«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է».Արթուր Սաքունց
18:48, December 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍահմանային անցակետերում Հայաստանից մեկնելու դեպքում անձի զինվորական գրքույկը պահանջելը, դրանում նշումների կատարված կամ չկատարված լինելու հիմքով մարդուն սահմանը հատելն արգելելը ակնհայտ ապօրինություն են:
«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ այս օրերին Հայաստանից մեկնող երիտասարդներից սահմանային անցակետերում պահանջում են ներկայացնել զինվորական գրքույկները:
Սաքունցի խոսքով՝ պետական սահմանը հատելու համար անձի նույնականացման համար միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի՝ անձնագիրը: Այս գործելաոճը իրավապաշտպանը ազգ-բանակ հայեցակարգի հետևանք է համարում:
«Ազգ-բանակը գեղեցիկ փաթեթավորմամբ ռազմաստրկական հպատակության համակարգ է,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը,-սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է»:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ այսուհետ 18-27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներն առանց իրենց զինգրքույկը ներկայացնելու չեն կարող լքել ՀՀ տարածքը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում այս օրերին խուճապ է, քանի որ այդ տարիքի երիտասարդներին թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել: Այս խստացված հսկողությունը պայմանավորված է ձմեռային զորակոչի մեկնարկով:
Կառավարության այս տարվա նոյեմբերի 2-ի որոշմամբ՝ ոստիկանության պետին ու ԱԱԾ-ի տնօրենին հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով սահմանային կետերում ուժեղացնել հսկողությունը: Արական սեռի ներկայացուցիչներին այս օրերին թույլ է տրվում հանրապետությունից մեկնել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու նշումների դեպքում: Իսկ ամրակցման վկայականներում պետք է տարկետման իրավունքից օգտվելու մասին համապատասխան նշումներ լինեն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու պարտականություն անձը չունի, դա համապատասխան պետական մարմինն է իրականացնում՝ զինվորական կոմիսարիատը կամ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Իսկ եթե զինգրքույկում համապատասխան գրառումը կատարված չէ, իրավապաշտպանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է այդ ամենի պատճառով քաղաքացին տուժի կամ անհարմարություններ կրի:
«Մենք ուսումնասիրեցինք, նախորդ տարիներին էլ են կառավարության որոշման մեջ այդ կետերը եղել, բայց նման խնդիրներ չեն ծագել: Այսինքն՝ նախկինում խոսքը վերաբերել է զինվորական ծառայության հետ կապված հարցերը պարզելուն, բայց ոչ թե սահմանին, այլ անձնագրային բաժանմունքներում կամ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Բայց հիմա մտահոգիչ է այս իրավիճակը, քանի որ սահմանը հատելու ժամանակ անձի նկատմամբ սահմանափակումներ կարող են լինել միայն դեպքում, երբ կա քննչական մարմնի որոշում՝ բնակության վայրը չլքելու մասին»,- ասում է Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանն անդրադառնում է հարցին, թե ինչո՞ւ հիմա կառավարությունը որոշեց նման խստացված հսկողություն սահմանել:
«Զինվորական ծառայության հետ կապված հարցերը դառնում են դոմինանտ, և մենք Ազգ-բանակ մոտեցման կոնկրետ դրսևորումներին ենք իրապես առնչվում: Մթնոլորտը փոխվում է, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի որպես զինապարտ է դիտարկվում: Այս հասկացությունն արատավորվում է նման ապօրինի մեթոդներով»,- ասում է Սաքունցը:
Նրա խոսքով՝ սա շատ վատ գործելակերպ է, մարդու իրավունքների խախտման գնով անգամ ամենալավ գաղափարն ընդունելի լինել չի կարող, չնայած Ազգ-բանակ հայեցակարգի գաղափարն այդպիսին չէ: