Զինվորին զորակոչել են, դատել, հասցրել ինքնասպանության, հետմահու արդարացրել, հետո փոշմանել
17:48, May 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ ՄովսիսյանԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կայացավ ու հետաձգվեց Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի դիմումի վերաբերյալ մինչդատական վարույթի դատական նիստը:
Հեղինե Պետրոսյանը Հայկ Մովսիսյանի մայրն է: Հայկը ողջ չէ, նա ինքնասպանություն է գործել Շուշիի ՔԿՀ-ում:
1993 թվականին ծնված ու 2011 թվականի հունիսի 15-ին զորակոչված Հայկի ողբերգական ճակատագիրը ցնցող ազդեցություն է թողնում, իսկ նախաքննական ու դատաքննական մարմինների իրարամերժ, անհոգի ու ցավոք ճակատագրական ակտերին ծանոթանալը առավել է սրում այդ ազդեցությունը:
Մի հիվանդ զինվորի շուրջ անձերի ու ամբիցիաների բախում է եղել, ինչի հետևանքը երիտասարդի ողբերգական մահն է: Թե ում խղճին է այդ մահը, անհնար է, փաստորեն, որոշել, որովհետև Հայկի մահից հետո հարուցված երկու քրեական գործերը կարճվել են հանցակազմի ու հանցադեպի բացակայության հիմքով: Մեղավորներ չկան: Տղան ինքն է մեղավոր, երևի, որ հիվանդ է եղել ու գցվել է իր համար՝ անելանելի վիճակի մեջ:
Հայկ Մովսիսյանը զորակոչվել է, բայց դժվարությամբ է համակերպվել զինվորական ծառայությանը: Նրա տված նախաքննական ցուցմունքով՝ իր համար շատ անսովոր են եղել առավոտյան վերկացը, շարքում կանգնելը, «հավսար-զգաստ» հրամանների կատարումը, զորամասում տրված սնունդը, արևի տակ պարապմունքներ անցկացնելը: Սկզբում նույնիսկ հրաժարվել է համազգեստ կրելուց: Զգացել է, որ նյարդերը տեղի են տալիս: Զորակոչվելուց ընդամենը 12 օր անց՝ հունիսի 27-ին, ժամը 14-ին, երբ վաշտի անձնակազմը շարվել է ճաշարան գնալու, Մովսիսյանը կանգնել է շարքի վերջում: Երբ անձնակազմը մոտեցել է ճաշարանի շենքին, Հայկն աննկատ դուրս է եկել շարքից, անցել ցանկապատը և ինքնակամ թողել զորամասի տարածքը:
Սակայն 500 մետր անցնելուց հետո նրան տեսել ու զորամաս է վերադարձրել զորամասի սպաներից մեկը:
Մովսիսյանին տարել են գումարտակի հրամանատարի աշխատասենյակ:
Վերջինս զրուցել է Մովսիսյանի հետ, փորձել է ճշտել զորամասն ինքնակամ թողնելու պատճառը:
Ըստ Մովսիսյանի՝ զրույցի ժամանակ ինքը նյարդայնացել է, կորցրել ինքնատիրապետումը և նյարդերը հանգստացնելու համար զինվորական կիտելի գրպանից հանել է սափրվելու սայրն ու իր ձախ նախաբազկի շրջանում պատճառել կտրած վերքեր, գոռգոռացել է, տանջվել:
Մովսիսյանին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրան տեղափոխել են հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Նախաքննական ցուցմունքում Մովսիսյանն ասել է, թե իր ներվային համակարգը թույլ չէր տալիս, որ ծառայի: Ցանկացած պահի հնարավոր է՝ կորցներ ինքնատիրապետումը, չգիտակցելով կատարեր այնպիսի արարքներ, որոնք կարող էին ունենալ ծանր հետևանքներ:
Տղան իր խոսքերով ախտորոշել է իր հիվանդությունը, որը «աննկատ էր մնացել» նրան զորակոչողների համար: Տղան նշել է, թե իր հիվանդությամբ կարող էր վտանգավոր լինել նաև մյուս զինվորների համար…
ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագետի եզրակացությամբ՝ հոգեբուժական բաժանմունք տեղափոխված Հայկ Մովսիսյանի մոտ հայտնաբերվել է «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացի՝ սուիցիդի փորձով»:
Ըստ փորձագետի՝ հիվանդությունն արտահայտվել է ծառայության ընթացքում՝ դեզադապտացիայի պայմաններում, արտաքին միջավայրի, իրադարձությունների, անձնային առանձնահատկությունների ազդեցության ներքո:
Կրկին հիշենք, որ այս զինվորը զորամասում եղել է ամենաշատը 12 օր: Առողջ, զինծառայությանը պիտանի զինվորը տասներկու օրում կարո՞ղ էր այնպիսի հոգեկան հիվանդություն ձեռք բերել՝ կայծակնային ձևով, որ հանձնաժողովը շուտափույթ եզրակացներ, թե նա պիտանի չէ զինծառայության՝ խաղաղ ժամանակ: Նա ոչ պիտանի է եղել նաև զորակոչվելու պահին: Դա է վկայում նրա դրսևորած վարքագիծը ծառայության տասներկու օրվա ընթացքում:
Վերոհիշյալ եզրակացությունը տրվել է 2011 թվականի օգոստոսի 2-ին: ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից այդ եզրակացությունը հաստատվել է օգոստոսի 30-ին:
2011 թվականի սեպտեմբերի 17-ին պաշտպանության նախարարի հրամանով Հայկ Մովսիսյանը զորացրվել է պահեստազոր՝ առողջական վիճակի պատճառով:
Զինծառայության համար ոչ պիտանի զինվորին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելով՝ եզրակացրել են, թե նրա մոտ հայտնաբերված հիվանդությունն այն աստիճանի չի հասել, որ նրան զրկի իր գործողությունների համար պատասխան տալու կամ դատաքննչական գործողություններին մասնակցելու հնարավորությունից:
Հայկ Մովսիսյանը ճանաչվել է մեղսունակ:
Սեպտեմբերի 14-ին որոշում է կայացվել Հայկ Մովսիսյանի նկատմամբ զորամասն ինքնակամ թողնելու կապակցությամբ քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործի մասը կարճել՝ արարքում հանցակազմի բացակայությամբ:
Իսկ նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, մեղադրանքը, չգիտես, թե ինչու, խստացվել է, ու հիվանդ տղային մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով գումարտակի հրամանատարի աշխատասենյակում անդամախեղում կատարելու՝ սայրով երակները կտրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 2-րդ մասով:
Թե ինչու էր զինծառայությունից վերջնականապե՛ս ազատվելու նպատակով հիվանդ զինվորը հենց հրամանատարի աչքի առաջ անդամախեղում կատարում, պարզ չէ:
Ինքը՝ զինվորը, իր ցուցմունքում նշել է, թե զրույցի ընթացքում նյարդերը չեն դիմացել: Նա իրեն նախաքննության ու դատաքննության ընթացքում մեղավոր չի ճանաչել զինծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար: Բայց ոչ միայն նախաքննական մարմինն է հիվանդ, զորացրված զինվորին այս ծանր մեղադրանքով մեղադրել, այլև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ներկայումս այլևս դատավոր չհանդիսացող Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ ծանր մեղադրանքը լիովին հաստատված է գնահատել և 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ Մովսիսյանին դատապարտել… 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հուլիսի 20-ից:
Ուրեմն, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված հիվանդ երիտասարդին պաշտպանության նախարարը զորացրում է, իսկ ծառայության տասներկուերորդ օրը նյարդային վիճակում երակները սայրով կտրելու համար նույն զինվորին դատարանը դասալիք է ճանաչում ու ազատազրկման դատապարտում… երեք տարով: Աբսո՛ւրդ: Գոնե պայմանական դատապարտություն էլ հետը կիրառեր. և՛ նախաքննական մարմնին չէր նեղացնի, և՛ իր խղճի առաջ, միգուցե, հանգիստ կլիներ: Բայց…
Հայկ Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ դատավճռի հրապարակումից 8 օր հետո, Շուշիի ՔԿՀ-ի 8-րդ խցում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Նման դժբախտության պայմաններում դժվար թե Հայկի հարազատների մտքով անցներ մեկամսյա ժամկետում բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի անարդար դատավճիռը: Այդ դատավճիռը ուժի մեջ է մտել:
Բայց արի ու տես, որ 2013 թվականի ապրիլի 11-ին ուժի մեջ մտած անհոգի դատավճիռը բողոքարկել է ոչ այլ ոք, քան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ պնդելով, թե ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հայկ Մովսիսյանի գործով կայացված դատավճռում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որ արդյունքում կայացված դատական ակտը… խաթարում է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը խնդրել է բեկանել անարդար դատավճիռը, Հայկ Մովսիսյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
2013 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյան, Արշակ Խաչատրյան, Լիլիթ Թադևոսյան կազմով բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի լինելու հիմքով ամբաստանյալ Հայկ Մովսիսյանը դասալքության նպատակով անդամախեղում կատարելու հանցակազմի սուբյեկտ համարվել չէր կարող, դա հանցակազմը բացառող հանգամանք է:
Զինվորը զորացրվել է պահեստազոր ոչ թե անդամախեղման միջոցով իրեն թեթև վնաս պատճառելու, այլ բժշկական եզրակացությամբ ամրագրված հիվանդության հետևանքով:
«Սուիցիդի»՝ ինքնասպանության, ինքնավնասման փորձը Մովսիսյանը կատարել է որպես հիվանդության արտահայտություն: Ախտորոշումն այդպես էլ ձևակերպված է՝ «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում դեզադապտացիոն դեկոմպենսացիա՝ սուիցիդի փորձով»:
Ստացվում է, որ զինվորը ըստ բժիշկների՝ ինքնավնասում է կատարել հիվանդության բերումով, իսկ ըստ նախաքննական մարմնի ու առաջին ատյանի դատարանի՝ որպեսզի վերջնականապես ազատվի զինծառայությունից: Վերջինը ենթադրություն է, որը դրվել է մեղադրական դատավճռի հիմքում ու հանգեցրել զինվորի իրական մահվան:
Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, բեկանել է Հայկ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը, Հայկ Մովսիսյանին ճանաչել անմեղ ու արդարացրել է: Հետմահո՛ւ:
ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությանը հետևել է ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության ենթադրյալ դեպքի առթիվ՝ պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար:
Բայց արդարադատությունն իր ծլարձակող հաղթանակը չի տոնել:
Զարմանալիորեն նույն ՀՀ գլխավոր դատախազությունից, այս անգամ՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Թամազյանի կողմից հիմա էլ վճռաբեկ բողոք է ուղղվել ՀՀ վճռաբեկ դատարան: Պահանջվել է, որ վերաքննիչ դատարանի կայացրած արդարացման արդարացի որոշումը բեկանվի, քանի որ հիմա էլ, ըստ գլխավոր դատախազության մեկ այլ պաշտոնյայի, վերաքննիչի որոշումն էր «խաթարում արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և կարող էր հանգեցնել ծանր հետևանքների»:
Վճռաբեկ դատարանն էլ մի խուճուճ որոշումով եզրակացրել է, թե Հայկ Մովսիսյանը ինքնավնասում կատարելու պահին դեռ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ոչ պիտանի չէր ճանաչվել, հետևաբար զինծառայող էր, ուրեմն մեղսագրված հանցակազմի համար լավ էլ սուբյեկտ էր: Նրա իրավահաջորդն էլ մեղադրական դատավճիռը չի բողոքարկել սահմանված ժամկետում… Ուրեմն՝ մարդիկ դժգոհ չեն եղել… Բայց ճանաչված իրավահաջորդ կա՞ր, որ բողոքեր: Եվ Հայկի մահից սթրեսի մեջ ընկած մայրը դատավճիռ բողոքարկելու սիրտ ունեցե՞լ է, որ գոնե փորձեր բողոքարկել…
Մյուս կողմից էլ՝ քանի որ Հայկն արդեն ողջ չէ, քրեական բազմաչարչար գործի վարույթի վերաբերյալ երկար վիճաբանելու փոխարեն ավելի նպատակահարմար է համարվել կարճել վարույթը՝ Հայկ Մովսիսյանի մահվան կապակցությամբ:
Այսպիսով, վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի արդարացման որոշումը՝ բավարարելով գլխավոր դատախազի պաշտոնակատարի բողոքը, բեկանել է նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և իր կողմից դադարեցրել է Հայկ Մովսիսյանի քրեական հետապնդումը, քրեական գործի վարույթը կարճել է՝ Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Չկա մարդը, չկա պրոբլեմը կամ չկան պրոբլեմային դատական ակտերը: Հին, փորձարկված մոտեցում է…
Պետք է ասել, որ վճռաբեկ բողոքի պատասխան էլ է ներկայացված եղել: Մահացած Հայկն այս փուլում չգիտես թե ինչպես՝ նոր պաշտպան է ունեցել՝ Վ. Խաչատրյանը, ով նույնիսկ մասնակցել է վճռաբեկ դատարանի նիստին: Թե ով է ներգրավել այս պաշտպանին, ինչ հիմքերով՝ անհայտ է մնում, քանի որ Հայկ Մովսիսյանը տուժող ճանաչված չէ, տուժողի իրավահաջորդ չկա, իսկ թե ինչպես է հանգուցյալ ամբաստանյալը համաձայնություն տվել, որ Խաչատրյանը դատական վերին ատյանում ներկայացնի իր շահերը, անհասկանալի է:
Վճռաբեկի «դիվանագիտական» որոշումը կայացվել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին: Վճռաբեկի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է մտել, բնականաբար:
Ինչպես և կարելի էր սպասել, վճռաբեկի այս որոշումից հետո այլևս խոսք չէր կարող գնալ պաշտոնատար անձանց «ենթադրյալ անփութության» մասին:
ՀՔԾ-ում հարուցված գործի վարույթն էլ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Բայց քանի որ Հայկ Մովսիսյանը տուժող չի ճանաչվել, նրա մայր Հեղինե Պետրոսյանն էլ, հետևաբար, տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել, այս կարճման որոշումը Հայկի մայրն ու նրա ներկայացուցիչները բողոքարկել չեն կարողանում:
Ահա թե ինչու Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Հայկ Մովսիսյանը ճանաչվի որպես տուժող, Հեղինե Պետրոսյանը՝ տուժողի իրավահաջորդ: Ինչպես նաև պահանջել են, որ դատարանը պարտավորեցնի ՀՔԾ ավագ քննիչ Մ. Բաբայանին՝ տրամադրելու քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:
Դատական նիստին չէին ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Վ. Բադալյանը և ՀՔԾ ավագ քննիչ Մ. Բաբայանը: Վ. Բադալյանը խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ: Ներկայացրել էր իր կարծիքը, թե Սաքունցի ու Զալյանի դիմումն անհիմն է ու ենթակա է մերժման, որովհետև ՀՀ գլխավոր դատախազության և ՀՔԾ կողմից Հեղինե Պետրոսյանի իրավունքների խախտում թույլ չի տրվել:
Ներկայացվել էր ՀՔԾ-ի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
Արթուր Սաքունցը համոզված է, որ կարճված գործերով պարզաբանված չեն Հայկ Մովսիսյանի ինքնասպանության հանգամանքները:
Հայկը կախվել է կալանավորական ութերորդ խցի ճաղավանդակից, սավանի միջոցով: Խցի ներսը նայող հսկիչը 6-7 րոպե ընդմիջումներով խցի ներսն է նայել: Ստացվում է, որ մի նայելուց հետո, յոթ րոպեի ընթացքում Հայկը հասցրել է կախել ինքն իրեն և հաջորդ նայելու ժամանակ հսկիչն արդեն Հայկին տեսել է կախված: Հսկիչի մոտ խցի բանալին չի եղել: Նա գոռգոռացել է, որ գիշերային քունը վայելող մյուս յոթ կալանավորներն արթնանան, փորձեն օգնել Հայկին, մինչև ինքը գա: Հսկիչը վազել է բանալու հետևից, բանալիով հետ է եկել, խցի դուռը բացել, տեսել, որ երեք կալանավոր փորձում են իջեցնել Հայկին…
Հայկի մայրն ասել է, թե որդին վախեցել է փակ տարածությունում մնալուց: Դա էլ էր հիվանդության արտահայտություններից…
Հայկի բազուկներին վնասվածքներ են եղել՝ ըստ Սաքունցի: Այդ վնասվածքներն արձանագրվել են երկրորդ դատաբժշկական փորձաքննությամբ, որ կատարվել է Հայկի մոր պահանջով, առաջին փորձաքննությունից երեք օր անց:
Յոթ քնած կալանավոր խցակիցների, միջանցքից 6-7 րոպեն մեկ խցի ներսը նայող հսկիչների ներկայությամբ Հայկը հաջողացրել է իրեն այնպես կախել ու այնպես մահանալ, որ ոչ ոք ոչինչ չի տեսել ու չի լսել… Կարևորն այն է, որ հարուցված քրեական գործով պարզվել է, թե Հայկին ոչ ոք չի նեղացրել, չի նվաստացրել, նրան չի ստիպել կամ չի հակել ինքնասպանություն գործելուն: Մեղավոր չկա, չկա և քրեական գործ: Հին, փորձարկված մոտեցում…
Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Սաքունցն ու Զալյանը ծանոթանան գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի ներկայացրած որոշումներին:
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:
Աղբյուրը՝ www.1in.am