ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկված անձանց գործով ներկայացված բողոքը
14:03, April 23, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2015 թ. ապրիլի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ս. Համբարձումյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թ. մարտի 19-ի բողոքը մերժելու մասին որոշման օրինականությունը:
Հիշեցնենք, որ դեռևս 2014 թ. ապրիլի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա Ռոբերտ Մուրադյանի, Անդրանիկ Մխիթարյանի և Ջոն Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անմարդկային վերաբերմունքի փաստով հարուցվել էր քրեական գործ: Մասնավորապես, Ռոբերտ Մուրադյանը, Անդրանիկ Մխիթարյանը և Ջոն Մարտիրոսյանը խոշտանգումների և վատ վերաբերմունքի էին ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում, որի առթիվ նախ հարուցվել է քրեական գործ, ապա կայացվել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Հիշյալ որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն օրինական ուժի մեջ էր թողել նախաքննական մարմնի կողմից կայացված որոշումը:
Սույն գործով 2015 թ. ապրիլի 22-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը և դատախազ Կարեն Բիշարյանը:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Զալյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Ա. Զալյանը նշեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ռ. Գևորգյանի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով և օբեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինն արժանահավատ է համարել միայն ոստիկանության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքները, իսկ Ռոբերտ Մարտիրոսյանի, Անդրանիկ Մխիթարյանի, Շողիկ Մուրադյանի ցուցմունքներն արժանահավատ չի համարել: Այս առնչությամբ Ա. Զալյանը վկայակոչեց նույնանման գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ դեպքից մի քանի օր անցնելու պայմաններում ոստիկանության աշխատակիցները հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ, ու միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:
Ա. Զալյանը նաև նշեց, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել է Անդրանիկ Մխիթարյանի շահերի պաշտպան, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ժորա Պետրոսյանը, մինչդեռ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածն արգելում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ:
Բացի այդ, հիմնավորումներ ներկայացվեցին նաև Ռոբերտ Մուրադյանին և Անդրանիկ Մխիթարյանին սահմանված կարգի խախտմամբ բերման ենթարկելու, նախաքննության ընթացքում դեպքի մանրամասների վերաբերյալ մի շարք անձանց չհարցաքննելու և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում տեղադրված տեսախցիկների կողմից ֆիքսված ձայնագրությունները չառգրավվելու և չվերծանելու մասին:
Այդպիսով, Ա. Զալյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. մարտի 19-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Վերաքննիչ բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց դատախազ Կ. Բիշարյանը: Վերջինս, նախ նշեց, որ վերաքննիչ բողոքի պահանջն անօրինական է, քանզի դատարանը մինչ դատական վարույթի ընթացքում կայացված որոշումը վերացնելու իրավասությամբ օժտված չէ, այլ կարող է միայն պարտավորեցնել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը: Այնուհետև, Կ. Բիշարյանը ներկայացրեց գործով ձեռք բերված այն տվյալները, որոնցով հերքվել է խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի փաստը: Դատախազը նշեց, որ այդ փաստի բացակայության մասին վկայում են նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ–ում կազմված անձնական գործի և բժշկական անկետաների տվյալները, քանզի դրանցում որևէ նշում չկա մարմնական վնասվածքներ հայտնաբերելու մասին: Բացի այդ, Կ. Բիշարյանը նշեց, որ իրենց դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը հնարավորություն են ունեցել խոշտանգման փաստի մասին նշել իրենց մասնակցությամբ կատարված քննչական գործությունների արձանագրություններում, սակայն նմանատիպ նշումներ չեն կատարել: Կ. Բիշարյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում քննություն կատարել այն դեպքում, երբ կա խոշտանգման մասին վստահելի հայտարարություն: Մինդեռ, ըստ դատախազի, ներկայացված հայտարարությունը վստահություն չի ներշնչում, հատկապես, որ կատարվել է դեպքից ավելի քան 5 ամիս անց: Կ. Բիշարյանը նաև նշեց, որ տվյալ դեպքում Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը բերման են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի հիմքով, որը չի նախատեսում բերման ենթարկելու մասին որոշման կայացում: Իր առարկությամբ Կ. Բիշարյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը:
Դատախազ Կ. Բիշարյանի առարկության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Սաքունցի ներկայացուցիչ Ա. Զալյանը: Նա նշեց, որ տվյալ դեպքում կիրառել էիր բերման ենթարկելու այն իրավակարգավորումը, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որի դեպքում պարտադիր է որոշման ընդունումը: Բացի այդ, Ա. Զալյանը հայտնեց, որ ի սկզբանե ներկայացված հաղորդմամբ նշվել է կիրառված վատ վերաբերմունքի մասին, իսկ մարմնական վնասվածքներ ստանալու մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, քանի որ այդպիսի վնասվածքներ առկա չեն եղել:
Կողմերը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չունեին, ուստի, բողոքի քննությունն ավարտված համարելով, դատարանն անցավ խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը, որով նախագահող դատավոր Ս. Համբարձումյանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը: