Կոռուպցիան մեր երկրում մնում է չհաղթահարված․ Արթուր Սաքունց
18:22, March 22, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայաստանյան լրատվամիջոցներից մեկը հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն։
Միլսը նաև նշել է, որ հենց դա է պատճառը, որ Հայաստանում մարդիկ չեն ուզում ներդրումներ անել, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից․ «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումը և չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և խոչընդոտը», – ընդգծել է Միլսը։
HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շատ տեղին, օբյեկտիվ պատկերներ է ներկայացրել։
«Եվ պետք է նշեմ՝ մինչ ԱՄՆ-ի դեսպանի այդ գնահատականները մենք էլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, փորձագետները, հասարակական կազմակերպությունները բազմիցս այդ մասին ահազանգում էինք՝ նշելով, որ մեր երկրում կոռուպցիան մնում է չհաղթահարված։
Կոռուպցիայի դեմ պայքարում ուղղված արդյունավետ ինստիտուցիոնալ, օրենսդրական, քաղաքական կամք չենք տեսնում։ Այո, ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ էին անհրաժեշտ։ Բացի այդ՝ մենք քաղաքական կամք չենք տեսնում», – նշեց Սաքունցը՝ հիշեցնելով՝ դեսպանն իր խոսքում նշել է՝ մարդիկ խուսափում են ներդրումներ կատարել ՀՀ-ում։
Ըստ Սաքունցի՝ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ծագումով հայ են, այստեղ ներդրումներ են արել, բայց այդ ներդումները այստեղ նրանց ձեռքից ուղղակիորեն խլել են։
«Այդ մարդիկ չեն կարողացել արդարության հասնել և իրենցից խլված ունեցվածքը նույնիսկ ետ ստանալ չեն կարողացել։ Այնպես որ, ԱՄՆ-ի դեսպանը գալիս է հաստատելու կամ վերստին հաստատելու այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք՝ ուսումնասիրություններով և կոնկրետ փաստերով», – եզրափակեց Սաքունցը։