Դիկտատուրայի հաստատում ավերակների վրա. Ինչ է ընտրելու իշխանությունը
20:49, June 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Երևանում Չեխիայի դեսպանը իր աջակցությունն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությանը։ Նա նշել է, որ Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունեն մտահոգությունները, որ կային։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ մնում է իր դիրքորոշմանը։ Ի՞նչ հետեւանքներ կարող են լինել։
Հայաստանն իր տնտեսական, ռազմական, էներգետիկ անվտանգության համակարգերով բավական սերտաճած և ինտեգրված է ռուսական համակարգերում։ Դրա մասին բազմիցս մտահոգություններ հնչել են։ Խոսքը վերաբերում է թե հակաօդային միասնական համակարգի ձևավորմանը, թե հայ-ռուսական միասնական զորամիավորման ստեղծմանը, որում ներգրավվել է մի ամբողջ բանակային կորպուս։ Խոսքը վերաբերում է ռուսական ռազմաբազայի գոյությանը ՀՀ տարածքում, ավելին՝ նաև դրա հետ կապված Ռուսաստանի ԱԳ նախարարի այն հայտնի հայտարարությունը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել որպես միջոց Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում։ Խոսքը վերաբերում է էներգետիկ կախվածությանը ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության միջոցով, որը ոչ միայն հանդիսանում է հիմնական կամ միակ մատակարարը, այլև արգելանք է հանդիսանում էներգետիկ այլ ռեսուրսներից Հայաստանի օգտվելու հնարավորությանը, որովհետև հայ-իրանական գազամուղի ամբողջ մենեջմենթը հանձնված է ռուսական «Գազպրոմին»։ Այս պայմաններում մեկ պետությունից բազմաթիվ գործոններով կախվածությունից դուրս գալու համար ԵՄ-ի հետ համագործակցությունը շատ սուղ հնարավորություններից է։
Ռուսական նշված գործոններով պայմանավորված՝ Հայաստանը բացարձակապես որևէ ինստիտուցիոնալ զարգացում չունի, խոսքը վերաբերում է նաև պաշտպանության ոլորտին, որովհետև զինված ուժերում իրավիճակի փոփոխության, ռիսկերի նվազեցման, էներգետիկ բնագավառում բարեփոխումների, ծառայությունների մատուցման, տնտեսության ոլորտում ազատականացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղություններով որևէ բան չունի ստանալու Ռուսաստանից: Չմոռանանք նաև այդ երկրում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման մասին։ Հետևաբար Հայաստանը, ռուսական այդ գործոններով պայմանավորված, որևէ զարգացման հնարավորություն չունի։ Այս պարագայում ԵՄ-ն զարգացման եզակի հնարավորություններից մեկն է։ Եվրամիության հետ համագործակցությունն ունի ոչ միայն ֆինանսական չափորոշիչ, այլև քաղաքակրթական, իմ նշած ոլորտներում՝ տնտեսական, իրավական, ժողովրդավարական, տնտեսական ազատությունների, միջազգային շուկայում պատշաճ, մրցունակ ապրանքներ ներկայացնելու, նաև պետական ինստիտուտների զարգացման առումներով։ Ֆինանսական աջակցությունը չի հանդիսանում եղածը պահպանելու միտում, այլ հանդիսանում է զարգացնելու, իրավական տեսակետից կանխատեսելի երկիր դառնալու միտում։
Իսկ այն խնդիրների հետ կապված, որոնք կոնկրետ վերաբերում են ընտրություններին, իսկ ընտրությունները իշխանության ձևավորման մեխանիզմ են և դրա բովանդակությամբ է պայմանավորված նաև իմ նշած բնագավառներում փոփոխության հասնելու երաշխիքը, ԵՄ դեսպանը մտահոգություն է արտահայտում, որ ունենք լուրջ խնդիրներ։ Սա նոր մտահոգություն չէ, մինչ Սվիտալսկին էլ եվրոպական կառույցները՝ թե Եվրոպայի Խորհուրդը, թե ԵՄ-ն, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բազմիցս են իրենց հայտարարություններում ու զեկույցներում անդրադարձել ընտրություններին և իրենց մտահոգություններն արտահայտել։ Այդ մտահոգություններն ունեն շարունակական բնույթ այն իմաստով, որ իրավիճակը չի փոխվում։ Եվրամիությունը որպես համագործակցող կառույց իր համագործակցության հիմքում ոչ միայն ֆինանսական բաղադրիչն է կարևորում, այլ դա ընդամենը միջոց է մնացած ինստիտուտների փոփոխության համար, իսկ դրանց հիմքում ընկած է ընտրական ինստիտուտը, անպատժելիության վերացման խնդիրները, կոռուպցիան վերացնելու հարցը։ Այս տեսակետից ՀՀԿ-ի ներկայացուցիչների արձագանքը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթին, ամբողջությամբ չի համապատասխանում ԵՄ-Հայաստան համագործակցության սկզբունքներին։ Այդ հարաբերություններում չկա թելադրող, դիրեկտիվներ հղող և դրանք կատարող կողմ։ Այնտեղ կա աջակցության բաղադրիչը։
Թեև իշխանությունն ասում է, որ Սվիտալսկու հայտարարությունները ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ է, սակայն նշում են, որ դա պայմանավորված չէ ԵՄ-Հայաստան հնարավոր փաստաթղթի ստորագրման հանգամանքով և հույս են հայտնում, որ դա պետք է կյանքի կոչվի։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, մենք խնդիր ունենանք նաև այս փաստաթղթի ստորագրման հետ կապված։
Մենք խնդիրներ ունենք արդեն իսկ ընտրությունների փաստով, մենք խնդիրներ ունենք իշխանության վարքագծի փաստով, մենք խնդիրներ ունենք ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում մեր դիրքորոշման հարցում, մոտ մեկ ամիս առաջ ՄԱԿ-ում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված մեր հերթական քվեարկությամբ, երբ աջակցեցինք ՌԴ ագրեսիային։ Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, և, անկեղծ ասած, ես շատ թերահավատ եմ վերաբերում, որ ՀՀ իշխանություններն իրապես ցանկություն ունեն ստորագրելու ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որովհետև նրանց գործելակերպը չի համապատասխանում այն հանձնառություններին, որը ձևավորվում է ԵՄ-Հայաստան երկխոսության շրջանակներում։ Այդ ամբողջ համաձայնագիրն ուղղված է հենց ինստիտուցիոնալ փոփոխություններին, որոնց պարագայում միայն կարող է Հայաստանն ակնկալել բյուջետային աջակցություն ԵՄ-ից։ Հայաստանը մի դեպքում ունի ակնհայտ դիրեկտիվային վերաբերմունք Կրեմլի կողմից իմ նշած էներգետիկ, տնտեսական և ռազմական ոլորտներում Ռուսաստանի հետ հարաբերություններին, որի դեպքում չկա զարգացման որևէ հնարավորություն, մյուս կողմից Հայաստանն ունի նման փոփոխությունների կատարման հնարավորություն ԵՄ-ի կողմից։ Եվ նման վերաբերմունքը, նման արձագանքը խոսում է զարգացման հնարավորություններից հրաժարվելու մասին։ Դա պայմանավորված է առկա իրավիճակը և սեփական իշխանությունը պահպանելու միտումով։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները, Սերժ Սարգսյանը կանգնած են երկընտրանքի առջև՝ կամ պետք է փոփոխություններ կատարի, իսկ այդ դեպքում դա կարող է սպառնալ սեփական իշխանությանը, բայց այդ դեպքում կարող է ակնկալել նաև ֆինանսական աջակցություն, ներդրում, կամ հրաժարվի այդ զարգացման հնարավորություններից, և այդ դեպքում էլ ավելի է ընկղմվում Կրեմլի դաշտը, որտեղ ընդհանրապես գործընկերային հարաբերությունների մասին խոսք չկա, և ընդհանրապես ներքին խնդիրները բացարձակապես վերանում են, որովհետև դրանք դառնում են Կրեմլի ազդեցության շրջանակում գտնվող խնդիրներ։ Բայց այդ դեպքում էլ Սերժ Սարգսյանը չունի ռեսուրսներ սեփական իշխանությունը պահպանելու համար։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր իմիտացիոն, ձևական, մակերեսային գործելակերպով որոշ ժամանակ կարողացավ շահել, մի դեպքում օգտագործելով ԵՄ ֆինանսական աջակցությունը, մյուս դեպքում կարողանալով պահպանել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կամ ավելի ճիշտ՝ սպասարկելով միաժամանակ ՌԴ քաղաքական պատվերը։ Բայց հիմա արդեն նման «ճկուն» խաղ խաղալու հնարավորությունների դաշտը բավական նեղացել է։ Այս պարագայում կամ փոփոխություններին ուղղված համարձակ քայլ պետք է կատարի, որի դեպքում պետք է հրաժարվի իշխանությունից, կամ պետք է քայլ կատարի և ամբողջությամբ ձևավորի արդեն կոնսոլիդացված ավտորիտարիզմից դեպի ամբողջությամբ դիկտատուրայի հաստատում ավերակների վրա։ Դրա համար ևս պետք են ռեսուրսներ, որոնք չի կարող տրամադրել Ռուսաստանը։ Այս երկընտրանքը, որը կանգնած է Սերժ Սարգսյանի առջև, իմ կարծիքով, նրան հասցնում է հոգեխանգարմունքի, որի դրսևորումներից են նրա կուսակիցների ջղաձիգ հայտարարությունները ԵՄ դեսպանի հասցեին։
Սա ոչ թե զգացմունքային գնահատական է, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Հայաստանն այլևս չի կարող գոյատևել ռուսական ազդեցության շրջանակներում որպես կենդանի օրգանիզմ, որը պետք է գոյատևի, որ պետք է զարգանա, պետք է հեռանկար ունենա։ Եղած պարագայում հարցը հետևյալն է. առաջնային է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ ներկայացուցիչների համար սեփական իշխանության պահպանո՞ւմը, թե պետության հեռանկարն ու ապագան։ Հիմա եկել է ճշմարտության պահը, որից խուսափել հնարավոր չէ տարբեր մանիպուլյացիոն ձևակերպումներով և ինչ-որ հայտարարություններով։