Ռուսական ռազմաբազան չի կարող միակողմանի գործողություններ կատարել առանց ՀՀ իշխանություններին տեղյակ պահելու. Արթուր Սաքունց
15:48, July 18, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀուլիսի 17-ին, ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Բնակիչները խուճապի էին մատնվել:
Արդյոք ռուսական ռազմաբազայի զինվորականները իրավո՞ւնք ունեն ՀՀ տարածքում զորավարժություն իրականացնելու, ընդ որում, առանց նախազգուշացման: Հարցի առնչությամբ Vesti.am-ը մեկնաբանություն խնդրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցից: Վերջինս նշում է, որ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը բազայի տարածքից զորքերի ցանկացած տեղաշարժի կամ զորավարժությունների իրականացման դեպքում պետք է նախօրոք տեղեկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը.
«Բացի սա, ռազմաբազան պետք է հստակ սահմանի, ավելի ճիշտ ներկայացնի զորքերի տեղաշարժման նպատակը, ռազմաբազայից դուրս գտնվելու տևողությունը և նրանց գործողությունները: Տեսանյութում պարզ երևում է՝ երբ զինտեխնիկան տեղաշարժվում է գյուղի միջով, զինծառայողը կրակոցներ է արձակում. սա ուղղակի անպատկերացնելի է և կարծում եմ՝ տվյալ դեպքում ՊՆ-ն պետք է հստակ բացատրություն պահանջի ռազմաբազայի ղեկավարությունից զինծառայողների թույլ տված նման գործողությունների վերաբերյալ, պահանջի անհապաղ պատասխանատվության ենթարկել նման վարքագիծ դրսևորածներին և արդյունքների մասին տեղեկություն տրամադրի հանրությանը և պահանջի, որ նմանատիպ գործողություններ այլևս չկրկնվեն: Հակառակ դեպքում հայ-ռուսական միջպետական պայմանագրով սահմանված ռուսական բազայի վարքագծի կանոնների հարցը պետք է դրվի նաև ՌԴ ՊՆ-ի առջև:
Բացի դա, ՊՆ-ն պետք է հանրությանը իրազեկի՝ արդյոք այդ տեղաշարժի մասին պատշաճ տեղեկացված է եղե՞լ, թե՞ ոչ:
Նման վարքագիծը չի կարող ընդունելի համարվել: Սա խաղաղ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու անթաքույց գործողություն է և անհամատեղելի է սահմանամերձ բնակավայրերի և պետության անվտանգության գործառույթը իրականացնող զորամիավորման նպատակների և առաքելության հետ:
Միայն ներողություն խնդրելով՝ հարցը չպետք է սահմանափակվի: Պետք է անցկացվի ծառայողական քննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունների վերաբերյալ իրազեկում տրվի հայկական կողմին», – նշեց իրավապաշտպանը:
Մեր այն դիտարկմանը, որ ռազմաբազայի զինծառաողների նման ոչ պատշաճ վարքագիծը թերևս պայմանավորված է նաև նրանով, որ ռազմաբազան պատասխանատու չէ հայաստանյան որևէ կառույցի առջև, պարոն Սաքունցն այսպես արձագանքեց.
«Ռուսական բազան գործում է Ռուսաստանի ՊՆ գլխավոր շտաբի ուղղակի հրամաններով, բայց ռուսական բազայի գործողությունների, դրանում տիրող իրավիճակի մասին նրանք պարտավոր են տեղեկացնել ՀՀ ՊՆ-ին և իշխանություններին: Նրանք չեն կարող միակողմանի գործողություններ կատարել առանց ՀՀ իշխանություններին տեղյակ պահելու: Բազմիցս բարձրացրել եմ հարցը ՀՀ իշխանությունների կողմից ռուսական ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ զորքերի գործողությունների նկատմամբ մշտադիտարկման բացակայության մասին: Չունենք մշտադիտարկման հստակ մեխանիզմ, որն անհրաժեշտ է տվյալ դեպքում: Եթե, օրինակ, ՀՀ զինված ուժերի նկատմամբ ունենք քաղաքացիական վերահսկողության հնարավորություններ, ապա ռուսական ռազմաբազայի նկատմամբ ոչ միայն քաղաքացիական, այլ նաև գերատեսչական վերահսկողության ինստիտուտներ պետք է ունենանք, որպեսզի անվտանգության նպատակով գտնվող զորամիավորումները չդառնան վտանգի աղբյուր, քաղաքացիների անվտանգությանը սպառնացող գործոն», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք նաև, որ այսօր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին:
Վերջինս ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:
Հ.Գ. Հիշեցնենք, որ սա Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ առաջին նման միջադեպն չէ: Ռուս զինծառայողները պարբերաբար աչքի են ընկնում իրենց ոչ պատշաճ վարքագծով:
2013 թվականի ապրիլին, ժամը 12:30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել էր 2 երեխա:
Գյումրիում 2015 թ. հունվարի 12-ին սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ մեղավոր ճանաչվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։
2016 թվականի փետրվարին ռուս զինծառայողը գիշերվա կեսին հարբած փորձել էր ներխուժել գյումրեցիներից մեկի տուն:
2017 թվականի հոկտեմբերի 24-ին ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով նրան, այնուհետև ինքնասպան էր եղել: