ՀՀ բանակում այս տարի գրանցվել է 26 մահվան դեպք, ոչ մի ինքնասպանություն. ՀԿ
12:09, July 24, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄինչեւ այս տարվա հուլիսի կեսերը Հայաստանի զինված ուժերում ինքնասպանության դեպք չի գրանցվել, մինչդեռ 2013 թվականին եղել է նմանատիպ 8 դեպք: Այս մասինNEWS.am-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրության բաժնի մասնագետ Նազելի Մովսեսյանը:
«Ինքնասպանություն որակված դեպք չունենք այս տարվա ընթացքում: Հարկ է նշել, որ այս 7 ամիսներին գրանցվել է արդեն մահվան 26 դեպք, մինչդեռ ամբողջ 2013 թ.-ին 31 դեպք: Այսպես՝ 2013 թվականին եղել է ինքնասպանության 8 դեպք, հրադադարի ռեժիմի խախտում՝ 5 դեպք, զենքի հետ վարվելու կանոնների խախտում՝ 3 դեպք, դիտավորյալ սպանություն՝ 1 դեպք, կանոնագրային հարաբերությունների խախտման 2 դեպք: Մինչեւ այս տարվա հուլիսի կեսերը՝ գրանցվել է մահվան 26 դեպք, որից 13-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման եւ դիվերսիայի պատճառով, 1 դեպք զենքի հետ վարվելու կանոնները խախտելու ժամանակ, մարտական կանոնների խախտման 3 դեպք է գրանցվել, սպանվել է 2 զինծառայող, ավտովթարներից մահացել են 4-ը, իսկ 3 զինծառայող էլ մահացել է առողջական խնդիրների պատճառներով: Նշենք, որ սրանք միայն ժամկետային զինծառայողների մահվան դեպքերը չեն, այլ ընդհանուր բոլորինը»,- ասաց նա:
Նշենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր ԱՄՆ-ի բանակում կատարված ինքնասպանության թվերը՝ ըստ երեւույթին ցանկանալով ընդգծել, որ հայկական բանակում այս տարի ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել:
Աղբյուրը՝ news.am