Արգո Ավակովը խախտել է ԵԱՀԿ-ի չափանիշները. իրավապաշտպանները դեսպանի հարցը կբարձրացնեն
22:47, August 22, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն, օրեր առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին անդրադառնալով, բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը ու ընդգծել, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում:
Անդրադառնալով Ավակովի հայտարարությանն՝ NewsBook-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախ նշեց, որ ԵԱՀԿ-ն շատ ծանր ժամանակներ է ապրում հիմա:
«Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել1975 թվականին, երբ դեռ սառը պատերազմի ժամանակներ էին: Այդ կազմակերպությունը սկզբում ձևավորվեց որպես խորհուրդ, հիմնադրվեց 33 եվրոպական երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կանադայի կողմից: Նպատակն էր հենց սառը պատերազմի պայմաններում Արևմուտք-Արևելք կամ արևմտյան ժողովրդավարության ու սոցիալիստական ճամբարի երկրների միջև որոշակի քաղաքական հարթակ ձևավորելը: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ժողովրդավարական փոփոխությունների ժամանակ ԵԱՀԿ-ն որոշակի դրական և ակտիվ դեր էր ստանձնում, բայց, ցավոք սրտի, Ռուսաստանում ավտորիտարիզմի տենդենցների ճնշմամբ նաև որոշակի վիճակ փոխվեց ԵԱՀԿ-ում»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն իր որոշումներն ընդունում է փոխադարձ համաձայնության մանդատի շրջանակներում:
«Եվ այն, ինչ որ մենք տեսնում ենք Հայաստանում, պատահական չէ, որովհետև բացի հայաստանյան գրասենյակի առաջին ղեկավարից, որն ավստրիացի էր, հետո բոլոր դեսպանները ռուս էին: Ի դեպ, ասեմ, որ զարմանալի օրինաչափությամբ ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավարները, մինչև գրասենյակի փակվելն իհարկե, Թուրքիայից էին: Ուզում եմ ասել, որ դեսպանի վարքագծի վրա, որը հիմա վերստին ներկայացնում է Ռուսաստանը, ուղղակի ազդեցություն ունեն իր երկրի քաղաքական դիրքորոշումները: Սա, իհարկե, պատահական չէ, այլ օրինաչափ, որովհետև մի երկիր է ներկայացնում, որը չունի ընդհանրապես ժողովրդավարություն և որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են: Դա ակնառու երևում է ԵԱՀԿ տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ գրասենյակի ռուսական դեսպանից այլ բան սպասել չէր կարելի, քանի որ նա նախկինում աշխատել է Ռուսաատանի Դաշնության նախագահի վարչակազմում:
«Բայց նման արտառոց գնահատական տալ ոստիկանության մի այնպիսի գործողության, որը բավականին լուրջ քննադատության է արժանացել միջազգային այլ կազմակերպությունների կողմից, ուղղակի շատ արտառոց է, որովհետև, այնուամենայնիվ, դեսպանը պետք է հավատարիմ մնար ԵԱՀԿ-ի չափանիշներին: Իսկ իր գնահատականները, հաշվի առնելով կոնկրետ փաստերը, չեն համապատասխանում ԵԱՀԿ-ի մոտեցումներին, ընդհակառակը՝ դա ակնհայտ խախտում է: ԵԱՀԿ-ն մեծ թվով ծրագրեր է իրականացրել իրավապահ մարմինների՝ տվյալ դեպքում ոստիկանության գործունեության հետ կապված, պետք է հանձինս դեսպանի՝ շատ ավելի քննադատաբար մոտենար: Բայց մենք տեսնում ենք, որ, ըստ էության, դեսպանը նահանջ է ապրում ԵԱՀԿ-ի չափանիշներից»,- ընդգծեց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ համոզված է՝ հանգամանքը ԵԱՀԿ համապատասխան մարմիններում լուրջ քննարկման հարց կդառնա:
«Մենք՝ իրավապաշտպաններս, այդ հարցը բարձրացնելու ենք ինչպես ԵԱՀԿ նախագահող երկրի առջև, այնպես էլ սեպտեմբերին Վարշավայում կայանալիք ԵԱՀԿ-ի մարդկային չափորոշիչների հանդիպմանը»,- եզրափակեց իրավապաշտպանը: