Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ
10:46, December 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց:
Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է ներկայացվել 2017 թ. հուլիսի 25-ին և կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել:
Այդ որոշմամբ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ. Հ.-ի՝ տարբեր ժամանակահատվածներում իրականացված հետազոտությունների արդյունքները հակասում են միմյանց: Այդ հակասությունների առկայությամբ զորակոչիկը պետք է ուղեգրվեր այլ հետազոտությունների, և միայն դրանց արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող էր զորակոչիկի պիտանիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել:
Վ. Հ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի՝ ՀՀ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին ուղղված բողոքի հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը հանձնարարել է ուսումնասիրել Վ. Հ.-ի առողջական վիճակն ու 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վերադասությամբ և ներկայացված բողոքը բավարարվել է` Վ. Հ.-ի պաշտպան Ս. Սողոմոնյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` Վ. Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը՝ պնդելով, թե Վ. Հ.-ի առողջական խնդիրների դեպքում վերջինս ենթակա է զորակոչման, և նա խուսափել է զինծառայությունից: Այնինչ՝ Վ. Հ.-ն պարզապես օգտվել է իր վերաբերյալ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքից, և նրա առողջական վիճակը դեռևս պետք է ուսումնասիրվի:
Միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել է Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազություն: Սակայն զինվորական դատախազությունն էլ, պատշաճ չուսումնասիրելով ներկայացված բողոքը, մերժել է այն և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի նաև դատարանին: