Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի
20:18, November 25, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Սոցիալական իրավունքներ, Տեղաշարժի ազատություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն2014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Ա. Բ., նրա հայրը՝ Հ. Բ., և մայրը՝ Բ. Խ.:
Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ կիրառված ապօրինություններին, որը հասցրել է Ա. Բ.-ի ինքնասպանության փորձին:
Ըստ Բ. Խ.-ի կողմից կազմակերպությանն ուղղված դիմումի՝ դեռևս 2014 թվականի հուլիսի 1-ին ժամը 10:40-ի սահմաններում նրանց տուն են այցելել Ստեփանավան քաղաքի ոստիկանության աշխատակիցները՝ բնակարանի խուզարկության նպատակով: Խուզարկությունն ավարտելուց հետո հայտնել են, որ Ա. Բ.-ն իրենց հետ պետք է գնա Ստեփանավան քաղաքի ոստիկանության բաժին՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով: Նույն օրը ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում նրանք ոստիկանության աշխատակիցների հետ միասին մեկնել են Ստեփանավան քաղաքի ոստիկանութուն, որտեղ Ա. Բ.-ին հարցաքննել են մինչ 23:30-ն ընկած ժամանակահատվածը:
Կազմակերպությանը ներկայացված դիմումով Հ. Բ.-ն և Բ. Խ.-ն հայտնել են, որ 2014 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում իրենց տուն են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժանմունքի 4 աշխատակիցներ՝ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով:
Վերջիններս հայտնել են, որ ցանկանում են զրուցել Հ. Բ.-ի աղջկա՝ Ա. Բ.-ի հետ, բայց քանի որ վերջինս գտնվել է Երևան քաղաքում, Հ. Բ.-ին՝ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում, իրենց հետ տարել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին: Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի Ա. Բ.-ի գտնվելու վայրը՝ կծեծեն նրան:
Հ. Բ.-ը ոստիկանության բաժանմունքի տվյալ աշխատասենյակում մնացել է մոտավորապես 2 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նվաստացրել են նրան, սպառնալով, որ իրենց կապերի միջոցով վերջինիս կզրկեն նաև աշխատանքից:
Տվյալ ժամանակահատվածում Հ. Բ.-ը փորձել է զանգահարել իր տնօրենին որպեսզի հայտնի, որ չի կարողանում ներկայանալ աշխատանքի, քանի որ ոստիկաններն անօրինական իրեն պահում են ոստիկանության բաժանմունքում, սակայն չի կարողացել խոսքն ավարտել, քանի որ ոստիկանության աշխատակիցները հեռախոսը ձեռքից խլել են և թույլ չեն տվել այլ զանգեր կատարել:
Երկու ժամ տվյալ աշխատասենյակում մնալուց հետո, նրան տեղափոխել են հարակից աշխատասենյակ, որտեղ նա մնացել է միայնակ: Այնուհետև, ժամը 17:00-ի սահմաններում դիմացի սենյակում նստած ոստիկանության աշխատակիցը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել, որից հետո նրան վերադարձրել են բջջային հեռախոսը և ասել են, որ գնա աղջկան վերցնի և գա ոստիկանություն:
Նույն օրը՝ 17:30-ի սահմաններում, Ա. Բ.-ն վերադարձել է Երևանից, ոստիկանության աշխատակիցների և ծնողների հետ ներկայացել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին:
Ա. Բ.-ն հայտնել է, որ նշված օրը կատարված հարցաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է հոգեբանական անտանելի ճնշումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները դաջվածքներ, վնասվածքներ, թաքցված պարագաներ հայտնաբերելու նպատակով մերկացրել են Ա. Բ.-ին, ստուգել մարմինը, հեռախոսով նկարահանումներ կատարել: Այնուհետև, սկսելով հարցաքննությունը, ծաղրուծանակի, անձնական բնույթի վիրավորանքների, ճնշումների միջոցով ցանկացել են, որ Ա. Բ.-ն խոստովանի, որ կատարել է հանցագործություն: Հարցաքննության ընթացքում, ինչպես իր դիմումում հայտնել է Ա. Բ.-ն, իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սկսել է շնչահեղձ լինել, ցանկացել է տեսնել ծնողներին, որպեսզի մոր մոտից իրեն անհրաժեշտ դեղերը վերցնի, սակայն ոստիկանության 3 աշխատակիցներ, որոնց անունները Ա. Բ.-ն չի հիշում, միայն արտաքինով կարող է ճանաչել, չեն թույլատրել մորը տեսնել, ծաղրելով, թե՝ «բա եթե հիմա չես կարող առանց մայրիկի, դե քեզ պատկերացրու կանանց գաղութում, որ առանց նրա ինչ ես անելու»: Ոստիկանության աշխատակիցները հարցաքննության ընթացքում անընդհատ վիրավորել են նրան, կոչելով անբարոյական, անդաստիարակ, չեն բացատրել նրան իր իրավունքները և պարտականությունները, ոստիկանությունում պահել են նոյեմբերի 11-ի ժամը 17:30-ից մինչ նոյեմբերի 12-ը 03:30-ը ընկած ժամանակահատվածը, սպառնացել են նրան, որ կտեղափոխեն հանցագործների մոտ և այլևս ծնողներին չի կարողանա տեսնել:
Տեսնելով, որ այդ կերպ չեն կարողանում ստիպել Ա. Բ.-ին ինքնախոստովանական ցուցմունք գրել, սկսել են համոզել նրան: Ճնշումներին չդիմանալով Ա. Բ.-ն սկսել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք գրել, որն իրեն թելադրել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո միայն նրան թույլ են տվել տուն գնա:
Ոստիկանության աշխատակիցները Ա. Բ.-ին վստահեցրել են, որ տվյալ ցուցմունքի մասին ոչ ոք չի իմանա և պետք չի, որ ընտանիքի անդամներին էլ հայտնի դառնա կատարված հարցաքննության արդյունքում տրված ցուցմունքները, որի մասին վերջինս ծնողներին չի հայտնել մինչ 2014թ. նոյեմբերի 20-ը:
Ա. Բ.-ի մայրը՝ Բ. Խ.-ն հայտնել է, որ ամբողջ այն ժամանակահատվածում, երբ Ա. Բ.-ն գտնվել է ոստիկանության բաժանմունքում, ինքը նույնպես գտնվել է այնտեղ և լսել է աղջկա լացի ձայները: Փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում քննչական սենյակում, բացել է հարցաքննության սենյակի դուռը և տեսել է աղջկան լաց լինելիս, որից հետո անմիջապես Բ. Խ.-ին ոստիկանության շենքից դուրս են հանել: Ներկայացված դիմումով Բ. Խ.-ն պնդել է, որ Ա. Բ.-ն ոստիկանությունում է գտնվել նոյեմբերի 11-ի՝ ժամը 17:30-ից մինչ նոյեմբերի 12-ի՝ ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում:
Ա. Խ.-ն 2014թ. նոյեմբերի 25-ին կազմակերպություն է ներկայացրել ևս մեկ դիմում այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 23-ին ժամը 20:50-ի սահմանում Ա. Բ.-ն հասկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ճնշումնների արդյունքում ձեռք բերված ցուցմունքների լրջությունը, մեծ քանակությամբ դեղամիջոցներ է կուլ տվել ինքնասպանություն կատարելու նպատակով, որը Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցի բժիշկների կողմից կանխվել է: Նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ն դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել տուն, սակայն նրա կողմից կատարված ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության որևէ աշխատակից մինչ օրս նրան չի այցելել:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ պատասխանատվությունը իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին, պահանջելով Ա. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնությունների ենթարկելու, ազատությունից անօրինական զրկելու, վերջինիս ինքնասպանության հասցնելու փաստերի հիմքով հարուցել քրեական գործ, և միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հոդվածում փոփոխված են անունները և չի հրապարակվում կազմակերպության կողմից ուղարկված դիմումը ելնելով վերահիշյալ անձանց անձնական կյանքի գաղտնիության հանգամանքից: