Լրագրող Արփի Մախսուդյանի ներկայացուցիչը քրեական գործը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան
10:27, September 29, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում՝ տան անդամների կամքին հակառակ և փորձել խուզարկություն իրականացնել: Պարզելով, որ խուզարկություն իրականացնելու թույլտվություն ոստիկանները չունեն՝ բնակիչները նրանցից պահանջել են հեռանալ բնակարանից, ինչից հետո լարված մթնոլորտ է առաջացել, ոստիկաններն սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել:
Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել՝ հիմնավորումներ ներկայացնելով այն մասին, որ կատարված քննությունը կրել է ձևական բնույթ և չի հանգեցրել մեղավորներին բացահայտելուն ու պատժելուն: