ՊՆ-ն իր առջև նպատակ է դրել բանակում թվաքանակ ապահովելու. Ա.Սաքունց
00:00, September 14, 2011 | Քննարկումներ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելումՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկման շրջանակներում խոսեց բանակում մարդու իրավունքների ապահովման և կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:
Սաքունցը նկատեց, որ մարդու իրավունքները բանակում խախտվում են` սկսած զորակոչից, այնուհետև բուն ծառայության ժամանակ և անգամ զորացրումից հետո: Սաքունցը նկատեց, որ այսօր պաշտպանության նախարարությունն իր առջև նպատակ է դրել բանակում թվաքանակ ապահովելու. «Այսօր ծրագիր կա ամեն գնով ապահովել մարդաքանակը, ոչ թե լիարժեք ծառայության ապահովման հարցն է դրված: Այստեղ մենք լուրջ մտահոգվելու պատճառ ունենք և պարզ է, որ ի սկզանե հենց զորակոչի ժամանակ մարդու իրավունքների ապահովման բացակայություն կա»:
Արթուր Սաքունցը նշեց, որ գրված իրավական նորմերը որևէ նշանակություն չունեն և չեն գործում բանակում, ինչի պատճառով էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գտնում են, որ գերագույն հրամանատարը ոչ թե պետք է հայտարարի, թե ինչ պետք է արվի, այլ թե ինչ է արվել:
Սաքունցը նշեց, որ բանակում մահացության դեպքերի վերաբերյալ իրենք չեն կարողանում ստանալ հստակ տեղեկատվություն, թե ինչքանով է քննությունն օբյեկտիվ: Նրա խոսքերով` այսօր թե՛ մեղադրող, թե՛ տուժող կողմերը բողոքում են նախաքննության ընթացքից:
Բանակում կոռուպցիոն երևույթների մասին խոսելով` Սաքունցը նշեց, որ կոռուպցիոն երևույթները պաշոնական դիրքի չարաշահման պատճառով են լինում:
Արթուր Սաքունցը նաև առաջարկեց օր առաջ ստեղծել զինվորական օմբուդսմենի հաստիք. «Արդեն օրախնդիր է այդ հարցը, դա պետք է լինի լուրջ կառույց և աշխատի քաղաքացիական կազմակերպությունների վերահսկողության տակ»: