Նույնիսկ ամենակատարյալ Սահմանադրության պարագայում ունենալու ենք նույն խնդիրները, քանի որ ունենք միակուսակցական համակարգ. Արթուր Սաքունց
10:39, July 24, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ սահմանադրական առաջարկվող փոփոխությունների խնդիրն այն չէ՝ Սահմանադրությունն իրավական է, թե՝ ոչ. «32 թվականի Գերմանայի սահմանադրությունը, եթե հանձնեինք Վենետիկի հանձնաժողովին, այն նույնպես իրավական կհամարվի: Խնդիրը սա չէ, այլ այն, որ նույնիսկ ամենակատարյալ սահմանադրության պարագայում մենք ունենալու ենք նույն խնդիրները, ինչ ունենք հիմա, քանի որ մեզանում այսօր առկա է միակուսակցական համակարգ»,- նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին: Ըստ իրավապաշտպանի՝ այսօր Հայաստանում միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ամբողջ հանրապետությունում մեծամասնություն է կազմում. «Հանրապետական կուսակցության հետ համեմատած նույնիսկ Բարգավաճ Հայաստանի ունեցվածքը 10 անգամ ավելի փոքր էր այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը դեռ չէր լքել կուսակցությունը: Ներկայումս ՀՀԿ-ն ունի առավելություն, և ոչ ոք չի կարող հասնել նրան: Ես կհամաձայնեի առաջարկվող փոփոխությունների հետ, եթե տեսնեի, որ դատական համակարգին անկախություն է տրվում, սակայն դա այս փաստաթղթում չկա», – ասաց Արթուր Սաքունցն ու կարծիք հայտնեց, որ Սահմանադրական փոփոխություններով իշխող կուսակցությունը պարզապես փորձ է անում իրավական տեսք տալու գործող միակուսակցական համակարգին, ինչի արդյունքում երկրում խորանալու է ճգնաժամը, և անելանելի վիճակ է ստեղծելու. «Սա է հենց վտանգավորը: Իրավական ճանապարհով փակվում են այս ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները», – եզրափակեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ nyut.am