Իշխանությունն ընդունեց գողության փաստը
18:37, January 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին օրերին վարչապետի և պաշտպանության նախարարի արած հայտարարություններից պարզ է դառնում, որ խոստովանում են՝ նախկինում պաշտոնյաների կողմից պետական միջոցների յուրացում է տեղի ունեցել, բայց իրավապահները չեն արձագանքում այս հայտարարություններին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս հայտարարեց, որ բանակի հաշվին հարստանալը պետք է լինի անհնար, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ակնարկեց, որ չպետք է սպասել, թե նախկինում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պետք է կախաղան բարձրացնեն:
“Արձանագրում ենք, որ վարչապետի ու նախարարի մակարդակով ընդունում են գողության, հանրային միջոցների յուրացման, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ որոշակի բյուջետային միջոցների յուրացման փաստը: Առայժմ նման խոսքեր չենք լսում Սերժ Սարգսյանի անունից, ով իր հայտնի ելույթներից մեկում ասել էր, որ՝ եթե թղթի վրա ամեն ինչ կարգին է, ապա ի՞նչ կարող ենք անել: Կամ պետք է մտածել, որ սրանք չպայմանավորված ելույթներ են, բայց քանի որ նման չպայմանավորվածության հավանականությունը զրո է, հետևաբար, պետք է դիտարկել, որ դրանք ընդամենը լոզունգներ են, խոսքեր: Կարևոր հանգամանք է, որ երկար ժամանակ լրատվական միջոցներով, ամենատարբեր աղբյուրներով կոռուպցիայի վերաբերյալ հաղորդումների պատկերի արդյունքում մարդիկ ըստ էության այսօր ընդունում են գողության փաստը”,- ասաց Սաքունցը:
Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, շատ պարզ լուծում կա՝ օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի: Եթե քաղաքացիների նկատմամբ քրեական գործեր հարուցվում են, շատ հաճախ մարդիկ ոչ հիմնավոր պատասխանտվության են ենթարկվում ուրիշի անձնական գույքի նկատմամբ ոտնձգությունների հիմքով, ապա հանրային ռեսուրսների, պետական միջոցների նկատմամբ ոտնձգությունների գործերով առավել ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն պաշտոնական անձինք:“Երկրորդ, պետք է հովանավորչությունը՝ որպես ամենատարածված հանցատեսակ, նույնպես քրեորեն հետապնդվի: Այսինքն՝ այստեղ անելիք ունեն Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, որոնք զարմանալիորեն մնում են անհաղորդ նախարարի և վարչապետի մակարդակով հնչեցված հայտարարությունների վերաբերյալ: Նաև Վերահսկիչ պալատը պետք է այս հարցում բավական ակտիվ լիներ”, ասաց նա:
Առայժմ այս մարմինների կողմից քայլեր տեսանելի չեն, որոնք հանրությանը ցույց կտան, որ խոսքերը պարզապես լոզունգներ չեն, գործ է արվում:
«Բայց քանի դեռ մենք գործողություններ չենք տեսնում, իշխանության ներկայացուցիչների խոսքերը՝ կոռուպցիայի ու գողության դեմ պայքարի մասին, զուտ խոսքեր են, որոնք արվում են ապրիլի 2-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություներին ընդառաջ», ասաց Սաքունցը: