Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
11:31, September 6, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
Նախորդ դատական նիստին նրանք չէին ներկայացել, պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունը դատարանը հարգելի էր համարել, քանի որ նախապես տեղեկացրել էր, որ զբաղվածության պատճառով չի կարող ներկայանալ, իսկ Կարեն Մեժլումյանի բացակայությունը անհարգելի էր համարել:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված մյուս բժիշկը՝ Լ. Վարդանյանը, նախորդ դատական նիստում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: