Անհայտ անձը Խուդոյանների փաստաբան է ներկայանում
18:31, December 19, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Ոստիկանություն2014 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Գ. Սոսյանի, ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ՀՀ ոստիկանության դեմ ներկայացված հայցադիմումի շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ:
Հիշեցնենք, որ նախորդ նախնական դատական նիստին դատարանը հայցվորների ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի՝ ապացույցներ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը բավարարեց մասնակի և որոշեց հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ վկաներին հարցաքննելու համար:
Սույն նախնական դատական նիստին, սակայն, վկաները չէին ներկայացել, դատարանը հայտնեց, որ հայցվորները պատշաճ ծանուցվել են միջնորդությամբ ներկայացված հասցեներով: Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք տեղեկություն չունեն վկաների չներկայանալու պատճառների մասին, սակայն իրենց կողմից դատարան ներկայացված հասցեները ճիշտ են: Բացի այդ, դատաքննության ընթացքում հայցվոր կողմը հայտարարություն կատարեց այն մասին, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստից հետո վկա Վահագ Սիմոնյանի բնակարան է գնացել իգական սեռի մի անձնավորություն, ներկայացել որպես Ա. Խուդոյանի փաստաբան, չհայտնելով իր անունը, խնդրել է գործի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները հայտնել դատարանին: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ինքը և հայցվորներ մյուս ներկայացուցիչները չեն այցելել Վահագ Սիմոնյանին:
Դատարանը առաջարկեց կողմերին կարծիք հայտնել գործով դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ: Հայցվորների ներկայացուցիչը չառարկեց դատաքննության անցնելուն, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելքոնյանը հայտնեց, որ վկաների հարցաքննությունն անհրաժեշտ չէ և դատարանը կարող է անցնել դատաքննության փուլին:
Հայցվորների ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ վկաների մասնացությունը կարևոր նշանակություն ունի գործի ելքի համար, որի պատճառով էլ դատարանը բավարարել է նրանց որպես վկա ներգրավվելու և հարցաքննելու միջնորդությունը: Նախագահող դատավոր Գ. Սոսյանը հայտնեց, որ վկաները կհարցաքննվեն դատաքննության փուլում, և նրանց ներկայության ապահովման ուղղությամբ դատարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
Հայցորների ներկայացուցիչը դատարան ներկայացրեց ևս մեկ ապացույց: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից տրամադրված պատասխանը, որով տրամադրվել էին դատարան ներկայացված տեսաձայնագրության մեջ նկարահանված բոլոր ոստիկանության աշխատակիցների անուն-ազգանունները: Բացի այդ, Տ. Սիրադեղյանն անհրաժեշտ համարեց ընթերցել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից գրությամբ հայտնած այն տեղեկությունն ըստ որի, ՀՀ ոստիկանությունից հայտնվել էր, որ Ա. Խուդոյանի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում ընտանիքն իր կամքով է վերադարձել տուն և ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժ չի գործադրվել:
Այդպիսով, դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված, որի մասին սահմանված ժամկետում կկայացվի համապատասխան որոշում: