Անզոր Կարապետյանի գործը կրկին առաջին ատյանի դատարանում է
18:10, April 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կքննվի Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքը:
Հիշեցնենք՝ Անզոր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է, գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած են գտել:
2016 թ. մարտի 10-ին Անզոր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս մահվան հիմքով: Հաշվի առնելով 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում Անզոր Կարապետյանի ստացած վնասվածքները, քննչական մարմինը որոշում է կայացրել վերջինիս տուժող ճանաչելու մասին, իսկ 2016 թ. ապրիլի 26-ի որոշմամբ՝ քրեական գործի վարույթը կարճել:
Նախորդ դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը ներկայացրեց բողոքն ամբողջությամբ, որով հիմնավորումներ ներկայացրեց ոչ լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու, հարցաքննված անձանց ցուցմունքներով ի հայտ եկած հանգամանքներին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու վերաբերյալ: Մեղադրող դատախազն առարկեց դրա դեմ:
Դատական նիստը հետաձգվեց գործի նյութերը ՀՀ Քննչական կոմիտեի արխիվից ստանալու նպատակով:
Հավելենք, որ քննչական մարմնի որոշման՝ վերադասության, ապա դատական կարգով բողոքարկման արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. նոյեմբերի 4-ին մերժել էր այն, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժող կողմի բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության: