«Սա Ղարաբաղի հարց չի, սա իրավական հարց է». Էդմոն Մարուքյան
00:00, September 15, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունՓաստաբանների պալատը խորհրդի նիստում քննարկել է և փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ Շուշիի քննչական մեկուսարանի ոստիկանի կողմից կիրառված բռնության փաստի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է ուղարկել ՀՀ և ԼՂՀ Գլխավոր դատախազություններին։
Այս մասին www.hra.am-ին փոխանցեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը չի հրապարակվել ԼՂՀ շահերից ելնելով։
Խորհրդի նիստին ներկա է եղել նաև Էդմոն Մարուքյանը, ով չի ընդունում, որ փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու միջադեպի մասին հայտարարությունը վնաս է հասցնում ԼՂՀ-ին։ «Սա Ղարաբաղի հարց չի, սա իրավական հարց է»,- ասում է փաստաբանը։ Նա նշում է, որ իր գնահատմամբ՝ Փաստաբանների պալատը որևէ հրապարակային գործողություն չարեց իր անդամին պաշտպանելու համար, թեև ինքը դրա կարիքը չունի։
«Ավելին ասեմ, Պալատի ուղարկած հայտարարությունից հետո եմ ես ստացել ԼՂՀ Դատախազության կողմից ուղարկված գրությունը, որտեղ ինձ սպառնում էին ցուցմունք տալու համար հարկադրաբար բերման ենթարկել։ Ուստի գնահատումը ձեզ եմ թողնում, թե որքանով է Պալատի հայտարարությունն ազդեցություն թողել»,- www.hra.am-ին ասաց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում կայացած արտագնա դատական նիստի ժամանակ Էդմոն Մարուքյանի պաշտպանյալը՝ Մանվել Հազրոյանը, ցմահ ազատազրկման վճիռը լսելուց հետո հանքային ջրի պոլիէթիլենային շիշը նետել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի վրա։ Դատական կարգադրիչի գործառույթներն իրականացնող ոստիկանները, որոնք եղել են ԼՂՀ Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներ, ձեռնաշղթաներ են հագցրել Հազրոյանին, նիստին մասնակցող լրագրողներին և տղայի հարազատներին դուրս հանել նիստերի դահլիճից և դատավորի ու պաշտպան Էդմոն Մարուքյանի ներկայությամբ հարվածել ու ծեծել են Հազրոյանին, քաշքել պաշտպանին՝ գոռալով նրա վրա և փորձելով դուրս հանել նիստերի դահլիճից։ Ավելի ուշ տղային ծեծելով նստեցրել են մեքենան և տեղափոխել մեկուսարան։
ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քաղաքացի Հազրոյանի դեմ և նրա պաշտպան Էդմոն Մարուքյանին հրավիրել Ստեփանակերտ ցուցմունք տալու, այլապես սպառնացել է «բերման ենթարկել հարկադրաբար»։Մարուքյանի ներկայացրած հաղորդումները՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն կիրառելու, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ, մնացել են անհետևանք։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am