Բացառել ռեյտինգային համակարգը, մեծացնել կանանց ներգրավվածությունը, օգնություն ցուցաբերել միայն բժշկի թղթով. քննարկում՝ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ
16:11, June 26, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք«Ընտրական օրենսգիրք. ինչպե՞ս բացառել ընտրողի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմները» թեմայով այսօր տեղի ունեցավ քննարկում:
Բանախոսներն են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից Լուսինե Հովհաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կուսացության դիրքորոշումը, ասաց, որ դեմ են գործող կարգով ռեյտինգային ընտրակարգին, բայց կտրականապես չեն մերժում վարկանշային կարգի այլ կիրառում, օրինակ՝ համապետական ռեյտինգայինը:
«Որոշ առաջարկներ կան՝ կուսակցությունների՝ առավելագույն մանդատներ ունենալու շեմի հետ: Այս ամենից բացի հետընտրական զարգացումների կարգավորումների հետ կապված մեխանիզմներ ունենք, առաջարկում ենք քվեարկությունից հետո քվեարկության ընթացքում ոչ միայն կեղծիքներն արձանագրել, այլև հնարավոր ծավալ որոշել այդ կեղծիքների»,-ասաց նա:
Ներկայացնելով «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ իրենք 100 տոկոսին համամասնական ընտրակարգի կողմնակից են: «Մենք վարկանիշային քվեարկությունը բացառում ենք, չենք ընդունում»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենց մտահոգում է այս առումով միայն այն, որ մարզերից կարող է թեկնածուներ չլինեն և առաջարկում է այդ առումով քվոտավորել, և յուրաքանչյուր 6-նյակի մեջ լինի 1 մարզից թեկնածու:
Բացի այդ նա կարևորեց զինվորներին ազատ ու անկաշկանդ ընտրություն կատարելու հնարավորության ապահովումը, բանավեճերի առկայությունը և առաջարկեց առողջական խնդիրներով քաղաքացինրին քվեարկելու համար օգնություն ցուցաբերվել միայն բժշկի տեղեկանքով:
Արձագանքելով Սերգեյ Բագրատյանի առաջարկին՝ կապված մարզերից թեկնածուների ներգրավվածությանը՝ Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ չի հիշում մի օրենքի քվեարկում ԱԺ-ում, որի ժամանակ որևէ պատգամավոր՝ մեծամասնական կամ տարածքային, վեր կենա և ասի, որ իր մարզի բնակիչներին այս օրենքի նախագիծը շահավետ չէ, կամ ինքն այլ տեսակետ ունի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը ևս նշեց, որ իրենք բացառում են ռեյտինգայինի ցանկացած կիրառում: «Համապետական ռեյտինգայինն առավել վատթար տարբերակ է, ինչը կրկին առաջ է բերելու ընտրաշուկայի բաժանման սկզբունքը: Այսինքն՝ թեկնածուներն իրենց մեջ բաժանում են կատարելու, թե մարդիկ որ տարածաշրջանում որ թեկնածուին ընտրեն»,-ասաց նա:
Նա նաև կարևորեց կանանց ներգրավումը ընտրացուցակներում և համոզմունք հայտնեց, որ համամասնական ընտրացուցակներում հնարավոր կլինի մեծացնել կանանց քվոտաների թիվը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը նախ ասաց, որ համամիտ է, որ ամենավատ ընտրական օրենսգրքով կարելի է թափանցիկ ընտրություններ անցկացնել, և կամք ունենալու պարագայում չի ասվի, թե ընտրակաշառքները դժվար բացահայտելի են:
Նա կարևորեց բոլոր կուսակցություններին մեկնարկային հնարավորություն տալու հանգամանքը, որ ընտրություններից հետո չսահմանափակվի քաղաքական ուժերի համար կոլաիցիաներ կազմելու հնարավորությունը: «Եթե ԸՕ-ի փոփոխություններից հետո միայն 3 ուժեր կարող էին հետընտրական կոալիցիա կազմել՝ այն էլ 6-օրյա ժամկետում, ապա այս նոր ԸՕ-ով պետք է այնպես անել, որ թե՛ օրերի քանակը մեծանա, թե՛ կոալիցիա կազմելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի սահմանը վերանա»,- ասաց նա: