Արթուր Սաքունցին սպանության սպառնալիք հղած «Ֆեյսբուքի» օգտատիրոջ ինքնությունը դեռևս չի պարզվել
14:46, July 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպանության սպառնալիք ուղղած օգտատիրոջ ինքնությունը դեռևս չի պարզվել:
Քրեական գործը հարուցվել է մեկ ամիս առաջ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի հոդվածով:
Հիշեցնենք․ «Ֆեյսբուք»-ում իշխանության հասցեին Սաքունցի քննադատական գրառումից հետո Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը հունիսի սկզբին անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին ու գրել․ – «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ… դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:
Սպառնալից մեկնաբանության հեղինակ Աշոտ Ավանեսյան անուն-ազգանունով օգտատերը 5 օր անց դարձավ Նիկոլայ Զախարչենկո: Ավելի ուշ ոչ մեկնաբանությունը կար, ոչ էլ օգտատիրոջ էջը:
Գործը քննող Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, Սաքունցի հասցեին սպառնալիք հրապարակած անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Նախաքննության ընթացքում, ըստ Տռուզյանի, ընտրողների ռեգիստրի միջոցով պարզվել է, որ Աշոտ Ավանեսյան անուն-ազգանունով 25 մարդ կա հաշվառված: Նրանք բոլորը հրավիրվել են հարցաքնննության: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է պարզել, թե Աշոտ Ավանեսյան տվյալներով օգտատերը ի՞նչ IP հասցեից է մուտք գործել սոցիալական ցանց և ի՞նչ համարի է գրանցված նրա անհատական էջը:
Արթուր Սաքունցը գործով տուժող ճանաչվել է, բայց գործի քննության ընթացքից գոհ չէ․ – «Ես չեմ կարող գոհ լինել, որովհետև որևիցե քայլեր, որոնց մասին ես կիմանայի կամ կտեղեկացնեին, չեմ իմացել: Ու չգիտեմ էլ՝ ընդհանրապես քննչական գործողություն կատարվո՞ւմ է, թե՞ չէ»:
Իրավապաշտպանի խոսքով, ինքը քրեական գործի ընթացքից գրեթե տեղեկություններ չունի: Նրան հեռախոսազանգով տեղեկացրել են, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Չեն տեղեկացրել, թե ինչու:
«Իմ պատկերացմամբ, այն բացատրությունը, որ ես տվել էի, դրա հետ կապված մարդիկ հիմնականում Երևանում են գտնվում: Ես բացատրության մեջ նշել եմ ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ տված կոնկրետ մարդկանց անուններ, որոնք կան: Այդ սպանության սպառնալիքը հղացող անձը, որը փաստորեն ինքնակամ ջնջվեց, նրա մեկնաբանությունը, կամ նրա էդ սպառնալիքները զուգահեռվեցին մեկ-երկու նաև այլ մեկնաբանություններով, որոնք տրամաբանությամբ, բովանդակությամբ ըստ էության ոչ թե սաստող նշանակություն ունեին, այլ ընդհակառակը, կարծես թե մեկ թիմի անդամներ լինեին»:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը քննում է Լոռու մարզային քննչական վարչությունը, քանի որ Սաքունցը բնակվում է այդ մարզում:
Իրավապաշտպանի նկատմամբ սպանության սպառնալիքներն «անհապաղ» հետաքննելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել էր Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:
Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ասոցիացված տնօրենը շեշտել էր․ – «Ոչ ոք չպետք է մահից վախենա կառավարությանը հրապարակավ քննադատելու համար»:
Սաքունցը, սակայն, թերահավատ է, որ գործը կբացահայտվի․ – «Բայց, այնուամենայնիվ, գնդակը գտնվում է քննչական մարմինների դաշտում: Այսինքն՝ պետության պոզիտիվ պարտավարությունն է՝ քննություն իրականացնելու և սպանության սպառնալիք հղացող անձին բացահայտելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու»: