«Թող Վիգեն Սարգսյանն ուսումնասիրություններ սկսի «Մարտիկ» հիմնադրամի հետքերով, եթե այդքան համարձակությունը հերիքում է»
10:00, January 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հայտարարել է, որ նախագահի վերահսկողական ծառայության կողմից բացահայտված չարաշահումներից հետո հետեւություններ են արվել եւ բանակին մատակարարումներ անող ընկերությունների հետ աշխատանքը դարձել է թափանցիկ:
Ըստ Վ. Սարգսյանի՝ նվազել է բանակի թերի մատակարարումների ծավալը, որը նախկինում մեծ է եղել:
Վիգեն Սարգսյանն ապա երաշխավորել է, որ բացահայտվելու եւ պատժվելու են նրանք, ովքեր հարստահարմամբ վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Գնահատելով Վիգեն Սարգսյանի այս հայտարարությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը (ուղղում՝ Ա. Սաքունցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահն է) դրանք բնութագրում է որպես պոպուլիստական, որոնք նախընտրական քարոզչության նպատակ են հետապնդում: Սաքունցը թերահավատ է այն հարցում, որ Վիգեն Սարգսյանն իրապես ի վիճակի է փոխել Ս. Սարգսյանի այն բանաձեւը, որ «եթե թղթի վրա ամեն ինչ ճիշտ է, ուրեմն ճիշտ է»:
«Նույն նախարարը 1000 դրամների պարտադիր վճարման համակարգի նախաձեռնողն էր, եւ չնայած բազմիցս հնչեցվեց, որ կառավարությունը պետք է նախ եւ առաջ լուրջ քայլեր ձեռնարկի ստվերային տնտեսության ծավալները կրճատելու եւ այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր կատարելու ուղղությամբ, բայց, փաստորեն, ականջալուր չեղավ պարոն նախարարը եւ ոչ միայն չլսեց, այլ նաեւ բոլորին, անկախ եկամտի չափից, նույն չափով վճար սահմանեց, որը սոցիալական արդարության իրավունքից չի բխում:
Երկրորդ՝ նախարարը պետք է նաեւ մի բան բացատրի՝ ինչքանով է ունակ հաղթահարելու Սերժ Սարգսյանի մի քանի տարի առաջ հնչեցրած այն արտահայտությունը, թե թղթի վրա ամեն ինչ ճիշտ է: Այսինքն, եթե «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է» տարբերակով է առաջնորդվում իշխանությունը, չնայած բազմաթիվ ահազանգերին, ապա հարց է ծագում՝ էլի թղթի վրա ամեն ինչ ճիշտ լինելու պարագայում ո՞նց է ինքն այդ խնդիրները լուծելու:
Մյուսը՝ եթե անգամ թղթի վրա ամեն ինչը ճիշտ լինելու պարագայում էլ նախարարը պնդում է, որ չէ, եղել են ապօրինություններ, հարստացումներ, գողություններ, ապա դրանց արդյունքները կամ դրանց հիմնավորող փաստաթղթերը որտե՞ղ են, ինչո՞ւ չի ներկայացնում հանրությանը»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ Վ. Սարգսյանն ընդհանուր բնույթի խիստ հռետորական հայտարարություններ էր հնչեցնում: Ցանկացած քաղաքացի կարող է նման կերպ վարվել: Ավելին, ապրիլյան պատերազմին զոհված զինծառայողների հարազատներն ավելին կարող են ասել, բազմաթիվ նման վկայություններ տվել են, որոնք մնացել են անհետեւանք եւ չեն ուսումնասիրվել եւ բացահայտվել:
«Նման բարձրաձայնում էլ արել էր գեներալ Միքայել Գրիգորյանը, երբ որ տարիներ առաջ իր նամակում, որը հասցեագրված էր այն ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանին, նա գողությունների համար էր ահազանգում: Այն ժամանակ Վիգեն Սարգսյանն էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, որը քիչ պաշտոն չէր: Ի՞նչ էր անում այն ժամանակ:
Հիմա եթե ավելի մոտիկից հնարավորություն է ունեցել ծանոթանալու կոնկրետ այդ գործին, թող ասի՝ ուր են այդ փաստաթղթերը, թող հրապարակի, թող ներկայացնի դատախազություն: Պատասխանատվության անխուսափելիությունն է երաշխիքը, որ նման գողություններ այլեւս չեն կատարվի»:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ աղմկոտ փաստեր հրապարակեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը: Բադասյանի մեղադրանքները կոնկրետ հասցեատեր ունեին՝ Մ. Հակոբյանը, ով հիմա ՀՀ Զինված ուժերում է:
Ըստ Սաքունցի՝ սա ամենավերջին թարմ փաստն է, որը գալիս է ապացուցելու, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է մոտեցումը գերակայում է իրական քննությանը:
«Ինչ էլ որ հիմա խոսենք՝ նախարար, վարչապետ, որեւէ գործնական, բովանդակային քայլ անիմաստ է սպասել կառավարության որեւէ անդամից եւ Ս. Սարգսյանից: Դրանք ընդամենը քարոզչական բնույթի են եւ նախընտրական ժամանակահատվածում ընդամենը միտված են ՀՀԿ-ի զրոյական լեգիտիմության աստիճանը փոխելու, տեղից շարժելու: Եվ դա բացարձակապես որեւէ ազդեցություն չի ունենալու եւ իրական փոփոխությունների չի հանգեցնելու»:
Ըստ իրավապաշտպանի՝ եթե նախարարն ունի համարձակություն եւ փնտրում է կոռուպցիոն հետաքրքիր սկանդալ, ապա կարող է խորանալ «Մարտիկ» հիմնադրամի աշխատանքների մեջ: Հատկապես 1000 դրամների հիմնադրամը ստեղծելուց առաջ պարտավոր էր հասկանալ՝ ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը:
«Դա այն հիմնադրամն էր, որի հիմնադիրն էր հանդիսանում այն ժամանակ ՊՆ, հիմա ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ս. Սարգսյանը, եւ այն ժամանակ իր տեղակալ Արթուր Աղաբեկյանը: Եվ այդ հիմնադրամի միջոցները հավաքագրվել էին՝ օգտագործելով պաշտոնական դիրքը՝ զինծառայողներից, սպաներից: Մինչեւ հիմա, երբ որ Վիգեն Սարգսյանը խոսում է ապօրինի հարստացումների մասին, ապա պետք է ասեմ, որ պաշտպանական միջոցներ էին հանդիսանում հենց այդ «Մարտիկ» հիմնադրամի գումարները, որոնք հավաքվում էին զինծառայողների աշխատավարձերից: Ընդ որում, մարդիկ հատկացում էին անում ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ պարտադրում էին, որ վճարում անեն: Հենց սա էլ հանդիսանում է պաշտոնական դիրքի չարաշահում:
Ո՞ւր են գնացել, ինչի՞ վրա են ծախսվել հիմնադրամի միջոցների հաշվին ստացված բանկային տոկոսները, որովհետեւ դրանք որպես ավանդներ են ձեւակերպել տարբեր բանկերում:
Թող այդ մասին ուսումնասիրություններ սկսի, եթե այդքան համարձակությունը հերիքում է պաշտպանության նոր նախարարի: Եվ ակնառու այդ փաստերի ուղղությամբ երբ որ ուսումնասիրություն չեք կատարում, հետեւողական չեք լինում բացահայտելու այ դրա միջոցների ճակատագիրը, ծախսման կամ տնօրինման նպատակային օգտագործումը, այդ դեպքում անտրամաբանական է այն, որ ինքը հանդես է գալիս նոր երաշխավորի դերում, որ նոր հիմնադրամի միջոցները պետք է արդյունավետ օգտագործվեն»,- ասում է իրավապաշտպանը: