Ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին այդպես էլ չի տրամադրել Վ.Պերմյակովի զորամասը ինքնակամ լքելու փաստով քրեական գործի նյութերը
15:55, July 12, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. հունիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատապարտված Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահներին անհապաղ չհայտնելու հիմքով ռազմաբազայի պատասխանատու անձանց նկատմամբ ծառայողական քննության իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
ՀՀ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Ս. Տոնոյանը դեռևս 2015 թ. նոյեմբերի 16-ին նշված փաստով ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական էր տվել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանի կոնկրետ հարցադրումներին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը 2017 թ. հուլիսի 3-ի գրությամբ պատասխանում է. «Որոշ զինծառայողներ [….] ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ մի շարք այլ զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության»: Մինչդեռ հարցմամբ հստակ տեղեկատվություն էր պահանջվել, թե որ գործողության համար և ինչ պատասխանատվության են ենթարկվել խախտում կատարած զինծառայողները:
Ինչ վերաբերում է Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ ՌԴ իրավապահների և ռազմական դատարանի կողմից քննված քրեական գործի նյութերի պատճենների տրամադրմանը, ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը պատասխանում է . «[….] Վ. Պերմյակովի կողմից զորամասն ինքնագլուխ լքելու և մի շարք այլ հանգամանքների և մեղադրանքների շուրջ ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննված քրեական գործը ՀՀ որևէ իրավապահ մարմնի կողմից պահանջվելուն, հայտնում եմ, որ [….] Ս. Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների սպանության կատարման համար մեղադրվող Վ. Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը ստացվել է [….] և միացվել [….] քրեական գործին, որն էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին»:
Մինչդեռ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին տրամադրվել են միայն Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով ՌԴ իրավապահների իրականացրած քննության նյութերը: Ի դեպ, հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության փաստով ռուսական կողմը նման քննություն իրականացնելու իրավունքը չուներ:
Այսպիսով, ՀՀ Քննչական կոմիտեի ավագ քննիչ Գ.Աղաբաբյանը, որը մասնակցել է Ավետիսյանների սպանության փաստով քրեական գործի քննությանը, ըստ էության չի պատասխանում տեղեկատվական հարցմանը, որը փաստում է այն մասին, որ այդպես էլ ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին չի տրամադրել Վ. Պերմյակովի՝ զորամասը ինքնակամ լքելու փաստով ռուսական կողմի հարուցած քրեական գործի նյութերը, ինչպես նաև ծառայողական քննության արդյունքում պատասխանատվության ենթարկվածների տվյալները: