«Սպիտակի խնամքի տան» բնակիչը դատարանում պահանջում է վերականգնել իր գործունակությունը
18:45, March 6, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներ«Սպիտակի խնամքի տան» անգործունակ ճանաչված բնակիչը դատարանում պահանջում է իրեն գործունակ ճանաչել և վերացնել իր նկատմամբ նշանակված խնամակալությունը:
Նա անգործունակ է ճանաչվել դեռևս 2004 թ.-ի ապրիլի 16-ին՝ մոր դիմումի համաձայն։ «Սպիտակի խնամքի տանը» բնակվում է 2016 թ. հուլիսի 17-ից, ուր տեղափոխվել է խնամքի փակ տիպի հաստատությունից:
14 տարի շարունակ անգործունակ ճանաչված լինելով՝ նա զրկված է իր հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունից, չի կարողանում աշխատանք գտնել և հոգ տանել իր մասին:
Ի դեպ՝ ինչպես Խնամքի տանը գտնվելու ողջ ժամանակահատվածում, այնպես էլ դրանից առաջ՝ սկսած 2015թ.-ից, բուժման կարիք չի ունեցել, ապրում է բնականոն կյանքով:
Ի թիվս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության մի շարք այլ դրույթների՝ ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 2017 թ. ապրիլի 12-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի շուրջ իր եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել է նաև անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտին: Կոմիտեն մտահոգություն է հայտնել անձին գործունակությունից զրկելու և խնամակալ նշանակելու՝ ՀՀ օրենսդրության դրույթների, հատկապես՝ խնամակալի միջոցով որոշումների կայացման համակարգը որոշումների կայացման աջակցության համակարգով փոխարինելու մեխանիզմների բացակայության շուրջ:
Անգործունակության խնդրին բազմիցս անդրադարձել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց և առաջարկություններ ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ:
Անգործունակ ճանաչվելու հետևանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց և կախման մեջ է ընկնում այլոց որոշումներից:
Գործունակությունը վերականգնելու և խնամակալությունը վերացնելու՝ «Սպիտակի խնամքի տան» բնակչի դիմումը 2017 թ. հոկտեմբերի 19-ին դատարան է ներկայացրել նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Նա հիմնավորումներ է ներկայացրել Խնամքի տան բնակչի գործունակությունը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ այդ թվում՝ վկայակոչելով մասնագետների կարծիքը՝ բնակչի առողջական վիճակի վերաբերյալ:
2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Ա. Չատինյանը դիմումի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց նաև դատահոգեբուժական փորձաքնննություն նշանակել նրա նկատմամբ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և կասեցրեց գործի վարույթը: Այն կվերսկսվի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո: