Պատանուն բանակ զորակոչել են տենդի մեջ, հիվանդ վիճակում 1 տարի հետո որոշում է կայացվել, որ նա պիտանի չէ ծառայության. ՀՔԱՎ
11:38, January 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան ավելի քան 10 զորակոչիկների գործով դիմել է դատարան, վարույթ է ընդունվել 2 գործ։ Tert.am-ի հետ զրուցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը։
«Տվյալ զինծառայողները պիտանի չեն եղել զինծառայության համար, բայց զորակոչվել են բանակ։ Հիմնականում ծնողները չեն համաձայնում դատարան դիմել, աշխատում ենք ՊՆ-ին, այլ կառույցներին գրավոր նամակ դիմելու ճանապարհով, բազմաթիվ այդպիսի դիմումներ կան»,-մանրամասնեց նա։
Արմինե Սադիկյանն ընդգծեց, որ երկու դիմումների մասով անսպասելի զարգացում է տեղի ունեցել, տևական ժամանակ ընթացք չտալուց հետո ի վերջո 2 զինծառայողներ, ովքեր առողջական խնդիրների պատճառով պիտանի չեն ծառայության, զորացրվել են։
«Զինվորներից մեկը արդեն 7 ամսվա զինծառայող էր, մյուսը՝ մեկ տարվա, զինվորներից մեկի գործով որոշում է կայացվել, որ նա հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում։ Մեկ տարի առաջ մեզ դիմել էր տվյալ զինծառայողի ծնողը և նշել, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով է ճանաչվել իր որդին պիտանի զինվորական ծառայությանը և գտնվում է ծառայության մեջ, այնինչ նա ունեցած գանգատների պատճառով պարբերաբար հետազոտվել է, ստացել տարբեր՝ զինծառայության հետ անհամատեղելի ախտորոշումներ: Ավելին՝ զորակոչման պահին գտնվել է տենդի մեջ, նույնիսկ անհրաժեշտ պատվաստումներ չի ստացել դրա պատճառով, սակայն տենդի իրական պատճառները հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»,-մանրամասնեց Արմինե Սադիկյանը:
Նա ասաց, որ զինծառայությանը զորակոչիկի պիտանելիության հարցը վերանայելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. սեպտեմբերից ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացված գրություններին ի պատասխան նախարարությունից նախ հայտնել են, որ զինծառայողը պետք է ներկայացվի առաջիկա ԿՌԲՀ նիստին, ապա նաև նշել են, որ հետազոտությունները շարունակվում են:
«Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարունակաբար երկարաձգվել է զինծառայողի բուժումը, ցուցում է տրվել ֆիզծանրաբեռնվածությունից ազատելու մասին, սակայն այդուհանդերձ հետազոտությունների արդյունքում վերջինս ՀՀ ՊՆ 410 հրամանի 30 Գ, 28 Բ, 48 Դ հոդվածների առկայությամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել: Եվ վերջապես, 2016 թ. դեկտեմբերի 19-ին ԿՌԲ հանձնաժողովը որոշել է, որ տվյալ զինվորը պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակմամբ՝ պատերազմական ժամանակ՝ համաձայն ՀՀ ՊՆ 410 հրամանի 11 Բ, 20 Գ, 28 Բ, 48 Դ, 26 Դ, 7 Գ, 10 Գ հոդվածների։ Հետաքրքիր է, որ որոշմամբ հստակ նշված է՝ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում»,-ընդգծեց նա։