«ՀՀ արդարադատության եվ մարդու իրավունքների ոլորտում դեռեվս կան չլուծված խնդիրներ»
13:36, March 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Մամլո հաղորդագրություններ, ՆորություններԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ երեկ Երևանում անցկացվեց քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտները Արևելյան Գործընկերության ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում» թեմայով:
Եվրոպական պատվիրակության անդամները Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեցին և ներկայացրեցին իրավիճակը Հայաստանի դատաիրավական համակարգում, ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում:
Քննարկմանը ներկա գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն ասաց, որ անկախ արդարադատությունն ու մարդու իրավունքները կարևոր ոլորտներ են և դրանցում բարեփոխումների հասնելու համար միասնական օժանդակության ծրագրով Հայաստանին տրամադրվել է 29 միլիոն և 12, 2 միլիոն եվրոյի չափով գումար:
«Կարևոր քայլեր կան, որ դեռ չեն կատարվել արդար դատաքննություն ապահովելու, անկախ դատական համակարգ ունենալու, դատավորների մասնագիտական առաջխաղացումը ապահովելու առումով: Մարդու իրավունքների ոլորտում դեռ կան մտահոգություններ ոչ ազատ ընտրությունների, խոշտանգումների, խտրական և դաժան վերաբերմունքի ենթարկվելու առումով: Գենդերային հավասարությունը, հավաքների, կրոնի ազատությունը բավարար չեն պաշտպանվում: Եվրամիությունը այս համատեքստում առաջարկել է Հայաստանի կառավարությանը արագացնել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումները և ընդունել առաջնահերթ օրենքները»,-նշեց Դիդենկոն:
Քննարկման մասնակից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյաննասաց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում նախատեսվել են մի շարք բարեփոխումներ:
«Խոսելով արդարադատության համակարգի մասին՝ նշեմ, որ դատական իշխանության անկախության հարցերը եղել են ԵՄ -Հայաստան հարաբերությունների շրջանակում կարևորագույն հարցերից մեկը: Այս հարցերի շրջանակում ինստիտուցիոնալ բարեփոխումներ են կատարվել, իրավական ակտեր են ընդունվել: Մենք մեր անցած տարվա զեկույցով անդրադարձել էինք Հայաստանում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ճնշումները դատավորների նկատմամբ, երկակի ստանդարտների կիրառումը, կոռուպցիոն ռիսկերը: Զեկույցից անցել է մեկ տարի և ԵԽ հաձնակատարի զեկույցի այս տարվա մարտ ամսին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ խնդիրները, որոնք առկա են Հայաստանում»,-նշեց Պետրոսյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որ մի քանի դրական փոփոխություններ են եղել Հայաստանում: Օրինակ՝ 2004-ին «Այլընտրանքային ծառայությունների մասին օրենքի» ընդունումը, 2001-ին ԵԽ անդամագրումից հետո մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը:
«Բայց զուգահեռաբար ՀՀ իշխանությունները ամենակոպտագույն կերպով խախտել են մարդու իրավունքները 2003-2004 թթ-ին, 2008-ին մարտի մեկի դեպքերի հետ կապված, որի քրեական գործը մինչ օրս բացահայտված չէ, իսկ 10 զոհերի մեղավորները պատժված չեն: Ինչ փոփոխություններ էլ, որ կատարում են մարդու իրավունքների ոլորտում, դրանք իմիտացիոն բնույթ են կրում, խաբեություն են, քանի որ իշխանությունները գիտակցաբար ու գաղափարական մոտեցմամբ չեն գնում այդ քայլերին»,-նշում է Սաքունցը:
Նա հավելում է, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսևորում «Խտրականության մասին օրենք» ընդունելու համար, իսկ ընդունելու հավանականությունը դիտարկում է միայն միջազգային կառույցներից ֆինանսական աջակցություն ստանալու անհրաժեշտության դեպքում:
«Այսինքն գաղափարական մոտեցում մարդու իրավունքներին չկա իշխանությունների մոտ: Իսկ քաղաքացիական հասարակության հնարավորություններն էլ չի բավարարում պարտադրել իշխանություններին այդ քայլերը կատարելու: Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության համակարգային բնույթ չկա, իշխանությունը հակված չէ լսելու, քննարկելու, բացի առանձին էպիզոդիկ դեպքերից, որոնցով փորձում են ցույց տալ, իբր այդ կամքը կա»,-ընդգծում է Սաքունցը:
Քննարկման մասնակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ներկայացրեց Հայաստանի դատաիրավական փոփոխությունների 3 փուլերը և դեռևս չլուծված առանցքային խնդիրները:
«Եվրոպական արժեքները չորսն են`օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, շուկայաական հարաբերություններ: Ամենակարևորը օրենքի գերակայությունն է: Դատական անկախությունը երկրի ողնաշարն է, իսկ և մարդու իրավունքները, և ժողովրդավարությունը դրա ածանցյալն են: Մեզ մոտ խնդիրը նրանում է, որ ՀՀ նախագահը Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է Վճռաբեկ դատարանի և նրա պալատի նախագահներին ու դատավորներին: Նախագահը սահմանադրորեն լիազորություններ ունի դատավորների նշանակման և ազատման համար: Այս խնդիրը դեռևս լուծում չի ստանում»,-նշեց Իշխանյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում դատական համակարգը կախված է գործադիր մարմնից և որևէ ինքնուրույնություն չունի:
«Թեև 2012-2016 թթ-ի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում փոփոխություններ են լինելու «Քրեական օրեսնգրքում» և «Քրեակատարողական օրենսգրքում», միևնույն է, դատավորների անկախությունը գործադիրից չի լուծվում և այդ կախվածությունը շարունակվում է մնալ»,-հավելեց Իշխանյանը:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսեց Հայաստանի կոռուպցիոն իրավիճակի և բարեփոխումների գործընթացի մասին:
«Փոխկապակցվածություն կա դատական համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիոն իրավիճակի միջև Հայաստանում: Կոռուպցիոն դրսևորումները բերում են շարքային քաղաքացիների իրավունքների խախտման, և նրանք չեն ստանում այն ծառայությունները, որ պետք է ստանային»,-նշում է Հոկտանյանը:
Նա ներկայացրեց ՀՀ-ի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը (2003-2007 թթ.) և երկրոդ ռազմավարությունը (2009-2012 թթ)՝ ընդգծելով, որ այդ տարիների ընթացքում միջազգային զեկույցներով կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոխվել Հայաստանում:
«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրավիճակը բավարար չէ: Միջազգային ինդեքսով առաջընթաց չի գրանցվել, նույնիսկ 2008-2011-ին եղել է հետընթաց: Սա կարելի է համարել լճացում: Ինստիտուցիոնալ կառույցները բացակայում են, դրա համար անհաջողություն են գրանցել նախորդ ռազմավարությունները: Եվ ես խորապես կասկածում եմ, որ նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն խորհուրդը նույնպես հաջողություն կունենա»,-եզրափակեց Հոկտանյանը:
Աղբյուրը՝ www.media-center.am