Մանկահասակ երեխաների մահվան մեջ մեղադրվաղ բժշկուհու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
15:29, October 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե ՀովհաննիսյանՎերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:
Մեղադրող կողմը սրանում միտում է տեսնում: Անչափահաս երկու երեխաների հարազատներն ու փաստաբանները ենթադրում են, որ նիստերը ձգձգվում են, որպեսզի բժշկուհին՝ Անահիտ Պետրոսյանը համաներումից օգտվելու հնարավորություն ստանա:
«Ինչ-ինչ պայմաններ հաշվի առնելով, նաև համաներման հնարավոր ակտին սպասելու նպատակ ունենալով: Որպեսզի ապահովագրված լինենք նման դեպքերից, մենք քաղաքացիական հայց ներկայացրեցինք Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան՝ ցավոք այս պահին միայն նյութական վնասի փոխհատուցման պահանջով, քանի որ բարոյական վնասի փոխհատուցման համար օրենքը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ է պահանջում: Բարոյական վնասի փոխհատուցում կներկայացվի վերջնական դատական ակտ ունենալուց հետո, ու բարոյական վնասի չափերը բավականին մեծ կլինեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց մեղադրող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Անի Չատինյանը:
Արմավիրի մարզի հիվանդանոցում անցած տարի մահացած 5-ամյա էրիկի և 4-ամյա Կարինեի հարազատները պնդում են, որ փոքրիկները բժշկի անփութության և անուշադրության զոհն են դարձել:
Թեպետ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել մարզի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին ղեկավար Անահիտ Պետրոսյանին, բժշկուհին ազատության մեջ է, քանի որ բողոքարկման գործընթացը դեռ չի ավարտվել:
Պետրոսյանի փաստաբան Արայիկ Ղազարյանը հերթական անգամ դատարանում հայտարարեց, թե իր վստահորդն անմեղ է: Անահիտ Պետրոսյանը հրաժարվեց նկարահանվել կամ ձայնագրվել, այնուհետև հրաժարվեց նաև իր փաստաբան Արայիկ Ղազարյանի ծառայություններից:
Հենց դատարանի դահլիճում Ղազարյանին փոխարինելու եկած փաստաբան Անժելա Ենգիբարյանը թեպետ ասաց, որ բողոքը միասին են գրել, բայց դատարանից ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար: Դատարանը նիստը հետաձգեց:
5-ամյա Էրիկի մայրը՝ Լուիսնե Ամիրխանյանն ասաց․ – «Արդարադատության հույսն այսօր իսպառ մարեց: Արդարատությունն էսօր գումարն ա»:
Անմիջապես վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու ու համապատասխան առաջին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, բժիշկը սառնասրտություն է ցուցաբերել ու նրանց սովորական հիվանդասենյակում պառկեցրել: Օրեր անց երեխաները մահացել են, իսկ բժիշկըը պնդել է, թե ինքը մեղավոր չէ․ նախորդ նիստերին դատարանում հնչած այս մեղադրանքը Անահիտ Պետրոսյանը չի ընդունում: Ավելին՝ վերաքննիչ ատյան ներկայացրած իր բողոքով պահանջում է վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումն ու իրեն արդարացնել:
Մեղադրող կողմը, սակայն, պնդում է, որ առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժ է ընտրել: «Երկու երեխայի մահվան համար երեք տարվա ազատազրկման ձևով պատիժ նշանակել, իսկ հետագայում դատարանում փաստաբանը նշում է, որ ինքը [Անահիտ Պետրոսյանը], այնուամենայնիվ, անմեղ է, ու եթե հանկարծ դատարանը հանգի եզրակացության, որ մեղավոր է, պայմանական կիրառել․․․ Դա անթույլատրելի է: Պնդում ենք, որ պետք է առավելագույն պատիժ նշանակվի», – ասաց Անի Չատինյանը:
Հիշեցնելով օրերս Վանաձորի ծննդատանն արնաքամ եղած ծննդկանի մահվան դեպքը՝ Չատինյանը պնդում է, որ այս ոլորտը խիստ վերահսկողության կարիք ունի, այստեղ պատիժները պետք է առավելագույնը լինեն․ – «Անպատժելիության մթնոլորտն ա, որ մինչև էսօր մարդիկ են մահանում հիվանդանոցներում բուժում ստանալիս: Էս էն ոլորտն ա, որ առավել ուշադրություն պիտի դարձվի, ամենաբարձրագույն պատիժները պիտի գործեն»:
Տեսանյութը՝ այստեղ