«Նրանց արտահայտությունները իրավապահներին առնվազն պետք է մտածելու տեղիք տային». Ա. Սաքունց
21:37, December 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյն բանից հետո, երբ ՀՀ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանը հայտարարեց, որ կկտրի նրա ականջները, ով կվիրավորի Ս. Սարգսյանին, նրան ընդամենը նկատողություն արեցին, որից հետո Երանոսյանը վերահաստատեց իր հայտարարությունը: Նախօրեին նա նորից է կրկնել.
«Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»:
Իսկ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ ԱԺ ամբիոնից էր հայտարարում նույն ենթատեքստը՝ մեղադրելով հենց իրենց, որ մի հայրենասերի չափ էլ չկան, որ ժամանակին նկատողություն չեն արել եւ չեն ապտակել իրենց գործընկերոջը՝ Արամ Մանուկյանին, նախագահ Սերժ Սարգսյանին հրապարակավ հայհոյելու համար:
Սեյրան Սարոյանը պատգամավորներին առաջարկեց չմիջամտել՝ նշելով, որ «եթե Արամ Մանուկյանը քֆուր է տվել, ինքն էլ պիտի պատասխան տա»:
Հետո նաեւ կոչ արեց չխառնվել ազատամարտիկների եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, քանի որ նրանք ընկերներ են, «կկռվեն, կբարիշեն»:
«Ընդ որում, դա ուղղակիորեն ուղղված է ազատամարտիկներին: Բռնության փաստի հետ կապված ինքը ընդունում է եւ հայտնում, որ իր նախագահի վերաբերյալ արտահայտություն են արել, որին հետեւել է իր թիկնապահների կողմից բռնությունը ազատամարտիկների նկատմամբ»:Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով վերջին զարգացումներին, ասաց, որ նախ Լ. Երանոսյանի խոսքերը, որոնք նկատողությունից հետո վերահաստատեց, ուղղակի հանդիսանում են սպառնալիք կարծիքի արտահայտման դեմ բռնության կիրառմամբ, ուստի պետք է իրավապահ մարմիններին գոնե մտածելու առիթ տային:
Ինչ վերաբերում է պատգամավոր Ս. Սարոյանի ելույթին, իրավապաշտպանը համոզված է, որ «շատ տիպիկ եւ օբյեկտիվորեն» նա ներկայացրել է իրավիճակը, որ գործում է ՀՀ-ում:
«Չկան իրավական մեխանիզմներ, չկա օրինապաշտություն, օրենքների մասին որեւիցե խոսք չկա, եւ կան զուտ խմբային կլանային շահեր, կան չգրված կանոններով թայֆայական կյանքի բնորոշ, քաղաքակրթությունից զուրկ կանոնների հիման վրա գործող խմբեր, որոնք պետությունից դուրս են եւ իրենց հարցերը լուծում են բռնության եղանակով:
Տեսեք՝ Սարոյանն ասում է՝ մշտական է եղել, որ իրար հետ հարցերը լուծել են ծեծի միջոցով, հետո նորից հաշտվել են, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ոչ մեկը գործ չունի:
Իհարկե նույն ձեւով եւ Առաքել Մովսիսյանը, ով հրապարակավ ասում է՝ «ով խելոք չմնա, մենք կհանգստացնենք»:
Եվ այս ամենով հանդերձ ԱԺ-ն երեկ ընդունում էր հայտարարություն բռնությունների դեմ, ու ընդունում էր ՀՀԿ-ն: Ես դա համարում եմ իրապես աչքակապություն»:
Իրավապաշտպանը քննադատեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ով ուղղակի պետք է լծված լիներ նման հայտարարություններում հանցակազմ հայտնաբերելով, սակայն մատնված է անգործության:
«Դատախազությունը որպես մարմին կոչված է արձագանքելու: Բայց ցավոք սրտի տեսանք՝ ինչ վերաբերմունք դրսեւորեց Լիսկայի նկատմամբ, Բուդաղյանների գործի նկատմամբ: Միանշանակ է, որ թիմի կամ Ս. Սարգսյանի հենարանը հանդիսացող գործիչների մարդկանց անձեռնմխելիությունը հասցված է ամենաբարձր մակարդակի, եւ այդ մարդիկ, միեւնույն է, մնալու են անպատիժ:
Դատախազության կողմից եւ անձամբ Գեւորգ Կոստանյանի կողմից որեւէ ակնկալիք չունեմ. Գ. Կոստանյանն անձեռնմխելի է պահում Ս. Սարգսյանի հենարանը եւ ամբողջ խստությամբ մոտենում է ոչ յուրայիններին, այդ ընտրողական մոտեցումը նրա հիմնական քաղաքականությունն է»,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը` galatv.am