Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը. օգոստոսին այն հասանելի կլինի նաև arlis.am-ում
10:12, July 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:
Հուլիսի 20-ին կայացած դատական նիստում կողմերը հանդես եկան բացման խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պնդեց հայցապահանջը: Իսկ ՊՆ ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պահանջվող տեղեկատվության գաղտնազերծման նպատակով: Խմբի կողմից մշակված հավելվածն արդեն իսկ արժանացել է պաշտպանության նախարարի հավանությանը և օգոստոսին կներկայացվի ՀՀ Արդարադատության նախարարություն:
ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ մշակված ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի arlis.am համակարգում արդեն օգոստոսի վերջին:
Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:10-ին: