«Վարչապետն այլ տարբերակ չունի քան ընկնի փողոցները, գների կայունության հարցով զբաղվի»
13:48, December 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, գնաճը դուրս է կանխատեսելիությունից, եւ թե գնորդների, թե գործարարների համար որոշակիության ու կանխատեսելիության բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Եթե նույնիսկ դրամը որոշակիորեն կայունացավ, դա հիմք չի տալիս մտածել, որ կայունացումը մշտական է, Հայաստանի տնտեսության մոնոպոլ բնույթն ու տնտեսական մրցակցության բացակայությունը, իրավական կարգավորումների կանխատեսելիության իրական գործիքներ չեն հանդիսանում: Ավելի սուբյեկտիվ գործոններ կան եւ դրանք ավելի շատ ոչ թե հայկական, այլ ռուսական ծագում ունեն: Այս ցնցումները, որոնք առաջ են գալիս կապում եմ այդ սուբյեկտիվ գործոններով, իսկ դրանց պատասխանելու ռեսուրսները կամ կարգավորելու իրավիճակը չեմ տեսնում, որովհետեւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվել ու կիրառվելու են Ռուսաստանի նկատմամբ ՝ որպես ագրեսիվ քաղաքականություն իրականացնող պետության, այդ պատժամիջոցները ուղղակիորեն տարածվում են Հայաստանի տնտեսական, քաղաքական դաշտի վրա: Սա որոշակի արձագանքն է այն կանխատեսելի գործընթացների, որոնք կունենանք հաջորդ տարվա հունվարի մեկից հետո, որովհետեւ դառնում ես մի այնպիսի տնտեսական տարածքի մասը, որտեղ ոչ թե տնտեսական օրենքներն ու իրավական նորմերն են գործում, այլ Վլադիմիր Պուտինի ցանկությունները, սուբյեկտիվ վարքագիծն ու մոտեցումները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, գնաճային այս պայմաններում ոչ մեկ չի շահել.«Որովհետեւ թե գործարարների, թե գնորդների համար նման տատանումները, նույնիսկ, այսպես կոչված, արժութային գործարքներով զբաղվողներին կարճաժամկետ շահ է բերում, երկարաժամկետի մասով ոչ մի օգուտ չի լինի»:
Ըստ նրա տնտեսական մրցակցության ինստիտուտի նկատմամբ լուրջ անվստահություն կա ու այդ անվստահությունն ավելի խորացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարքագծից. «Անտրամաբանական է ուղղակի, որ վարչապետն այլ տարբերակ չունի, քան ընկնի փողոցները ու սկսի գների կայունության հարցերով զբաղվել»:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր անակնկալ այցելել է սուպերմարկետներ ու խանութներ՝ ծանոթանալու շուկայական գներին:
Աղբյուրը` www.aravot.am