«24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել չորսի ոստիկանի վրա, ծիծաղելի է»․ Ինչու՞ պատժել հենց հիմա
18:17, August 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապահների կողմից ձևական մոտեցում է նախորդ տարի Բաղրամյան պողոտայում լրագրողների գործունեությունը խոչընդոտած ոստիկանների նկատմամբ այսօր քրեական գործեր հարուցելը: Այս կարծիքին է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, ով պահանջում է համատարած պատժի ենթարկել այս գործով մեղավոր բոլոր ոստիկաններին:
Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայի դեպքերով չորս ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ովքեր մեղադրվում են լրագրողների նկատմամբ գործողությունների մեջ: Տուժած լրագրողներն ու ոլորտի մասնագետներն ավելի վաղ ահազանգել էին, որ ավելի քան մեկ տարի է՝ ՀՔԾ-ն անգործության էր մատնված, և ոչ մի բացահայտում չկար:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայում վաղ առավոտյան ոստիկանները բիրտ ուժ ու հատուկ տեխնիկա կիրառեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ու իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ այդ օրը ոստիկանության ստորաբաժանումները խոչընդոտել էին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների՝ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների մասնագիտական աշխատանքը: Նրանցից 13-ը ֆիզիկական բռնության էին ենթարկվել, ոստիկանները կոտրել, վնասել էին լրագրողների նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը:
Դեպքից ավելի քան մեկ տարի անց է միայն ՀՔԾ-ն հայտարարում, որ մեղադրվող ոստիկաններ կան:
Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայության այս հայտարարությունն ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի այն ներողության հետ, որը նա հայցել էր լրագրողներից՝ կապված հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ:
«Վերջին իրադարձություններից առաջ, երբ մենք հարցումներ էինք անում, իրենք ասում էին, որ 24 տուժող լրագրող ու օպերատոր կար, բայց որևէ մեղադրյալ ու կասկածյալ չկար: Բայց նույնիսկ այս պարագայում, երբ չորս մեղադրյալ կա, այս հետաքննությունը միևնույն է անվստահություն է առաջացնում, որովհետև 24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել այդ չորսի վրա, ծիծաղելի է: Ստացվում է, որ 4 ոստիկան ծեծել են 24 լրագրողի ու օպերատորի»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այն փաստերը, որոնք տեսանկարահանված ու առկա են համացանցում, լրատվամիջոցների արխիվներում, վկայում են այն մասին, որ լրագրողների նկատմամբ բռնությունը զանգվածային բնույթ է կրել, դրա հրամանները տվել են բարձրաստիճան ոստիկանները, իսկ նրանց ենթակաները ջանասիրաբար կատարել են այդ հրամանները՝ նաև չարաշահելով իրենց լիազորությունները:
«Այնպես որ, սա շատ ձևական մոտեցում է, և ստացվում է, որ գտել են ինչ-որ մարդկանց, որոնց ուզում են քավության նոխազ սարքել»,- ասում է Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ իրականում այդ վայրագություններն իրականացրել են բազմաթիվ ոստիկաններ, նրանց բոլորին պետք է պատասխանատվության ենթարկել:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ վերջին իրադարձություններն այնպես խայտառակեցին ոստիկանությանը և այնպես ընդգծեցին ոստիկանական համակարգում առկա թողտվությունը, քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անահամաչափ ուժի կիրառումը, որ ոստիկանությունն ստիպված էր ինչ-որ քայլեր անել:
«Այս դեպքերի ֆոնին ընդգծվում էր, որ Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը լրագրողների նկատմամբ բռնությունների որևէ դեպք չեն բացահայտել: Ոչ միայն «Էլեկտրիկ Երևանի» մասով չկային բացահայտումներ, այլև նախորդ տարի լրագրողների նկատմամբ 14 բռնության դեպքեր կային, որոնցով հարուցվել էին քրեական գործեր, բայց որևէ գործ դատարան չէր մտել, բոլորը կարճվել էին»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:
ՀՔԾ այս քայլը, իրավապաշտպանի խոսքով, ձևական բնույթ է կրում, ցուցադրական է, որ ինչ-որ բան են ուզում անել: Ըստ նրա՝ իրավապահները տեսան, որ հասարակությունը բացահայտ ընդվզում է նրանց գործողությունների նկատմամբ, ոստիկանությունը բացահայտ օրենքից դուրս է գործում, և ոստիկանության անպատիժ մնալը հանրությունն այլևս չի հանդուրժում:
«Եվ այս ֆոնին փորձում են ինչ-որ մի քայլ անել: Հատկապես պետք էր այս վերջին դեպքերով քրեական գործեր հարուցել ամենաբարձր պատասխանատունների նկատմամբ՝ սկսած ոստիկանապետից, և պատասխանատվության ենթարկել: Սարի թաղի դեպքերն ուղղակի հարձակում էին մարդկանց վրա, թիրախավորված հարձակում էր լրագորղների վրա: Էլեկտրիկ Երևանի ու դրան նախորդած դեպքերի ժամանակ անպատժելիությունն ու թողտվությունը բերեց այս վերջին իրադարձություններին, որոնք իրենց չափով ավելի մեծ էին: Դա ոստիկանության կողմից բանդիտական հարձակում էր խաղաղ բնակչության վրա»,- ասում է իրավապաշտպանը:
Միաժամանակ Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ իրավապահների այս ձևական քայլով հասարակության կրքերը չեն հանդարտվի, քանի որ մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են, թե ինչ է իրականում կատարվում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատում է, որ իրավապահները զոհաբերություններ են սկսել անել, որոնցով փորձում են հանրության կրքերը հանդարտեցնել: Նրանք այդ քայլին գնում են, քանի որ այս տարվա հուլիսյան իրադարձությունները մեծ աղմուկ բարձրացրեցին: Ըստ իրավապաշտպանի՝ այնինչ պետք է բարձրաստիճան ոստիկաններին պատժել այս գործերով:
«Բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, նրանք որպես մեղադրյալ չեն ներգրավվել: Հետևաբար, սա խոսում է այն մասին, որ շատ փոքր զոհաբերություններով փորձում են ցույց տալ, թե իշխանությունը հակված է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին: Այնինչ, առաջին հերթին նման իրադարձություններից հետո պետք է պաշտոնանակ արվեր ոստիկանապետը».- ասում է Սաքունցը: