Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
10:43, September 6, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրեկ՝ 2018 թ. սեպտեմբերի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց լսել վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով վկաների հարցաքննությունը:
Հիշեցնենք՝ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Հարցաքննվեցին մահացածի մայրը՝ Մարիետա Հովհաննիսյանն ու Վանաձոր ԲԿ մայրապետ Մարինե Գալոյանը, որը ներկա է եղել ծննդաբերության ժամանակ:
Մյուս վկաների մի մասը պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել, դատարանը կրկին բերման ենթարկելու որոշում կայացրեց: Վկա Լուսինե Սարդարյանը, որին բերման ենթարկելու որոշում էր կայացվել նախորդ դատական նիստի ժամանակ, ավելի ուշ ներկայացավ դատարան, սակայն չհարցաքննվեց, նրան կհարցաքննեն հաջորդ դատական նիստին:
Մահացած ծննդկանի մայրը՝ Մարիետա Հովհաննիսյանը, հայտնեց, որ ծննդաբերությունից հետո հեռախոսով խոսել է դստեր հետ և զգացել է, որ նրա ձայնը շատ թույլ է, բայց բժիշկներից ոչ մեկը չի մոտեցել իրենց ու ներկայացրել իրավիճակը:
Մնացած մասով ծննդաբերության օրվա վերաբերյալ Մարիետա Հովհաննիսյանի հայտնած տեղեկությունները էապես չէին տարբերվում Հռիփսիմեի սկեսրոջ ցուցմունքից: Նա ևս հաստատեց, որ դուստրը ծննդաբերությունից հետո մենակ է եղել և հեռախոսով օգնություն է խնդրել իրենցից: Կարծիք հայտնեց, որ դստեր մահն ավելի վաղ է վրա հասել, քան հայտնել են բժիշկները: Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: Նա կարծում է, որ այդ դեղի ազդեցության տակ է մնացել մինչև առավոտ և ամբողջությամբ չի հասկացել ինչ է կատարվում՝ դստեր մահվան լուրը, հարազատների անցուդարձն ու խոսակցությունները: Նրան կասկածելի է թվում նաև այն, որ մինչ մահվան լուրը հայտնելը բժիշկներն ասել են, որ վիճակը ծանր է, բայց թույլ չեն տվել հիվանդին մայրաքաղաք տեղափոխել, նա կարծում է, որ այդ պահին արդեն մահացած է եղել:
Վկան նշեց, որ ինքը ևս բուժաշխատող է եղել և իր համոզմամբ՝ սխալ բուժօգնություն են տրամադրել դստերը, օգտագործել են այնպիսի դեղ և այնպիսի հաճախականությամբ, որը կյանքի համար վտանգավոր է: Եվ խոսքն ուղղելով ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանին՝ ասաց. «Ինքը բժիշկ չի, մարդասպան ա»:
Հայտնեց, որ նրանց տեղեկություն էր հասել, որ գործը վիրահատության հասնելու դեպքում Դ. Շահվերդյանը վիրահատել չի կարող, քանի որ որակազրկված է ինչ-ինչ պատճառներով, և անհրաժեշտության դեպքում վիրահատությունն անելու է բժիշկ Ա. Ավալյանը, որն այդպես էլ հիվանդանոց չի եկել այդ օրը:
Դատարանի հարցին ի պատասխան նշեց, որ մինչ հիմա չեն հասկանում, թե ինչու ծննդաբերությունից առաջ 21 օր պահել են Հռիփսիմեին, քանի որ դուստրը ոչ մի առողջական խնդիր ու գանգատ չի ունեցել:
Նա ներկայացրեց նաև, թե ինչ դժվարությամբ են խնամել նորածնին և վրդովված ասաց. «Ոչ մի անգամ Շահվերդյանը կամ դատարանում նրան ուղեկցողներից որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ոնց են պահում որբին»:
Հաջորդը հարցաքննվեց Վանաձոր ԲԿ մայրապետ Մարինե Գալոյանը: Իր ցուցմունքում նա շատ քիչ տեղեկություն հաղորդեց, ավելի շատ տեղեկություններ հայտնեց կողմերի հարցերին ի պատասխան: Դատախազի հարցին, թե իր հիշելով ծննդաբերությունը մոտավորապես երբ է եղել և ով է ընդունել ծնունդն ու ինչ գործողություններ է արել, վկան պատասխանեց, որ ծծնդաբերությունը մոտավորապես 18:10-ի սահմաններում է սկսվել: Այդ ժամանակ Դավիթ Շահվերդյանի հերթափոխն ավարտված է եղել և նա Արսեն Բալայանին հերթափոխը հանձնելուց հետո շարունակել է գտնվել ծնարանում մինչև ծծնդաբերության ավարտը:
Նա նշեց, որ ծննդաբերության գործընթացը մոտ 30 րոպե է տևել, այն նորմալ է անցել, բայց կարեր դնելու անհրաժեշտություն է եղել, քանի որ երեխային չվնասելու համար բժիշկը կտրվածք էր արել: Ծննդաբերության ավարտից հետո ինքը մաքրել է տարածքն ու հեռացել, սակայն ավելի ուշ նրան կանչել են և այդ պահին նկատել է, որ ծննդկանն արնահոսում է, բայց գիտակցությունը տեղն է: Ա. Բալայանը որոշակի գործողություններ անելուց հետո կանչել է Դ. Շահվեդյանին, վերջինս արյունահոսությունը դադարեցնելու նպատակով խորանիստ կարեր է դրել: Ապա նկատել են, որ արյունահոսությունը չի դադարում, և ժամը 10-ի սահմաններում որոշել են տանել վիրահատարան, որտեղ էլ, իր տեղեկություններով, մահացել է Հռիփսիմեն մինչ վիրահատելը:
Նրան հարցեր ուղղեցին նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանն ու ամբաստանյալի պաշտպան Արտակ Ոսկանյանը: Նրանց հարցերին ի պատասխան՝ վկան հերքեց րոպեներ առաջ հայտնած տեղեկությունը, թե վիրահատելուց առաջ ծննդկանը մահացած է եղել, նա վերաձևակերպեց միտքը, թե չգիտի՝ վիրահատություն եղել է, թե՝ ոչ, միայն գիտի, որ վիրահատարանում է մահացել: Վկան նաև հայտնեց, որ երբ տեսել են արնահոսությունը, Արսեն Բալայանը կրկին «Սայտոտեկ» դեղ է օգտագործել, արնահոսությունը դադարեցնելու համար և նշեց, որ ծնարանում գտնվելու ժամանակահատվածում արյան փոխներարկում չի կատարվել:
Այսքանով վկայի հարցաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը 2018 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին է: