Մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց
17:07, November 18, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2016 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, քննության առնվեց քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, գործով տուժող 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձոի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Մ. Մելքոնյանը հայտնեց, որ գործով դատախազը հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, և դեռևս պարզ չէ, թե ով է այս գործով պաշտպանելու մեղադրանքը: Այդպիսով՝ դատարանը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ՝ դատապարտվելով ազատազրկման համապատասխանաբար՝ 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել էր ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, և նրանք ազատվել են պատժի կրումից: Հետագայում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնակի՝ լրացուցիչ պատժի մասով, բավարարելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վճռաբեկ բողոքը, բեկանել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերը՝ գործն այդ մասով ուղարկելով նոր քննության: