Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողին առեւանգե՞լ են
17:25, March 24, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԻրավապաշտպան Արթուր Սաքունցը չի բացառում, որ ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին առեւանգած լինեն:
«Եթե հաշվի առնենք Հակոբ Ինջիղուլյանի դեպքը, որ սկզբում գրվում էր, թե ինքն է անցել սահմանը, հետո պարզվեց, որ առեւանգել են, ապա հավանականությունը մեծ է, որ տեղի է ունեցել առեւանգում: Պարզապես հարցականի տակ է մնում, թե այդ ինչպես է եղել, որ զենքը զինվորի ձեռքին չի եղել, դա նշանակում է, հանգստի ժամանակ է եղել՝ ոչ մարտական հերթապահության կատարման վիճակում: Նշանակում է նաեւ, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում սահմանով, որ կարողանում են մարդկանց էդքան հեշտ տանել: Պետք է քննություն կատարվի ու իրազեկեն քաղաքացիներին»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:
Նրա համար տարօրինակ է, որ նույն օրում մի զինծառայող ինքնակամ հեռանում է Ադրբեջան, մի այլ առողջ զինվոր հանկարծամահ լինում. «Տարօրինակ է ժամանակագրական համընկումը եւ թե ինչքանով է մեկը մյուսին առնչվում, դժվար է ասել, բայց որ արդեն պայմանագրային հիմունքներով ծառայողների հետ էլ ենք խնդիրներ ունենում, դա արդեն մտահոգիչ է: Ավելի շատ խոսում է զինվորական ծառայության պայմանների անբավարար լինելու մասին, երբ որ մարդը ստիպված է թողնել զինվորական ծառայության հիմնական վայրը, անցնել ադրբեջանցիների կողմը: Հստակ է, որ մտահոգիչ հանգամանքներ կան ծառայության պայմանների վերաբերյալ, անհավանական եմ համարում այդպիսի զուգադիպությունը»:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բացառում է բանակային վատ պայմանների պատճառով հայ զինծառայողի՝ սահմանը հատելու վարկածը. «Ո՞վ է նման բան խոսում, իրավապաշտպան Արթուր Սաքունցը քանի անգամ է բանակ մտել, որ իմանա՝ ինչ պայմաններ են»: Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, Արցախի պաշտպանության նախարարությունը համարում է բեմադրված:
«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ www.aravot.am