ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը` ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ
11:41, September 17, 2016 | Այլ, ՀայտարարություններՍույն թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ եւ փորձառու ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան: Ընդ որում, նրա հանդեպ նման վերաբերմունքը սահմանապահները հիմնավորվել են այն հանգամանքով, որ իրեն արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք՝ մինչեւ 2030թ. «Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու կարգի վերաբերյալ» ՌԴ դաշնային օրենքի 26 եւ 27 հոդվածների հիման վրա: Մասնավորապես 26 հոդվածի 9-րդ կետի հիման վրա՝ «Այն օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, որոնք մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը»: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ համաձայն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքի՝ Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի առանց որեւէ սահմանափակման մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Մենք համարում ենք, որ Ռուսաստանի իշխանությունների անհիմն եւ հակաիրավական գործողությունները, որոնք սահմանափակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ստեփան Գրիգորյանը, ակտիվորեն համագործակցում է եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է ժողովրդավարական արժեքների վրա հենվող եվրոպական երկրների ընտանիքում: Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Այդ իսկ պատճառով Հայաստանում կասկած է առաջացել, որ ՌԴ-ն ունի ՀՀ անցանկալի քաղաքացիների «սանկցիոն ցուցակ»: Վերջապես, Ստեփան Գրիգորյանը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ երկիր մի քանի ժամով մտնելու իր նպատակը զուտ անձնական բնույթ ուներ (այցելություն հանգուցյալ հոր շիրիմին): Պատժամիջոց կիրառելով Ստեփան Գրիգորյանի հանդեպ, վերջինի՝ Հայաստանում եւ երրորդ երկրներում գործունեության համար, ՌԴ իշխանությունները փաստորեն միջամտել են Հայաստանի եւ այն երկրների ներքին գործերի մեջ, որտեղ Ստեփան Գրիգորյանը օրինական գործունեությամբ է զբաղված:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ