Իրավապաշտպանների գնահատականն ու հետագա քայլերը Սարի թաղի դեպքով կալանավորվածների և «Սասնա ծռերի» անդամների գործով
20:09, August 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեդիա կենտրոն, Օգոստոսի 22, Երևան: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում Սարի թաղի դեպքերից հետո ձերբակալաված քաղաքացիների, քաղաքական գործիչների և «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործերի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Կարագյոզյանը:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 19-ին Վերաքննիչ դատարանը քննել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից միանգամից 9-ի փաստաբանների բողոքները՝ կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին: Նրանցից 3-ի նիստը հետաձգվել էր, 5-ի բողոքը մերժվել:
Վերջին օրերին միայն երկու քաղաքական գործչի՝ «Ժառանգություն կուսկացության խոսնակ Դավիթ Սանասարյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցն է փոխվել և գրավի դիմաց նրանց ազատ են արձակել:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով ներկայացնում է Սասնա ծռեր խմբից 4 անդամի պաշտպանությունը՝ Պավլիկ Մանուկյանի, Արամ Մանուկյանի, Արմեն Լամբարյանի և Մխիթար Ավեստիսյանի, ասում է, որ իր 4 պաշտպանյալների համար վերաքննիչ բողոքներ է ներկայացրել կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու համար:
Սակայն ուրբաթ օրը տեղի է ունեցել Պավլիկ Մանուկյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, և բողոքը մերժվել է:
«Մխիթար Ավետիսյանի մասով նույնպես եղավ մերժում: Մերժման հիմքում դրվում են հետևյալ պատճառաբանությունները, որ իրենց մեղսագրված են ծանր արարքներ, և ազատության մեջ մնալով, նրանք կարող են խոչընդոտել, խուսափել գործի քննությունից և հիմնավորում են նաև այն հանգամանքով, որ առկա է հիմնավոր կասկածմ որ այդ անձինք մտել են ՊՊԾ գնդի տարածք: Ամեն դեպքում իմ կողմից որոշումները կբողոքարկվեն Վճռաբեկ դատարան»,-ասում է Պետրոսյանը:
Ինչպես հայտնի է Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի ունեցավ ուրաբթ օրը և նա դեռ պետք է ենթարկվի մի շարք վիրահատությունների:
«Դեռ մեկ տարվա ընթացքում Պավլիկ Մանուկյանը ինքնուրույն քայլելու, տեղաշարժվելու խնդիրներ կունենա: Ես տեսակցել եմ նաև 3 պաշտպանյալների, որոնք գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում և ականատես եղա մի խնդրի, որը շատ մտահոգեց ու հուզեց ինձ: Ես դա գնահատում են նրանց իրավունքների կոպիտ խախտում: Մեր կողմից բարձրացրած հարցերից հետո Էրեբունի բժշկական կենտրոնը բուժակների կողմից անընդհատ 24-օրյա հերթապահություն էր մտցրել և փաստորեն այսօր այդ հերթապահությունը հանվել է էրեբունի բժշկական կենտրոնից կողմից: Այնտեղ մենք ունենք լուրջ խնդիր»,- նշում է Պետրոսյանը և հավելում, որ այս առումով կնախապատրաստի բողոքներ ու դիմումներ:
«Ուրբաթ օրը Պավել Մանուկյանը ենթարկվել է վիրահատության, և երկուշաբթի օրը որոշում է կայացվել, որ բուժակները, ովքեր 24 ժամ հերթապահություն էին իրականացնում, այլևս չեն հսկելու հիվանդներին, ես սա համարում եմ քաղաքական որոշում»,-ընդգծում է Պետրոսյանը:
Արա Կարագյոզյանը, ով Դավիթ Սանասարյանի պաշտպանյալն է, վերջինիս ազատ արձակումը համարում է քաղաքական որոշում:
«Որևէ դատավոր այսօր չի գտնվի, որը կարող է օրենքով ղեկավարվել և անկախ որոշում կայացնել: Դա քաղաքական որոշում է, դրա համար կիրառվեց գրավ, այնուամենայնիվ քրեական գործը դեռ չի կարճվել: Սակայն տեսանյութերում երևում է, թե ինչպես էին Դավիթ Սանասարյանը և «Ժառանգություն» կուսակցության այլ անդամներ խաղաղության կոչեր անում, որ բռնություններ տեղի չունենան ոստիկանների նկատմամբ»,-ասում է Կարագյոզյանը:
Նա հավելում է, որ իրենց հաջորդ քայլը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է լինելու:
«Մինչ օրս մենք որևէ հանցակազմ չենք տեսնում մեր պաշտպանյալի` Դավիթ Սանասարյանի գործողություններում: Կան տեսանյութեր, որտեղ Դավիթ Սանասարյանը որևէ բռնության կոչ չի անում ու գործողությունների չի մղում: Իհարկե այժմ գրավ է կիրառվել, բայց կալանքը ապօրինի է եղել, և մենք բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան և եթե վճռաբեկից մերժում ստանանք, եվրոպական դատարան ենք դիմելու»,-նշում է Կարագոզյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 31-ը ապօրինությունների մի քանի ուղղություն է եղել:
«Մեկը՝ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ է, որոնք գտնվում են կալանքի տակ և քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հիմքով, երկրորդ խումբը զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչներն են, որոնցից երկուսի խափանման միջոցն արդեն փոխվել է կալանքից դեպի գրավի, բայց ևս երեք հոգի դեռ մնում են՝ Դավիթ Հովհաննիսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Անդրիաս Ղուկասյանը: Երրորդ խումբը մեղադրվում է Սասնա ծռեր խմբի օժանդակության մեջ, իսկ չորրորդ խումբը հենց Սասնա ծռերի խումբն է»,-նշում է Սաքունցը:
Սաքունցն ասում է, որ իրավապահ մարմինների պահվածքում ակնառու է ընտրովի արդարադատությունը:
«Բայց հիմնական տենդենցը, որ ընդհանուր է, ապօրինի հետապնդումն է, այդ թվում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգման հասնող վերաբերմունքը, պատշաճ բժշկական ծառայություն ժամանկին չտրամադրելը: Կա ակնհայտ քաղաքական հետապնդում է ոչ միայն Սասնա ծռերի անդամների, այլև բոլորի նկատմամբ և անհապաղ պետք է բոլորի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, ազատ արձակվեն: Պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, Հատուկ քննչական ծառայությունը պետք է շատ ավելի արդյունավետ գործի ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ՝ քրեական հետապնդման առումով»,-ընդգծում է Սաքունցը:
Իրավապաշտպանը նշում է, որ ՀՔԾ-ի կողմից չկա այդ ջերմեռանդությունը:
«Մենք տեսնում ենք քրեական հանցագործությունները կոծկելու գործողություններ և միտում զերծ պահելու ապօրինություններ թույլ տված բարձրաստիճան ոստիկաններին քրեական պատասխանատվությունից և ընդհուպ մինչև քաղաքացիներին համոզելը, որ բողոքներ չգրեն: Եթե այդ 14 օրերին կարող ենք խոսել շուրջ 770 քաղաքացիների բերման ենթարկվելու մասին, ապա առնվազն դրա կեսի չափով, մոտ 300 ոստիկանների նկատմամբ պետք է քրեական հետապնդում լիներ, այդ թվում ոստիկանապետի և նրա տեղակալների նկատմամբ, որոնց ապօրինի գործողությունները երևում են բոլոր տեսանյութերում»,-հավելում է Սաքունցը:
Հայկուհի Հարությունյանը ընդգծեց, որ դատարանների վարքագիծը և կոնկրետ դատավորների վարքագիծը պետք է միանշանակ քննության արժանանա:
«Հուլիսի 17-ից սկսած, երբ տեղի ունեցան ապօրինի բերման ենթարկելու գործողություններ, մենք առանձնացրել ենք քաղաքացիների, որոնք ենթարկվել են ապօրինի բերման, պահվել են անազատության մեջ ավելի քան 3 ժամ: Հաջորդ խումբը՝ այդ նույն գործողության իրականացման ժամանակահատվածում ոստիկանության կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության կամ հոգեբանական այլ ճնշումների: Այդ փուլի կուլմինացիան հանդիսացավ հուլիսի 20-ի դեպքերը, երբ ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ ուժի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ֆիզիկական վնասվածքներ ստացան: Նույնը կրկնվեց հուլիսի 29-ին՝ ավելի լայնամաշտաբ և ավելի վտանգավոր հետևանքի առաջացման տեսանկյունից: Հուլիսի 20-ից հետո նույն սցենարով տարբեր օրերի բերման ենթարկված անձինք, որոնք ոստիկանության բաժիններում պահվել են ավելի քան 3 ժամ, նրանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, կապ կամ հաղորդակցության ընտանիքի անդամների հետ արգելվել է, փաստաբանների հետ տեսակցություն, կամ այլ տեսակի իրավական աջակցություն ստանալուց են անձինք զրկվել, ինչպես նաև բնական կարիքները հոգալու համար անձինք ենթարկվել են սահմանափակումների»,-ասաց Հարությունյանը:
Նա կարևորագույն խնդիրներ բարձրացրեց նաև ՀՔԾ-ի աշխատանքների հետ կապված:
«ՀՔԾ-ն ունի սահմանափակ ռեսուրսներ, ՀՔԾ քննիչները զուտ մարդկային քանակական առումով ի վիճակի չեն այդ բոլոր գործերը քննել, իսկ դրանք 770-ի են հասնում, բոլոր բերման ենթարկված անձինք պոտենցիալ որպես տուժող պետք է հարցաքննվեն ՀՔԾ-ում: Այդ խնդիրը լուծելու համար ՀՔԾ-ում ձևավորվել է քննչական խումբ և առանձին քննչական կոմիտե, քննիչներ գործուղվել են այնտեղ, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնեն, բայց զուտ այն պայմանները և կազմակերպական ձևը, որ ընտրվել է, բավականին արդեն մտահոգիչ է: Միաժամանակ նույն սենյակում աշխատում են մի քանի քննիչ և միաժամանակ իրականացվում է այդ հարցաքննական գործընթացը: Բացի այդ հենց ՀՔԾ քննիչների առանձին խումբ զբաղվում է այն բուն քրեական գործի քննությամբ, որ ԱԱԾ-ից ուղղակի ուղարկվեց ՀՔԾ՝ Սասա Ծռեր խմբի 30 անդամների գործի քննություննը»,-նշեց Հարությունյանը:
Հարությունյանը հավելում է, որ փորձաքննություն, տեղազննություն և այն բոլոր բաղադրիչները, որոնք որ արդյունավետ քննության համար անհրաժեշտ են ընդհանուր պատկերը վերծանելու համար, իրականացվել են բավականին ուշացած:
«Կան քաղաքացիներ, որոնց առնչությամբ դեռևս դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ որոշումներ չի կայացվել, բայց անձինք ունեն լուրջ վնասվածքներ, որոնք մինչև օրս համարժեք բուժում չեն ստացել»,-ասաց Հարությունյանը:
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: