Ոստիկանությունը զոհաբերություններ է անում
01:23, August 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱվելի քան մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններից ոմանց նկատմամբ միայն այսօր քրեական գործ հարուցելը փաստում է այն մասին, որ ոստիկանությունը հուլիսյան դեպքերից հետո մի քանի քավության նոխազներ է գտել ու փոքրիկ զոհաբերություններ է անում:
Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտնել է, թե նախորդ տարի Բաղրամյան պողոտայի դեպքերով լրագրողների աշխատանքը խոչընդոտած 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել: Ավելի քան մեկ տարի լրագրողների նկատմամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնությունների գործը, որը մասնագետները վերջին տարիների ամենախոշոր բռնություններից մեկն են համարում, քննվում էր ՀՔԾ-ում, սակայն ոստիկաններին մեղադրանքներ չէին առաջադրվել: Ավելին, գործով անցնող լրագրողներն ու ոլորտի մասնագետները ձևական էին համարում ընթացող քննությունը:
Արթուր Սաքունցը նկատում է, որ նախորդ տարվա այդ դեպքերին գումարվեցին այս տարվա հուլիսի 17-31-ի Խորենացի փողոցի ու Սարի թաղի խայտառակ իրադարձությունները, և ավելի քան ակնառու դարձավ, որ ժամանակին ապօրինություն թույլ տված ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության չենթարկելը ոչ միայն հանգեցնում է նոր խախտումների, այլ նաև կարող է ավելի թեժացնել հանրային դժգոհությունը: «Եվ հիմա այս զոհաբերությունների միջոցով փորձում են հանրության դժգոհությունը նվազեցնել: Եթե հիշենք, սահմանադրական հանրաքվեի ժամանակ խախտումներ կատարածները նույնպես պատասխանատվության ենթարկվեցին, իհարկե, շատ փոքր դրամական տուգանքներ եղան, բայց փորձում էին ցույց տալ, որ պատժում են: Մյուս կողմից, մեղադրանք առաջադրելն ու իրականում պատժելը տարբեր բաներ են: Մենք դեռ չգիտենք էլ, թե ինչպիսի պատիժներ են սահմանվելու այդ ոստիկանների նմատմամբ, կարող է պայմանական, կարող է դրամական կամ ձևական պատիժ լինել: Բայց հիմնական խնդիրն այն է, որ այս հուլիսյան իրադարձությունները ստիպեցին, որ նրանք գնան այդպիսի զոհաբերությունների»,- ասաց Սաքունցը:
Միաժամանակ, իրավապաշտպանը հարցադրում է անում՝ նախորդ տարվա Բաղրամյան պողոտայի դեպքերի ժամանակ փոխոստիկանապետ Երանոսյանի արարքներն ակնհայտ երևում էին, չէ՞, նույն Աշոտ Կարապետյանն ակնհայտ իրեն ցույց էր տվել, նույն ոստիկանության աշխատակցիները նույնիսկ կին էին հայհոյում, ջրցան մեքենայի կիրառման ժամամակ նույն քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին ցուցարարների մեջ նստած, որոնք խախտումներ թույլ տվեցին: Նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, որպես մեղադրյալ չեն ներգրավվել: Հետևաբար, ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ շատ փոքր զոհաբերություններում փորձում են ցույց տալ, թե իշխանությունը հակված է, որպեսզի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:
Իսկ իրականում, Արթուր Սաքունցի խոսքով, նման իրադարձություններից հետո առաջին հերթին պետք է ոստիկանապետը պաշտոնանկ արվի: Ոստիկանապետի տեղակալները, առաջին հերթին Երանոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվեն:
«Այսինքն՝ քրեական գործի շրջանակներում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոստիկանապետը, նրա տեղակալները, Երևանի այն բաժինների պետերը, որոնք ներգրավված են եղել այդ ապօրինի գործողություններին: Բայց դա չենք տեսնում», հավելեց իրավապաշտպանը: