Պերմյակովին ՀՀ արդարադատությանը չհանձնելու քայլով ՌԴ-ն միայն ապացուցում է, որ հովանավորել է այս հանցագործությանը
17:51, January 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՌԴ պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, Նման կարծիք HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նա իր տեսակետը հիմնավորեց այսպես. «Հնարավոր չէ մեկ անձ հասցներ Ավետիսյաններին բոլորին կրակել այդքան արագ, որ վերջիններս չհասցնեին անգամ դուրս գալ սեփական անկողիններից։ Նման սպանդ կարող էր կազմակերպել միայն պրոֆեսիոնալ քիլլերը, իսկ Պերմյակովն այդպիսին չէ»:
Սաքունցը շեշտեց, որ ՌԴ-ն իր այն քայլով, որ Պերմյակովին չի ցանկանում հանձնել ՀՀ արդարադատությանը, միայն ապացուցում է այն, որ հովանավորել է այս հանցագործությանը եւ թաքցնում է իրական հանցագործներին. «Պերմյակովին պետք է հանձնեն ՀՀ իրավապահներին։ Եթե գործը քննեն հայ իրավաբանները, մենք ավելի հեշտ կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները»:
Դիտարկմանը՝ պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Պերմյակովը հակահայկական տրամադրություններ է ունեցել, նա պատասխանեց. «Պերմյակովը շատ քիչ ժամանակ է անցկացրել ՀՀ տարածքում, որպեսզի կարողանար պատկերացում կազմել հայերի մասին։ Կարծում եմ՝ այդ բոլորը ապատեղեկատվություն է»։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի ժամանակ մահացել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, իսկ 6-ամսական Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 7 օր կյանքի համար պայքարելուց հետո փոքրիկը մահացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
Սպանությունների համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ խափանման միջոց է ընտրված կալանքը:
Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը: Որոշում է կայացվել՝ Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Աղբյուրը՝ haynews.am