Սերժ Սարգսյանը որակազրկեց ոչ միայն նախագահական կառավարումը, այլև խորհրդարանականը
23:18, February 9, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում հայտարարեց, որ կառավարության նիստերն ապրիլից փակ են անցկացվելու, քանի որ նախարարները կաշկանդվում են։ Որքանո՞վ է հիմնավոր այս տեսակետը։
Առաջին հերթին ակնհայտ է, որ այս բոլոր ինստիտուցիոնալ, օրենսդրական փոփոխությունները կատարվում են մեկ հիմնական նպատակով՝ ապահովել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեղավորվելու համար բոլոր անհրաժեշտ ջերմոցային պայմանները։ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը լրիվ անհեթեթ է իր տրամաբանությամբ այն խնդիրների առումով, որոնք մենք ունենք՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության, արդարադատության, սոցիալական և այլն։ Պարզ է, որ հրապարակավ չեն խոստովանելու, որ ամեն մի փոփոխության նպատակը Սերժ Սարգսյանի համար վարչապետի պաշտոնում ջերմոցային պայմանների ապահովումն է։ Երկու հիմնական խնդիր է առաջացել առաջարկվող փոփոխություններով։ Մեկը՝ գործադիր իշխանության հնարավոր բոլոր լծակների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, երկրորդը՝ այդքանով հանդերձ առավել քիչ հաշվետվողականություն և նվազագույն թափանցիկություն՝ կապված վարչապետի գործունեության հետ, և դրանով պայմանավորված՝ նաև հանրության հետ նվազագույն շփումներ։
Փաստորեն միակենտրոն համակարգի ամրագրում է տեղի ունենում, որտեղ պարզապես նախագահը դառնում է վարչապետ գրեթե նույն լիազորություններո՞վ։
Երբ ասում են սուպերվարչապետական համակարգ է ստեղծվում, այդ ձևակերպման մեջ էլ կա անհեթեթություն, որովհետև խորհրդարանական համակարգի տեսակետից դա անհեթեթ է։ Նախագահական համակարգի դեպքում համապետական ընտրություններով ընտրված նախագահը, որպես պետության գլուխ, սուպերնախագահ կարող էր լինել, որը նշանակում էր բոլոր լծակների կենտրոնացումը իր ձեռքում։ Վարչապետը ժողովրդի կողմից չի ընտրվում, նա խորհրդարանական մեծամասնության թեկնածուն է և նրա ձևավորած կառավարությանը վստահություն է տալիս։ Այս պարագայում գործադիր իշխանության բոլոր հնարավոր կարևոր լծակները վարչապետին հանձնելն անտրամաբանական է, որովհետև նա չի ընտրվել, որ ունենա այդպիսի լծակներ ու հաշվետու լինի դրա համար։ Փաստորեն, վարչապետն ստանում է շատ ավելի մեծ իշխանություն առանց ընտրողների առջև ուղղակի պատասխանատվության, որոնց խնդիրների լուծմանն ուղղված են այդ լծակները։ Սրա մեջ է անհեթեթությունը։Նախագահին տրվում են շատ լիազորություններ, որպեսզի իր ընտրողների առջև ստանձնած իր պարտավորությունները կատարի, բայց վարչապետը ընտրողների կողմից չի ընտրվում, խորհրդարանական կառավարման համակարգում ժողովուրդը ձևավորում է խորհրդարան, որի առջև պետք է հաշվետու լինի վարչապետը։ Այսինքն խորհրդարանն է պատասխանատու ժողովրդի առջև։ Այսինքն՝ այստեղ երկու մակարդակի անջրպետ է ստեղծվում վարչապետի և Հայաստանի քաղաքացիների միջև։ Ժողովուրդը վարչապետին չի ընտրում, խորհրդարան է ընտրում, և խորհրդարանը բուֆեր է հանդիսանում։ Երկրորդ, վարչապետին տրամադրվում են այնպիսի մեծ լիազորություններ, որոնցով ինքը վերստին հաշվետու չի խորհրդարանին, որը երկրորդ շերտի արգելքն է։ Ավելին, վարչապետն իր այդ լիազորությունների համար հաշվետու չի նաև կառավարության առջև, որովհետև մասնավորապես ոստիկանությունը, ԱԱԾ-ն կառավարության կազմում չեն։ Ստացվում է, որ վարչապետը ընտրողների առջև պատասխանատու չէ, խորհրդարանի առջև պատասխանատու չէ, նաև կառավարության առջև պատասխանատու չէ։ Այս պարագայում կառավարության նիստերի փակ անցկացնելը գալիս է տրամաբանորեն ամբողջացնելու բացարձակ անպատասխանատու վարչապետի ինստիտուտի ձևավորումը։Սա իր բովանդակությամբ դեմ է խորհրդարանական կառավարման սկզբունքներին։ Ստացվում է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում խորհրդարանը դադարում է իրական դեր ունենալուց։ Սա ոչ թե սուպերվարչապետական համակարգ է, այլ ուղղակի սուպերնախագահական համակարգի տրամաբանության շարունակությունն է։ Տարբերությունն այն է, որ նախագահը գոնե ժողովրդի կողմից ընտրվում էր և պետք է հաշվետու լիներ ժողովրդին, իսկ նոր ստեղծվող համակարգի դեպքում վարչապետը ունի բոլոր այն լիազորությունները, որն ուներ սուպերնախագահը, բայց ընտրողը ֆորմալ առումով չի կարող պահանջներ ներկայացնել վարչապետին, քանի որ նրան չի ընտրել։ Այս պարագայում փոխանակ կառավարության նիստերը բաց լինեն, գոնե տեղեկատվական մակարդակում իրազեկվեն քաղաքացիները, նույնիսկ դրանից են զրկում հասարակությանը։ Սա պատմության մեջ չտեսնված սուպերնախագահական բովանդակությամբ կառավարում է, բացարձակ միապետական կառավարում։
Փաստորեն իշխանական բուրգը պահպանվո՞ւմ է, թեև շատերի գնահատմամբ՝ դժվար կլինի դա:
Ոչ թե բուրգը պահպանվում է, այն դառնում է ավելի անվերահսկելի, ավելի անպատասխանատու և ավելի անհաշվետու։ Կառավարության նիստերը փակ անցկացնելու այն բոլոր հիմնավորումները, թե իբր նախարարները կաշկանդվում են, ես կարող եմ ասել, որ միակ կաշկանդվողը Սերժ Սարգսյանն է, որովհետև նա համոզվել է, որ ցանկացած հրապարակային միջոցառման պարագայում պաշտոնատար անձանց նկատմամբ իր անհարգալից, գռեհիկ վերաբերմունքն ակնհայտորեն երևում է, և չի ուզենա, որ իր էությամբ այս սուպերնախագահական, բացարձակ անպատասխանատու իշխանության կոնցեպտը որևէ կերպ հանրային ընկալումների մակարդակում կասկածի տակ դրվի։ Ինչպես ասենք Ստալինը ժամանակ առ ժամանակ ելույթ էր ունենում, բայց թե ինչպես էին կաբինետներում կամ պալատական միջավայրում որոշումներն ընդունվում, ինչ բնույթ, ոճ ուներ, այդ ամենը գաղտնի էր պահվում հանրությունից։ Հանրության համար նա մատչելի ու հրապարակային չէր։ Սերժ Սարգսյանը նույնիսկ հռետորական ջիղ չունի, ինչպես ասենք Հիտլերը, կամ Ֆիդել Կաստրոն։ Ես նման օրինակներ եմ բերում, որովհետև դրանք ամենավատ դեպքերն են։ Բայց Սերժ Սարգսյանը նույնիսկ այդ վատ օրինակների մոտ վատագույնն է իր անտաղանդ, իր ապաշնորհ բնույթով որպես գործիչ, որը փորձում է հանդես գալ ղեկավարի դերում։ Սա է հիմնական բացատրությունը, թե ինչու են լուրջ կրթություն ունեցող մարդիկ հայտնվում մի վիճակում, որ պետք է անհեթեթ հիմնավորումներով անհեթեթ փոփոխություններ առաջարկեն։
Մեր խնդիրների բնույթը թելադրում է, որ պետք է լինի շատ ավելի մասնակցային կառավարում, որպեսզի մարդիկ մասնակից լինեն խնդիրների քննարկմանը, որոշումների կայացմանը։ Դա է խնդիրների լուծման գրավականը, բայց ինքը փաստորեն միանձնյա, բացարձակ անվերահսկելի որոշում կայացնողի դիրքում է հայտնվելու։ Նա հանգիստ կարող է ժողովրդին ասել՝ ես ձեր առջև ոչ մի պատասխանատվություն չունեմ։ Նա կարող է այսպես կոչված խորհրարանական կայուն մեծամասնության ներկայացուցիչներին ասել՝ գնացեք ձեր հարցերը լուծեք, ձեզ է ընտրել ժողովուրդը։ Այսինքն Սերժ Սարգսյանը պատասխանատու չի լինելու նույնիսկ խորհրդարանական մեծամասնության առջև։ Սա, ըստ էության, բացարձակ միապետական իշխանության ֆենոմեն է։ Եվ ռեյխ կանցլեր Հիտլերը, և գենսեկ Ստալինը, ըստ էության, վարչապետներ էին պառլամենտական կառավարման համակարգերում։ Այսինքն Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր այս գործելակերպով Հայաստանում ոչ միայն բովանդակազրկեց ու որակազրկեց նախագահական կառավարումը, այլև խորհրդարանականը։ Նա ընդհանրապես արժեզրկում է հաշվետու իշխանության իմաստը, և առավել մեծ հանցագործություն Հայաստանի և նրա քաղաքացիների առջև անհնար է պատկերացնել։