«Կառավարության ծրագրում չկա կոռուպցիայից ինքնամաքրման, քաղաքական կամքի առկայության միտում»
21:28, June 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱզգային ժողովը ընդունեց կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որի տեսլականը, ինչպես ծրագրում է գրված, հիմնված է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքների վրա։
Կունենա՞նք արդար Հայաստան՝ հավանաբար 2022 թվականին պարզ կլինի:
Ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այս կառավարությունն էլ նախորդների պես խոստումներ է տալիս:
Օրինակ՝ արդարադատության ոլորտում կառավարության բարեփոխումներն ուղղված են լինելու Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրության արդիականացմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը, դատական համակարգի մատչելիության եւ արդյունավետության ապահովմանը:
Այս կառավարությունը համարում է, ինչպես ծրագրում է գրված, որ անհրաժեշտ է կատարելագործել դատարանների եւ դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում նկատեց՝ Հայաստանի արդարադատության վերաբերյալ միջազգային զեկույցներում շատ ավելի կոնկրետ են նշված խնդիրները, քան ծրագրում: Մասնավորապես, ինչպես հիշեցրեց Սաքունցը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերականի քննարկման ժամանակ եղել է առաջարկ, որը Հայաստանի իշխանությունն ընդունել է՝ պետք է բացառել դատական իշխանության կախվածությունը գործադիր իշխանությունից. «Դատական իշխանության կախվածության խնդրին անդրադառնում են բոլոր միջազգային ատյանները: Երբ նայում ենք կառավարության ծրագրի ձեւակերպմանը, նման բան չկա: Նախ պետք է նշեր՝ ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից: Չի նշվում՝ ումից անկախություն, եթե այս խնդիրը չես նշում, հետեւապես լուծումը չափելի չէ»:
Ինչ վերաբերում է ծրագրում նշված դատավորների ներքին անկախության ապահովմանը՝ չնշելով ներքին անկախություն ասելով ինչ նկատի ունեն, իրավապաշտպանը նկատեց՝ հավանաբար նկատի են ունեցել ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը, որտեղ խոսվում էր ե՛ւ կոռուպցիայի, ե՛ւ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների դատավորների կախվածությունը Վճռաբեկ դատարանի նախագահից. «Բայց պետք է խնդիրը հստակ ձեւակերպել՝ ամեն մի դատավոր ինքնուրույն է վճիռ կայացնում, եւ որեւէ միջամտություն վերադաս դատավորից անթույլատրելի է: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթների խնդիրներ կան, որին նույնպես ծրագրում չեն անդրադառնում: Տրվում են հռչակագրային ձեւակերպումներ, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում խնդիրները, եւ նաեւ հնարավոր չէ դրանց ուղղված քայլերը, լուծումը չափելի դարձնել»:
Կառավարության ծրագրում նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչեւ 2019 թվականի ավարտը հետեւողականորեն իրագործել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը՝ սերտ համագործակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մինչեւ 2019 թվականի ավարտը մշակել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը»:
Այս դրույթի իրականացման վերաբերյալ էլ Սաքունցն այնքան մեծ հույսեր չի կապում, նույնիսկ այն ամորֆ է համարում. «Մենք մարդու իրավունքների պաշտպանության նախորդ՝ 2014-2016 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի քննարկմանը մեր առաջարկները ներկայացրել էինք: Մեծամասամբ հաշվի չառան, ավելին՝ ռազմավարությունը, որը հաստատվել էր ՀՀ նախագահի հրամանագրով, դրա վերաբերյալ էլ մեր առաջարկություններին ուշադրություն չդարձրին: Այս ռազմավարության գործողությունների ծրագրի քննարկմանը մենք մասնակցել ենք, բայց սերտ համագործակցության տրամաբանությունը չի գործել, այլ՝ ինչպես իրենք ցանկացել են: Հիմա նոր ռազմավարությունից են խոսում, ու անդրադարձ չկա նախորդ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների մասին՝ ի՞նչն է ստացվել, ի՞նչը չի ստացվել: Այսինքն՝ դու առանց քննարկելու, վերլուծելու, գնահատելու առաջին գործողությունների ծրագիրը, անցնում ես 2-րդին, նաեւ նշում ես 3-րդի ընդունման մասին՝ վերստին չունենալով նախորդների մասին գնահատական: Մի անհասկանալի վիճակ է՝ կարող ես թղթի վրա գրել՝ ամեն ինչ հիանալի կատարվել է, բայց իրականում ոչինչ չի փոխվել: Այնպիսի ձեւակերպումներ կան, որոնք բացարձակ առնչություն չունեն մարդու իրավունքների իրավիճակի հետ, վերացական են: Ծրագրում գրում են՝ մշակել նախագիծ, ներկայացնել: Անընդհատ կարել է մշակել, բայց նախագծով չի փոփոխվում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այլ կոնկրետ գործողություններով: Այնպես որ՝ սա վերստին ամորֆ ծրագիր է, ընդհանրական, ոչ կոնկրետ, տեսական հասկացողություններ են»:
Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ բոլոր կառավարությունների ծրագրերում միշտ էլ նշվում են բարեփոխումների մասին, սակայն կատարման արդյունքները վկայում են միջազգային կառույցների գնահատականները, որոնք բացասական են: Իրավապաշտպանն այս առնչությամբ նկատեց՝ այս կառավարությունն էլ խոսում է բարեփոխումներից, սակայն եթե ծրագրում չի նշում, թե նախորդ անգամները միջազգային կառույցներն ինչ գնահատականներ են տվել եւ ինչ հանձնարարականներ, որոնք պարտավոր են կատարել, ապա անհասկանալի է, թե այս կառավարությունն ինչ բարեփոխում է ծրագրել:
Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի մասին կառավարության ծրագրում նշված է. «Մինչեւ 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը: Մշակել հակակոռուպցիոն նոր գործուն, հեռանկարային ռազմավարություն՝ նոր հակակոռուպցիոն թիրախային ոլորտների սահմանմամբ»:
Այս դրույթն էլ Սաքունցի համար հուսադրող չէ եւ հավատ չի ներշնչում:
Իրապաշտպանի կարծիքով՝ այս կառավարությունը չներկայացրեց 9 ամիսների իր կառավարման արդյունքները, նախորդ կառավարությունների ծրագրերի կատարման վերաբերյալ էլ հաշվետվություններ չեն եղել.«Խոսք չկա, թե՝ ի՞նչն իրենց մոտ լավ ստացվեց, ինչը՝ չստացվեց: Հայաստանում կառավարությունների ծրագրերի կատարման վերաբերյալ պատասխանատվության ինստիտուտ չկա, ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Հիմա եթե վարչապետ Կարապետյանն էլ այս 9 ամսում իր առաջին ծրագրի իրականացման մասին հաշվետվություն չի ներկայացնում, գնահատական չի ստանում, էլ ինչի՞ մասին է խոսքը»:
Սաքունցը կարծում է, որ կառավարության ղեկավարը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, ասել՝ որոնք են թերացումների պատճառները, իսկ եթե ամեն նոր ծրագրում նույն խնդիրների մասին են խոսում, ուրեմն ծրագիրն անարդյունավետ է:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության մտադրությանը, իրավապաշտպանն ասաց. «Հակակոռուպցիոն բազմաթիվ նախաձեռնություններ եղան, բա ասեք՝ ինչո՞ւ չստացվեց: Ո՞նց կարող եք կոռուպցիայի դեմ պայքարել, եթե ձեր քաղաքական մեծամասնությունում կան մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ թաղված են: Սկսեք ձեզնից, մաքրեք ձեզ: Այս ծրագրում չկա ինքնամաքրման, քաղաքական կամքի առկայության միտում, գործողությունների քայլեր, որոնք կհիմնավորեն իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի առկայությունը»: