Արթուր Սաքունց. «Պետությունը պետք է գնա պատիժների կրման համակարգի փոփոխությանը»
18:48, December 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ«Գերբեռնվածությունը՝ որպես քրոնիկ հիվանդություն, գոյություն ունի քրեակատարողական հիմնարկներում»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության նպաստող գործոնների թիվը շատ է. «Առաջին հերթին նշվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառման վերաբերյալ փորձի շարունակությունը, այսինքն՝ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների մի ամբողջ շարքից, որպես կանոն, կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց: Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերը շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում»:
Նրա խոսքերով՝ պատիժների նշանակման ժամանակ, որպես կանոն, արդարացման դատավճիռները շատ քիչ են. «Այսինքն՝ կարծես՝ նախաքննության ընթացքում ամբողջ ապացուցողական բազան ուղղակի դատաքննության ընթացքում ապացուցվում է: Դուրս է գալիս, որ մեր նախաքննական մարմինները հիանալի աշխատում են, այն դեպքում, երբ տեսնում ենք հատկապես վերջին ժամանակներում բավականին լուրջ խնդիրներ կան թե՛ հետաքննության մարմինների, թե՛ նախաքննության մարմինների կողմից ապացույցների ձեռքբերման օրինականության հետ կապված»:
Արթուր Սաքունցը համարում է, որ պետությունը պետք է գնա պատիժների կրման համակարգի փոփոխությանը. «Օրինակ՝ որոշ երկրներում, եթե մարդը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվում եւ ազատազրկման ձեւով պատիժ է նշանակվում, որոշ հանցագործությունների դեպքում ինքը հերթի է սպասում՝ մինչեւ տեղ բացվի եւ ինքն իր պատիժը կրի՝ ազատազրկման միջոցով»:
Աղբյուրը՝ www.aravot.am