Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
16:12, September 7, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Երևանի բնակիչ Մարգարիտա Պապոյանին դեռևս 2002 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ Երևանի քաղաքապետը Հյուսիսային պողոտայի օտարման տարածքում գտնվող նրա կրպակի տարածքի փոխարեն Թումանյան փողոցում 7 տարի ժամկետով 5 քմ տարածք է տրամադրել: Սակայն որոշումը թղթի վրա է մնացել, և վարձակալության պայմանագիր նրա հետ այդպես էլ չի կնքվել: Դատական բողոքարկման արդյունքում Վարչական դատարանը 2008 թ. հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կատարել 2002 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշումն ու Մ. Պապոյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր:
Չնայած նրան, որ որոշումը ներկայացվել է հարկադիր կատարման, ԴԱՀԿ-ն այն չի կատարել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է Մ. Պապոյանի ու Խ. Մելքոնյանի իրավունքների պաշտպանությունն ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ աշխատակիցների արարքում հանցագործության հատկանիշներ չի տեսել և 2017 թ. դեկտեմբերի 4-ին կայացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
ՀՔԾ որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ 2018թ. ապրիլի 3-ին վերացրեց քննիչի որոշումն ու պարտավորեցրեց քրեական գործ հարուցել:
Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանը: Նա կարծիք էր հայտնել, որ դատարանի որոշումն օրինական ու հիմնավորված չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Չնայած դատախազի պնդումներին՝ վերաքննիչ դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց վերաքննիչ բողոքը: