Կարո՞ղ է տապալել
11:57, September 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ“Ինձ համար այս պահին միայն մեկ հարց կա` հոկտեմբերի 10-ին սպասվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշման ընդունումը: Սա է հիմնական հարցը, որովհետև ինքնիշխանության մարտահրավերը, որ էական նշանակություն կունենա նաև քաղաքացիական հասարակության մնացած բոլոր օրակարգային հարցերի տեսակետից:
Դա գլխավոր տեղում է գտնվում ու պատասխանը դեռևս չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` ի պատասխան հարցի, թե եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կարող է խոչընդոտել նույն օրը նախատեսվելիք ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրին:
“Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց մինչ այժմ ԵՏՄ-ի անդամագրման վերաբերյալ ես որևէ դիրքորոշում, հայտարարություն չեմ տեսել, ավելին լսել եմ միայն, որ դա անրշրջելի պրոցես է, որը ես չեմ ընդունում”,-հավելեց նա:
“Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ևս չի կարծում, որ եռյակը կարող է խափանել պայմանագրի ստորագրումը կամ ստիպել իշխանություններին փոխել արտաքին քաղաքականության վեկտորը:
“Եթե շուտ ընտրեին օրը, կարողանային մեծ ալիք բարձրացել, միգուցե, բայց հնարավոր չէ, քանի որ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը”: Նշենք, որ եռյակի ուժերից միայն “Ժառանգությունն” է, որ հստակ դեմ է արտահայտվել այս որոշմանը, մյուս ուժերը դեռևս հստակ դիրքորոշում չեն հայտնել, և ըստ լուրերի` այս հարցի պատճառով եռյակում տարաձայնություններ կան:
Սակայն Սոս Գիմիշյանը գտնում է, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ևս դեմ են այս որոշմանը, սակայն ոչինչ չեն կարող անել: “Նրանք երեքն էլ արևմտամետ ուժեր են: ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված ուժ է, իսկ նա շատ շուտվանից արևմտամետ քաղաքական գործիչ է”,-նկատեց նա` հավելելով, որ հակառակ դեպքում այս ուժերը չէին կարող համագործակցել:
Աղբյուրը՝ henaran.am