Վանո Եղիազարյանի երկրորդ հայցն ընդդեմ Կամսար Թամարյանի
00:00, September 23, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Լեռնապատ գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի` կրկին անգամ իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Դատական նիստը վարում էր դատավոր Նարինե Ավետիսյանը, նիստին մասնակցում էր հայցվոր Վանո Եղիազարյանը, պատասխանող Կամսար Թամարյանը եւ պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Հայցվոր Վանո Եղիազարյանն արդեն երկրորդ անգամ է իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում ներկայացնում ընդդեմ Կամսար Թամարյանի:
Այս անգամ Վանո Եղիազարյանի կողմից հայցադիմում ներկայացնելու առիթ է հանդիսացել Կամսար Թամարյանի կողմից 2011 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետին ուղղված դիմումը:
Ըստ հայցվորի՝ պատասխանողը վարչապետին հասցեագրված դիմումում «հանցագործ» է անվանել իրեն, որն իր կարծիքով վիրավորանք և զրպարտություն է հանդիսանում, Դիմումի մեջ նշված՝ «Իշխանությունների հովանավորությամբ գյուղապետը շարունակեց պաշտոնավարել, թաքցրեց ու վերացրեց իր շատ հանցանքների հետքերը, փոխել տվեց շատերի ցուցմունքները», «Կեղծ մեղադրանքներով ու իբր զրպարտության համար դատական գործեր է հարուցել ընդդիմադիրների դեմ», «Ինձ ընդհանրապես արգելում է անասուններին արոտ հանել ու տարածք չի հատկացնում», «Գյուղապետը հաստատեց, բայց մի քանի օրից պատռված պայմանագիրը ուղարկեց ինձ` հայտարարելով, որ իմ անասունները գյուղի տարածքում չեն արածելու: Ինքը դա թույլ չի տա», «Ապօրինի կերպով փոխեց գյուղի հողերի կադաստրային կարգերը, հարկաչափերը, գազաֆիկացման համար կազմակերպեց ապօրինի դրամահավաք, թույլատրեց ապօրինի հանքօգտագործում, կառավարության տրամադրած 10մլն դրամով իբր տեղադրեց էլեկտրական տրանսֆորմատոր, որն այդպես էլ չաշխատեց ու մեր էլեկտրական սարքավորումները անընդհատ վառվում ու փչանում են, իսկ գումարները գրպանվեցին» արտահայտություններն ըստ հայցվորի ակնհայտ զրպարտություն են, որով արատավորվում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում է իրեն վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել իրենից և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանող Կամսար Թամարյանից բռնագանձել 2.000.000 դրամ և դատական ծախսերը:
Դատական նիստի ընթացքում Է. Մարուքյանը ներկայացրեց հայցադիմումի պատասխանը, իսկ Վ. Եղիազարյանը ներկայացրեց հայցադիմումի պատասխանի վերաբերյալ առարկություններ:
Նիստի ընթացքում դատավոր Նարինե Ավետիսյանը գույքային դրության վերաբերյալ հարց ուղղեց Կամսար Թամարյանին, ճշտելու համար, թե ինչ սեփականություն ունի արդյոք պատասխանողը: Պատասխանողի ներկայացուցիչը առարկեց՝ նշելով, որ նմանատիպ հարցերը որևէ կերպ չեն առնչվում վեճի առարկայի հետ:
Այսպիսով, կարելի է դատավորի հարցերից ենթադրել, որ Կամսար Թամարյանից գումար բռնագանձելու հարցը որոշված է և մնում է միայն որոշել, թե ինչքան:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2011 թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Լեռնապատ համայնքի ղեկավարի հայցն ընդդեմ Կամսար Թամարյանի: Դատարանը վիրավորանք հասցնելու համար Կամսար Թամարյանին պարտավորեցրել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ժամանակ» օրաթերթի միջոցով և հօգուտ Վանո Եղիազարյանի բռնագանձել 300.000 դրամ, իսկ զրպարտության համար պարտավորեցրել էր նույն օրաթերթի միջոցով հերքել դատարանի կողմից զրպարտություն համարվող տվյալները և հօգուտ համայնքի ղեկավարի բռնագանձել 100.000 դրամ: Ըստ դատարանի որոշման՝ Կամսար Թամարյանը պետք է նաև վճարեր 16.000 դրամ՝ որպես հայցորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: