյալն է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Այսօր ճառերով հանդես են եկել տուժողներից Արաքսյա Ավետիսյանի և նրա մանկահասակ երկու երեպաների՝ Հասմիկ Ավետիսյանի և Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Մյուս բոլոր իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա չէին նիստին:
Սաքունցն իր ճառում ասել է, որ քննությունը թերի է եղել և չի բացահայտել, մասնավորապես, սպանության շարժառիթները, հարևանների կողմից կրակոցների ձայներ չլսելը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ քննությունը չի պարզել, թե ինչու են ՀՀ իրավապահ մարմիններին միայն 4 ժամ անց տեղյակ պահել այն մասին, որ Պերմյակովը փախել է ռազմաբազայից, ինչպես նաև չի ուսումնասիրվել Պերմյակովի՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի անձնական էջի նամակագրությունը, որտեղ նա և ինչ-որ անձինք գրում են գումարներ փոխանցելու մասին:
Արդյունքում, ըստ Սաքունցի, հայ-ռուսական քննչական խումբը չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:
Պերմյակովի պաշտպան էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ մեղադրյալը ընդունում է իր դեմ առաջադրված բոլորը մեղադրանքները, բացի մեկից, այն է՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձը: Աղաջանյանի ճառի համաձայն, Պերմյակովն ասել է, որ ուզում էր գնալ մոտ «մերոնց մոտ» (к своим), բացի դա, հայ-թուրքկական սահմանը շատ լավ է հսկվում՝ սկսած խորհրդային տարիներից, ուստի բացառվում է, որ Պերմյակովը ցանկանում էր հատել սահմանը: Աղաջանյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պերմյակովին քննության ընթացքում չեն տարել հանցագործության վայր՝ հայ-թուրքկական սահմանի մոտ գտնվող Բայանդուր ուղեկալի մոտ, որտեղից նա, ըստ մեղադրանքի, ցանկանում էր հատել սահմանը: Պաշտպանն իր խոսքում գրեթե չի անդրդադարձել Ավետիսյանների ընտանիքի սպանությանը:
Նշենք, որ քննիչները Պերմյակովին նաև հիմնական հանցագործության վայրը չեն տարել՝ Ավետիսյանների տուն:
Նիստի վերջում Վալերի Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքից:
Դատավոր Հարություն Մովսեսյանը հայտարարել է, որ դատավճիռը կհրապարակի օգոստոսի 23-ին:
Աղբյուրը՝ www.epress.am