Սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում
17:39, May 26, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մայիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի բողոքը, մերժեց այն: Վլ. Խանդամիրյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով Ա. Զալյանը պահանջել էր Վլ. Խանդամիրյանին ազատել կալանքից կամ կալանքը փոխարինել գրավով՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:
Իր բողոքը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշում կայացնելիս հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ, իսկ Վ. Խանդամիրյանի՝ կատարված հանցագործությանն ունեցած առնչության վերաբերյալ կասկածը հիմնավորող՝ դատարանի վկայակոչած ապացույցների մեծ մասը դատարանում չի հետազոտվել: Պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել անգամ ապացույցներն ստանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու:
Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը կբողոքարկվի նաև Վճռաբեկ դատարանում: